Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱԶԸ ԲԱՑՎԻ, ԱՐԱԶԻՑ ՁՈՒԿ ԲՌՆԵՆՔ»

Նոյեմբեր 11,2009 00:00 Share

Երազում են մարգարացիք, բայց եւ համոզված են՝ «Էս սահմանը երբեք չի բացվի»

\"\"\"\"

«Մեր այգին, մեր խաղողի այգին հենց Արազի բերանին էր, մամաս մենակ էր այդ այգին պահում: Ասում էի՝ «մամա, բա դու չե՞ս վախենում թուրքերից, ասում էր՝ չէ, բալա ջան, թուրքերն էն կողմն են, այստեղ «զաբոր» կա, գիծ կա»,- բացատրում էր մանկավարժ, այժմ թոշակառու տիկին Լուսինեն, ով իր Մամիկոն ամուսնու հետ իրենց այգում օղի էր թորում: Ինձ էլ որոշեցին հյուրասիրել օղիով եւ խաղողով: Սրտաբաց մարդիկ էին, եւ թեկուզ միայն նրանց հետ ծանոթանալու համար արժեր հասնել Մարգարա: Ասացի, որ իրենց համագյուղացիներից շատերը դեմ են, ասում են՝ լավ չի լինի, թուրքերը կգան իրենց աղջիկներին կտանեն: Ի պատասխան՝ տիկին Լուսիկն ասաց. «Դու էլ ասեիր՝ ձեր աղջկերքին տանողները հիմա էլ են տանում: Սխա՞լ եմ ասում, էթացողն իրա տան մեջն էլ է էթում: Ճանապարհը կբացվի, ժողովրդի կենցաղը կլավանա»,- հարցը փակված համարեց մանկավարժը, բայց եւ ավելացրեց. «Չնայած թուրք բառը բառարանով նշանակում է վատ մարդ, բայց մենք թուրքերի հետ ի՞նչ գործ ունենք,  Արազը բացվի, Արազից ձուկ բռնենք»:

\"\"
Գուրգեն Հարությունյանը (ձախից)
ներկայացավ որպես «Սովետական Միության զինվոր, կոմունիստ». «Միանգամայն դեմ եմ սահմանի բացմանը, որովհետեւ թուրքերը լցվեցին Հայաստան՝ կդառնան ձեռնարկատեր, կառնեն բոլոր ձեռնարկությունները, հայերը կզրկվեն, կամաց-կամաց կարտաքսվեն»: Նրա ընկերը՝ Վանուշ Վարդանյանը, կողմ է սահմանի բացմանը. «Բայց մեր վաղեմի թշնամուն այսքան խնդրել պետք չի, մեր թշնամու լեզուն բացում ենք մեր դեմ, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել, Թուրքիան չի համաձայնի սահմանը բացելուն, դրան գումարած՝ Թուրքիան երբեք ցեղասպանություն չի ճանաչի, եթե ճանաչեց, Թուրքիան էդ տարածքը պետք է ետ տա, էդ տարածքը մերն է, պետք է ետ տա»:

\"\"
Խազար անունով այս տատի տունը
հենց ուղեկալի մոտ է: Ամեն օր նստած է այսպես եւ սպասում է, որ սահմանը բացվի. «Կեսուրիս ոսկիները մնացել են էնտեղ, Իգդիր է մնացել: Փոսը փորել են, ինչ կա-չկա լցրել են մեջը, փախել են»,- ձեռքով ցույց է տալիս ուղեկալից այն կողմ. «Սահմանը բացվի, գնալու եմ բերեմ, լցնեմ տունս»:

Հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման օրվանից մինչ այսօր տարբեր բաներ էի լսել Հայաստան-Թուրքիա սահմանի՝ Մարգարայի հատվածի մասին, եւ որպեսզի զերծ մնամ տարբեր տեսակի ասեկոսեների ազդեցություններից, որոշեցի վեր կենալ, նստել ավտոբուս եւ գնալ այնտեղ, որտեղից սկսվում է մեր փշալարված հայրենիքը, եւ տեղում տեսնել, թե ինչ են մտածում այն մարդիկ, ում վրա անմիջականորեն է ազդելու սահմանի բացումը: Եվ որպեսզի նկարագրությունս զերծ լինի ավելորդ էմոցիաներից, որոշեցի ինքս ինձ ներշնչել, որ ես ոչ թե հայ, այլ, ասենք, ֆրանսիացի կամ ամերիկացի լրագրող եմ, որը եկել է Հայաստան եւ որոշել է հայ-թուրքական փակ սահմանից ռեպորտաժ անել:
Նախ, քաղաքում իմ ծանոթները չգիտեին, թե որտեղի՞ց է մեկնում Մարգարայի ավտոբուսը: Որպես կազմակերպված երկրի քաղաքացի՝ ենթադրեցի, որ այն պետք է մեկնի կենտրոնական ավտոկայարանից: Տաքսի նստեցի եւ հասա ավտոկայարան: Այստեղից ինձ ուղարկեցին Մաշտոց-Սարյան խաչմերուկ: Ավտոբուսի վրա գրված էր՝ «Երեւան-Էջմիածին-Մարգարա» 215: Վերջին 15-ը ցեղասպանության թվի հետ կապ չունի, ավտոբուսի համարն է: Ես այդտեղ էի հասել ժամը 11.30-ի սահմաններում, ավտոբուսը պետք է շարժվեր ըստ ժամանակացույցի, իսկ դա նշանակում էր՝ մինչեւ ժամը 13-ը ես պատանդ էի մնալու ավտոբուսում: Հենց առաջին պահից քթիս խփեց այն գաղջ օդը, որը տիրում էր այդ մեքենայի մեջ: Դատարկ ավտոբուսում այնպիսի օդ էր, որ կարծես այստեղ էին հավաքվել մարդիկ, ովքեր վերջին վեց ամսում ջրի երես չէին տեսել: Նստարանները կեղտոտ էին, երեւի վերջին 20 տարում այդ պաստառները չէին լվացվել: Մի խոսքով, ամեն ինչից զգացվում էր, որ դեպի սահման մեր ուղին լինելու էր ծանր ու դժվարին: Կամաց-կամաց ավտոբուսը լցվում էր մարդկանցով: Վարորդի օգնականը մի թուղթ փակցրեց, որն ազդարարում էր, որ նոյեմբերի 16-ից գործելու է նոր երթուղի՝ ուսանողական, Մարգարայից՝ առավոտյան ժամը 7-ն անց 10-ին, Երեւանից՝ ժամը 15.00-ին: Ուղեվարձը 350 դրամ է:
Ավտոբուսը շարժվեց ուղիղ ժամը 13.00-ին: Ճանապարհը մինչեւ Էջմիածին ծանոթ էր եւ առանձնապես զննելու բան չկար, Էջմիածնում արդեն բոլոր նստելատեղերով զբաղեցված ավտոբուսը լցվեց նոր ուղեւորներով, եւ բոլորն էլ մնացին ոտքի վրա: Նստելու տեղ չկար: Օդն ավելի ծանրացավ: Ես՝ որպես «ֆրանսիացի», այդ մթնոլորտում ուղղակի հուսահատվել էի, քիթ բռնելը վիրավորական կլիներ իմ նոր շրջապատի համար, մյուս կողմից էլ՝ դրությունս նախանձելի չէր: Հասկանում էի, որ ճիշտը ուղղակի ճանապարհը չշարունակելն է: Ի՞նչն էր ինձ խանգարում իջնել ավտոբուսից, նստել մի մեքենա եւ գնալ դեպի Մարգարա: Բայց ինքս էի խմբագրիս առաջարկել Մարգարա հասնել շարքային քաղաքացու պես, հասարակական տրանսպորտով, մարդկանց ապրումներն ու կարծիքն առավել մոտիկից տեսնելու եւ հասկանալու համար: Նաեւ՝ պարզելու, թե կոնկրետ ովքեր են պահում երկրի սահմանը: Երեւանից Մարգարա ավտոբուսը հասավ 1 ժամ 20 րոպեում: Այդ ընթացքում անմիջականորեն շփվեցի այն մարդկանց հետ, ովքեր պահում են երկրի սահմանը: Իսկ այդ մարդիկ պարզ, աղմկոտ, հոգնած, ծաղկավոր գլխաշորերով, ծանր տոպրակներով, տնավարի ներկված աչքերով ջահել աղջիկներ, մարզահագուստներով տղաներ, հոգնած կանայք, տատիկներ եւ անթրաշ տղամարդիկ էին: Ճանապարհի երկու կողմերում մխիթարական ոչինչ չկար: Երեւի աշունն էր մեղավոր այդ համատարած չորության մեջ: Մի տեսակ փնթի բան կար բնության այդ ամբողջ անմշակության մեջ: Տխուր տեսարան էր, տները անշուք էին, չկային մայրաքաղաքացուն ծանոթ օլիգարխա-մեծահարուստական ճոխությունները, ամեն ինչ չորուցամաք էր, անասելի հին եւ մաշված: Անտերություն կար ամեն ինչում: Երեւի բարձրաձայն մտածեցի, քանի որ կողքիս նստած կինն ինձ դիտողություն արեց. «Էս աշխարհում ոչ մի բան անտեր չէ, ամեն ինչի տերը վերեւում է, Աստված է տերը»: Դեպի սահման ճանապարհի միակ բարեկարգ մասը Արազափ գյուղ տանող հատվածն է, որը շարունակվում է դեպի Արմավիր: Ճանապարհն այս տարվա ընթացքում են նորոգել, որի շնորհիվ կրճատվել է դեպի մարզկենտրոն տանող ուղին: Առաջվա մեկուկես ժամվա փոխարեն այժմ հասնում են մոտ 20 րոպեում:
Մարգարայի ավտոբուսի վերջին կանգառը գյուղապետարանն է: Կողքին՝ փոստը: Գյուղացիների ասելով, իրենց գյուղի փոստից մինչեւ Իգդիրի փոստ ուղիղ 17 կիլոմետր է: Ըստ այլ կարծիքների՝ Մարգարայից մինչեւ Իգդիր 30 կիլոմետր է: Մարգարայի գյուղապետը, ինչպես բոլոր գյուղերում, տեղում չէր, գնացել էր Արմավիր: Գյուղապետարանի աշխատակիցները սիրալիր էին եւ ինձ համոզում էին, որ չարժե գյուղում շրջել. «Եթե ձեզ բռնեն ու տանեն, մենք ձեզ համար պատասխանատու չենք»: Իսկ «կբռնեին», եթե փորձեի սահմանն անցնել կամ գնալ դեպի սահմանապահները, կամ կտրեի փշալարերը, որոնց այդպես էլ չկարողացա հասնել: «Մեջքով դեպի փշալարերը՝ նկարիր ինչքան կուզես, բայց մեջքով դեպի գյուղը՝ իրավունք չունես»,- բացատրեցին: Ասացին, որ ես վերջին լրագրողն եմ, որ եկել եմ գյուղ: Այս տարի ապրիլի 24-ից հետո, ինչպես նաեւ հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո, Մարգարան ուղղակի ողողվել է թուրք լրագրողներով: Գյուղապետարանում պատմեցին, որ թուրքերն ամենայն մանրամասնությամբ նկարել են գյուղը, հետո հաղորդումներ են եթեր գնացել, անգամ իրենց գյուղի կոտրված էլեկտրասյան մասին մերոնք իմացել են թուրքերի ռեպորտաժից եւ դեռ դիտողություն են արել՝ եթե կոտրված էր, ինչո՞ւ չէիք ասում՝ փոխենք, ամոթ չի՞, թուրքերը նկարել են: Իբր միայն այդ մեկ թերությունն ունեին, մնացածն «օ-քեյ» էր: Գյուղապետարանի աշխատակիցներն ասացին, որ իրենք իրենց ոչ տնամերձները եւ ոչ էլ սեփականաշնորհված հողերը չեն պատրաստվում վաճառել: Իսկ եթե վաճառել՝ ապա միայն համասեփականատիրական հիմունքներով. «Մի մեծահարուստ ուզում է իմ հողը գնել, ես չեմ վաճառում, ասում եմ՝ արի «արենդայով» վերցրու եւ համատեղ գործ դնենք, ինչո՞ւ մեկը գա իմ գյուղում գործ դնի, հարստանա, ես աքսորվե՞մ»,- բացատրեց գյուղապետարանի իմ ծանոթը:
Վերջին ամիսներին աշխարհի տարբեր լրատվամիջոցներ մարգարացիներին հանգիստ չեն տվել. «Էլ CNN-ն էր այստեղ, էլ BBC-ն, էլ թուրքական լրագրողներ, այստեղից դուրս չէին գալիս»,- ասում էին մարգարացիները: Անգամ լրագրողներից երկուսին սահմանապահները երկու օր պահել են, քանի որ սահմանին մոտենալու եւ նկարելու համապատասխան թույլտվություն չեն ունեցել: Համայնքային իշխանության ներկայացուցչի կարծիքը սա է. «Անկախ նրանից՝ կբացվի՞ սահմանը, չի՞ բացվի, մենք մնում ենք հայ մարդ, պետք է մեր գործը անենք՝ չսպասենք սահմանը բացվում է, թե չէ»: Գյուղի հիմնական հողակտորները գտնվում են սահմանին անմիջապես կպած, մարդիկ հատուկ անցաթղթեր ունեն սահմանի մոտ հողագործական աշխատանքներ կատարելու համար: Թեպետ գյուղապետարանում պաշտոնապես ասացին, որ «հըլը հողեր չեն ծախվել», սակայն, գյուղացիների ասելով, լավ էլ ծախվել են, բայց՝ ոչ ամբողջությամբ: Մարգարացիների մեծ մասը պատրաստ է հենց հիմա էլ վաճառել՝ թեկուզ ամբողջ գյուղը: Իմ այցի ընթացքում որոշ մարդիկ ուղղակի հարցնում էին. «Էս տունը իր հողակտորով, ամեն ինչով վաճառում եմ: Ի՞նչ կտաս, հենց հիմա կծախեմ»: «Գնի» հարցում չպայմանավորվեցինք, քանի որ մոտավորապես մ.թ.ա. կարգավիճակում գտնվող տունը իր տնամերձով մի 10-15 ոտնաչափ հազիվ լիներ, բայց ուզած գինը գին էր՝ $100 հազար: Գյուղը ջուր չունի, հատուկ պոմպով են ջուր տալիս, եւ ջրի եկած կանայք իրենց կարծիքն ասացին. «Մենք ի՞նչ իմանանք, ուզում է՝ բացվի, ուզում է՝ չբացվի, կարող է շատ լավ լինի, կարող է շատ վատ լինի: Առեւտրի մեջ կլինենք, բայց ի՞նչ իմանաս՝ մեզ հերթ կհասնի՞, թե մենք էլի հետին պլան կմնանք, եւ էլի ուրիշները կհարստանան»: Ըստ գյուղացիների. «Ֆուտբոլը պրծավ, էլ ոչ խոսակցություն կա, ոչ բան, սահմանը բացելու ձենը կտրվավ»: Ասացին նաեւ. «Ճանապարհի վրա տնամերձներն առնում են: Առաջ էժան-էժան առան, հիմա չենք ծախում, մեր ուզած գինն ենք ասում, կտան՝ կծախենք»: Հարցին՝ կոնկրետ ովքե՞ր են առնում, Երեւանի՞ց են գալիս, թե՞ տեղական հարուստներն են առնում, այսպես պատասխանեցին. «Ընենց մարդիկ են, որ ոչ տեսել ենք, ոչ էլ լսել, բայց առնում են: Էն օրը տնամերձը, 1500 մետրը, առել են $20 հազարով, բայց հիմա ավելի թանկացել է, ճանապարհի վրա ավելի թանկ է: Տուն կա, հենց հիմա $80 հազար տալիս են՝ չենք տալիս»: Իմ միամիտ հարցին՝ բա մարդ էլ իր տունը կծախի՞, գյուղի կանայք ծիծաղեցին. «Հիմա որ ձեր տանը լավ գին տան, չե՞ք ծախի»: Գյուղում այս պահին 1500 մարդ է ապրում, գործում է մեկ դպրոց՝ 230 աշակերտով, չկա աշխատանք՝ հողագործությունից բացի:
Մարգարա գյուղը Թուրքիայի հետ հայկական պետության սահմանային կետերից մեկն է: Երեւանից ամեն օր երեք անգամ նույն ավտոբուսն է մեկնում: Գյուղից վերջին ավտոբուսը Երեւան է վերադառնում ժամը 18-ին: Եթե գյուղ այցելած մարդն իր գործերն ավարտել է ավելի վաղ, ստիպված է սպասել ավտոբուսի ժամին կամ օգտվել գյուղի միակ տաքսիից: Վարորդը գյուղի բնակիչ է, որը եթե մեկ ուրիշ պատվերով մեկնել է, ապա այցելուին այլ բան չի մնում, քան գյուղից Էջմիածին ոտքով հասնելը: Եվ եթե բախտը բերի ու պատահական մեքենա հայտնվի, ապա անձրեւի տակ չի ընկնի կամ շները վրա չեն տա: Այդպես պատահեց ինձ հետ, եւ մայրուղու վրա իբր պատահաբար հայտնված մի մեքենա ինձ հասցրեց Էջմիածին: Ասում եմ՝ իբր, քանի որ գյուղում իմ «զբոսանքի» ողջ ընթացքում այդ մեքենան կարծես բանուգործը թողած պտտվում էր գյուղի դատարկ փողոցներում եւ ամեն անգամ հայտնվում էր հենց այնտեղ, որտեղ լրագրողն էր աշխատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել