Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

Մարտ 02,2010 00:00

\"\"Տիգրան Թորոսյանն այժմ էլ է համարում, թե ՀՀ նախագահի հրամանագիրը տեղին էր: Իսկ Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է այդ հրամանագրի վիճարկումը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը գումարված հատուկ նիստում ԱԺ-ն հավանություն տվեց ՀՀ նախագահի հրամանագրին՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Խորհրդարանի հայտարարության մեջ, որին կողմ էին քվեարկել 81 պատգամավորներ՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը համարվել էր «անհրաժեշտ եւ իրավաչափ»: Այդ նիստի սղագրության զուսպ տողերն անգամ արտացոլում են խորհրդարանում այդ օրը տիրող սարսափելի մթնոլորտը, երբ իշխող մեծամասնության ներկայացուցիչներից շատերն իրենց պարտքն էին համարում հարձակվել ընդդիմադիր «Ժառանգության» փոքրաթիվ ներկայացուցիչների վրա, աղմուկով ընդհատել նրանց ելույթները, երբ ՀՀԿ-ականների ելույթներում հնչում էին «Transparency»-ի եւ նման հ/կ-ների հետեւից երեւացող «պոչերի եւ ականջների» մասին ակնարկներ եւ որոշ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին «պերսոնա նոն գրատա կարգավիճակ» տալու անհրաժեշտության մասին պնդումներ եւ այլն:
Սակայն անգամ այդպես տրամադրված եւ միահամուռ կողմ քվեարկած կոալիցիոն պատգամավորների հարցադրումներում զգացվում են որոշ վերապահ երանգներ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի առնչությամբ: Ասենք, Ռաֆիկ Պետրոսյանը հրամանագիրը զեկուցած արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարց էր ուղղել, թե արդյոք ՀՀ նախագահի հրամանագիրը «լրիվ չափով բխո՞ւմ է» միջազգային իրավական փաստաթղթերից: Սամվել Նիկոյանը հետաքրքրվել էր. «ԶԼՄ-ների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումներ կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Սա վերաբերում է միայն Երեւա՞ն քաղաքի լրատվության միջոցներին, թե՞ ամբողջ հանրապետության, որովհետեւ արտակարգ դրությունը հայտարարվում է Երեւան քաղաքում»: Ու թեեւ Գեւորգ Դանիելյանը պատասխանել էր. «Բնականաբար, բոլոր այն սահմանափակումները, որոնք նախատեսված են այս հրամանագրով՝ վերաբերում են միայն Երեւան քաղաքին», հիշեցնենք, որ մասնավորապես ԶԼՄ-ների գրաքննություն իրականացվեց ամբողջ հանրապետությունում: Հերմինե Նաղդալյանը հարցրել էր. «Ժամանակավոր սահմանափակումները վերաբերում են մի շարք կարեւորագույն սահմանադրական իրավունքներին՝ ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի, գործադուլների, անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի, լրատվության միջոցների կողմից հրապարակումների, քաղաքական քարոզչության եւ այլն։ Սրանք Սահմանադրությամբ սահմանված հիմնարար քաղաքական իրավունքներ են անձի եւ քաղաքացու։ ՀՀ նախագահը հրամանագրով սահմանափակում է քաղաքացու սահմանադրական իրավունքները։ Սա իրավաչա՞փ է»: Արդարադատության նախարարն էլ պարզաբանել էր, թե Սահմանադրությունն արտակարգ դրության ժամանակ ՀՀ նախագահին հնարավորություն ընձեռում է իրականացնել նման սահմանափակումներ՝ բացառությամբ Սահմանադրության 15-րդ, 17-22-րդ եւ 42-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների ու ազատությունների: Եվ չնայած դրանք որեւէ դեպքում, այդ թվում՝ ռազմական եւ արտակարգ դրության, սահմանափակվել չեն կարող, 2008 թ. մարտի 1-21-ը տեւած արտակարգ դրության ընթացքում ոտնահարվեցին նաեւ այդ հոդվածներով սահմանված իրավունքները, մասնավորապես՝ խախտվեց սեփական ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ օգտագործվեցին եւ այլն:
Այդ ժամանակ ԱԺ նախագահն էր Տիգրան Թորոսյանը, որն իր ելույթում ազդարարեց. «Ես կարծում եմ, ՀՀ նախագահի հրամանագիրը միանգամայն տեղին է։ Խորհրդարանը նույնպես պատասխանատվություն կրելով երկրի ե՛ւ իրավիճակի, ե՛ւ ապագայի համար՝ պիտի անպայման իր վերաբերմունքով աջակցություն հայտնի այս հրամանագրին»:
2 տարիների հեռվից արդեն պարզ է, որ այդ հրամանագիրը վերածվեց քաղաքական ընդդիմության գործունեության կասեցման եւ տոտալ գրաքննության միջոցի, երբ իշխանամետ ԶԼՄ-ների համար չէր գործում հրամանագրի՝ հրապարակումները «բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում» իրականացնելու պահանջը, իսկ մնացածները՝ այդ թվում նաեւ ինտերնետային անկախ աղբյուրները, փաստացի արգելվեցին: Եվ այս փաստարկները նշելով՝ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե այժմ է՞լ կպնդի, որ այդ հրամանագիրը տեղին էր: «Նախ՝ կարծում եմ, մի բան է փաստաթղթի ընդունումը կամ հրամանագրի հրապարակումը, մեկ այլ բան՝ դրա կիրառումը: Նման բազմաթիվ դեպքեր ունենք օրենքների հետ կապված, երբ ընդունվում է անհրաժեշտ օրենք, բայց կիրառվում է ոչ ըստ օրենքի ոգուն եւ տառին համաձայն,- պատասխանեց պրն Թորոսյանը:- Ինչո՞ւ եմ համոզված այսօր էլ, որ այո՛, հրամանագիրը տեղին էր, որովհետեւ երբ քաղաքում զոհվում են մարդիկ, եւ բախումներ են տեղի ունենում՝ արագորեն պետք է իրավիճակը կարգավորել: Եվ այդ առումով, իհարկե, հրամանագիրը տեղին էր: Բայց բոլորովին այլ խնդիր է, թե ինչպե՛ս պիտի այն կիրառվեր եւ ինչքա՛ն ժամանակով»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեռ 2008 թվականի մարտին՝ հենց արտակարգ դրության պայմաններում էր դիմել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով մասնավորապես ԶԼՄ-ների եւ հավաքների ազատության վերաբերյալ կիրառված սահմանափակումները. «Բայց վարչական դատարանը մեր դիմումը վարույթ չընդունեց: Իհարկե, մենք բողոքարկեցինք, բայց ապարդյուն: Այլեւս չշարունակեցինք՝ չդիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ այդ դեպքում դիմողը պետք է լինեին որոշակի կողմերը՝ մարդիկ, ովքեր այդ հրամանագրի զոհ էին դարձել՝ օրինակ, լրատվամիջոցները»:
Զարուհի Փոստանջյանը մեզ հայտնեց, որ այժմ մի նոր հաղորդում է պատրաստում հանցագործության մասին, որտեղ մտադիր է վերստին անդրադառնալ 2 տարի առաջ իրականացված խախտումներին՝ բանակի օգտագործմանը, արտակարգ դրության ռեժիմի ապահովումը նաեւ պաշտպանության նախարարությանը վերապահմանը, նաեւ արտակարգ դրության պայմաններում Սահմանադրական դատարանի որոշմանը: Ի դեպ, հիշեցնենք, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ԱԺ-ում մարտի 1-ին հայտարարել էր, թե արտակարգ դրության ռեժիմը որեւէ կերպ չի խանգարում ՍԴ-ում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկմանը. «Ես կասեի ավելին՝ ընդհակառակը նպաստում է, որպեսզի ՍԴ-ում դատավարական գործընթացներն անկաշկանդ տեղի ունենան, զերծ ամեն տեսակի ճնշումներից, ինչն անթույլատրելի է։ Իսկ ինչ վերաբերում է հետդատավարական գործընթացներին, առավել եւս այստեղ որեւէ խոչընդոտ չի նախատեսում այս հրամանագիրը»:
Զարուհի Փոստանջյանը մեզ հայտնեց, որ այս անգամ իրենց բողոքն անպայման հասցնելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել