Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏԵՆՈ՞ՒՄ Է

Մարտ 03,2010 00:00 Share

Կամ՝ հայ-թուրքական երկխոսության ողջ պերճանքն ու թշվառությունը

\"\"Վերջապես տեղի ունեցավ այն, ինչը, ըստ միջազգային հարաբերությունների տրամաբանության, տեղի պիտի ունենար հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը հաջորդած շաբաթներին. փաստաթղթերը հայտնվեցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Չափավոր զգուշությամբ նախ Սերժ Սարգսյանը, ապա իշխող՝ ՀՀԿ-ի «հենասյուներից» Ս. Նիկոյանն ու Ռ. Պետրոսյանը, հրաժարվելով ամիսներ շարունակ թմբկահարվող նախապայմանից (առաջինը պետք է վավերացնի Թուրքիայի Ազգային մեծ ժողովը), սկսեցին ակնարկներ անել առ այն, որ դա բոլորովին պարտադիր չէ եւ առաջին քայլը կարող է անել «գործընթացը նախաձեռնող» Հայաստանը: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ արձանագրությունները մեր կողմից վավերացվելու են մոտ ժամանակներս, ընդ որում՝ առանց վերապահումների: Ծրագրված օրենսդրական փոփոխությունները եւ ՍԴ հայտնի որոշման մեջ տեղ գտած եւ անտեղի աղմուկ հանած վերապահումները իրականում վարչակարգի անվստահության եւ նահանջի տեղ թողնելու անպտուղ փորձերի վկայությունն են:

Անշուշտ, Ազգային ժողովում կլինի բուռն քննարկումների, սուր քննադատության իմիտացիա՝ համեմված հայրենասիրական ճառերով, սակայն, ի վերջո, կոճակները սեղմվելու են հօգուտ արձանագրությունների վավերացման, ինչպես երաշխավորել էր Ս. Սարգսյանն իր լոնդոնյան ելույթում: Ուշագրավ է այն փաստը, որ սույն քայլը կատարվեց Ա. Գյուլի պատասխան ուղերձից հետո, որտեղ Թուրքիայի ղեկավարը հորդորում էր հավատարիմ մնալ նախնական պայմանավորվածությանը: Այստեղ բնական մի հարց է ծագում. հանուն ինչի՞ բեմադրվեց այս ամբողջ ներկայացումը՝ «առաջինը թուրքերը պիտի վավերացնեն» բնույթի պնդումներով եւ ՀՀ ՍԴ վերապահումների տեսքով: Գուցե ՀՅԴ կրքերին հագուրդ տալու կամ Սփյուռքի առջեւ սասանված հեղինակությունը վերականգնելու մղումով: Հազիվ թե: Ավելի շուտ ՀՀ իշխանությունները գիտակցում են սույն գործընթացի կործանարար հետեւանքները եւ փորձում են ժամանակ շահել այն հույսով, որ ինչ-ինչ իրողություններ մեզանից անկախ կբերեն այդ գործընթացի վերջնական ձախողմանը, սակայն դաժան իրականությունը ստիպում է նրանց ենթարկվել դիվանագիտական այդ խաղի նախօրոք ծրագրված կանոններին: Այժմ, ըստ էության:

Վերջին հաշվով երկու երկրների դիվանագետների եւ նրանց վերահսկող միջազգային կենտրոնների համատեղ ջանքերի արդյունքում ծնվել էր մի փաստաթուղթ, որը, համաձայն հայկական կողմի հավաստիացումների, որեւէ նախապայման չէր պարունակում (թեեւ դրանք առավել քան ակնհայտ էին) եւ լիովին համապատասխանում էին մեր ազգային շահերին: Եթե դա, իրոք, այդպես էր, ապա ի՞նչն էր մեզ խանգարում առանց հապաղման վավերացնել արձանագրությունները եւ Թուրքիային դնել կատարված փաստի առջեւ՝ շահելով շահագրգիռ տերությունների համակրանքն ու աջակցությունը: Իսկ եթե ի սկզբանե գտնում էինք, որ դրանք կարող են վնասել ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության շահերին, ինչո՞ւ (թեկուզ եւ ԱՄՆ ու Ռուսաստանի ճնշման տակ) ստորագրեցին եւ հիմա էլ վավերացման ենք ներկայացնում այդ արձանագրությունները: Ի դժբախտություն մեզ, այս գործընթացը երեւան հանեց հայկական դիվանագիտության ողջ պերճանքն ու թշվառությունը: Երբ որեւէ երկիր միջազգային ատյաններում ներկայացնող պաշտոնյաները գիտակցաբար մտնում են իրենց երկրի շահերին վնասող գործարքների մեջ, այդպիսի արարքը բոլոր ժամանակներում եւ երկրներում ունեցել է եւ ունի մեկ անվանում. հայրենադավություն: Այլ կերպ ինչպես կարելի է մեկնաբանել այն փաստը, որ դեռ երեք «հարյուր տարի փակ սահմաններով ապրելու պատրաստ» Հայաստանն այսօր հանուն դեռ չճշտված օգուտներ խոստացող բաց սահմանների պատրաստակամ է զիջել իր քիչ թե շատ արժեք ներկայացնող բոլոր խաղաթղթերը (վկա՝ փաստաթղթերի բովանդակությունը)՝ ոտնատակ տալով արժանապատիվ ապագա կերտելու բոլոր հույսերը:

Արդյո՞ք մեր իշխանությունները, իրոք, գիտակցաբար են գնացել այդ գործարքին: Ըստ երեւույթին, այո:

Հակառակ դեպքում անիմաստ կլիներ նախապայմանների բացակայության մասին շաղակրատելուն զուգահեռ, նախապայմաններ ներկայացնել Անկարային (առաջինը դու վավերացրու, եթե ոչ՝ ԱՄՆ կոնգրեսը կճանաչի ցեղասպանությունը): Ի՞նչ է ստացվում: Այսինքն, մենք պատրաստ ենք սահմանները բացվելու դեպքում հրաժարվել ցեղասպանության ճանաչման գործընթացից: Արձանագրությունների մեզ համար շահեկան չլինելու օգտին է խոսում նաեւ ՀՅԴ-ին ընդդիմադիր դաշտ գործուղելու եւ նրա օգնությամբ հայ-թուրքական գործարքի դեմ համաժողովրդական շարժում ձեւավորելու ձախողված ծրագիրը: Որ այն, իրոք, ձախողվել է, վկայում է այն խոսուն փաստը, որ ի հեճուկս դաշնակցական ղեկավարների «կառուցողական» ջանքերի եւ ՍԴ ձեւական վերապահումների (որոնք Թուրքիայի ձեռքում լրացուցիչ լծակ դարձան Հայաստանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար), արձանագրություններն առանց որեւէ փոփոխության արդեն Ազգային ժողովում են եւ միայն հրաշքը կարող է խանգարել դրանց վավերացմանը: Դա գիտակցում են նաեւ իրենք՝ դաշնակցականները, սակայն նրանք աշխարհասփյուռ հայության առջեւ իրենց «ազգայնական» իմիջը փրկելու խնդիր ունեն եւ շարունակելու են գործարքի դեմ պայքարելու իմիտացիան:

Իմ նախորդ հոդվածներից մեկում («Առավոտ», 07.10.2009) ես գրել էի, որ Թուրքիան ստորագրելու է, սակայն չի վավերացնելու արձանագրությունները: Այսօր էլ նույն կարծիքին եմ: Հայաստանի Ազգային ժողովի կողմից փաստաթղթերի վավերացումից հետո Անկարան գնալու է գործընթացի աստիճանական սառեցման: Թյուր է այն կարծիքը, թե իբր Արցախի հարցում որոշակի զիջումների գնալու դեպքում Անկարան կբացի սահմանը եւ մեզ հետ բնականոն հարաբերություններ կհաստատի: Նա այսօր հանդես է գալիս ուժեղի դիրքերից եւ իր ձեռքին ունի մեր չմտածված քայլերի արդյունքում ձեռք բերած խաղաթղթեր, որոնք նա շահարկելու է մինչեւ վերջ, նախապայմաններին հաջորդելու են նորանոր պայմաններ:

Որպեսզի ասվածը դատարկ չհնչի, տեղին է հիշել Սեւրի պայմանագրի պատմությունը: Մեր պատմաբաններից ոմանք, երբեմն նաեւ որոշ քաղաքական գործիչներ, այսօր էլ տեղի-անտեղի հիշատակում են միջազգայնորեն չվավերացված այդ պայմանագիրը՝ փորձելով այն օգտագործել Թուրքիայի դեմ, ինչ է թե դրա տակ կա նաեւ Թուրքիայի ստորագրությունը: Ի՞նչն է խանգարելու Անկարային վաղը նույն ձեւի մեր դեմ շահարկել ներկայիս երկկողմանի ստորագրված եւ Հայաստանի կողմից վավերացված հայ-թուրքական արձանագրությունները, թեկուզ եւ մենք հետագայում դուրս գանք այս գործընթացից: Չէ որ Թուրքիայի հանրապետությունը նույնպես չեղյալ էր հայտարարել Սեւրի պայմանագիրը: Եվ այդ հարցում նրան օգնել էր մեր այդ ժամանակվա եւ ներկայիս դաշնակից Ռուսաստանը:

Ո՞րն է ելքը: Հայտնի է, որ անելանելի վիճակներ չեն լինում, սակայն հաջողության հասնելու համար մեր քաղաքական միտքը պետք է հրաժարվի շաբլոնի վերածված կարծրատիպերից, դիվանագիտական կորպուսը պետք է համալրվի հմուտ պրոֆեսիոնալներով եւ վերլուծական կենտրոնները պետք է հրաժարվեն կուսակցական խնդիրներ լուծելու պրակտիկայից: Վերջին հաշվով միշտ շահում է նա, ով իր համար անբարենպաստ գործոնները կարողանում է ծառայեցնել իր շահերին: Ռազմական լեզվով ասած՝ հակառակորդի զենքն ուղղում է իր դեմ: Սակայն այս մասին մանրամասնորեն կխոսենք մեկ այլ հոդվածում:

ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ, ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի նախկին վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել