Լրահոս
Օրվա լրահոսը

Կուշտը սովածին մանր է բրթում

Մարտ 03,2010 00:00 Share

Ես այն երջանիկներից եմ, որ տեսել (եւ ապրել) եմ հայ ժողովրդի ամենահիասքանչ պահը՝ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ:

Երբ չկար առանձին իշխանություն եւ առանձին ժողովուրդ: Երբ իշխանությունները, ինտելիգենցիան, բանվորները եւ գյուղացին, եկեղեցին, նույնիսկ ոստիկանները (որոնց մի մասն էլ զոհվեց Արցախյան պատերազմում) ձեռք ձեռքի տված գուրգուրում էին միմյանց: Այդ օրերին նույնիսկ հանցագործներ չկային, չկային ոչ սափրագլուխներ եւ ոչ էլ կարմիր բերետավորներ:

Այո, ներկայիս սերունդը երեւի չի պատկերացնում, թե այն ժամանակ ինչպիսի հավատ եւ ազնվություն կար: Թե ինչպես էինք մենք փողոցում երբեմն ոստիկան տեսնելով՝ փաթաթվում նրան: Հիշում եմ, Ազգային ժողովում վարչապետին դեմ էին արել պատին եւ պահանջում էին պատասխանել, թե նա ինչ միջոցներով է թանկարժեք ծխախոտ ծխում, իսկ նա էլ արդարանում էր, թե երբ արտասահման է մեկնում, թանկարժեք հյուրանոցի փոխարեն էժանագին հյուրանոցում է ապրում եւ այդ տնտեսված գումարով ծխախոտ է գնում… Չե՞ք հավատում, ծիծաղո՞ւմ եք… Ականջդ կանչի, Արմեն Աշոտյան… Սահմանամերձ գյուղերի ուսուցիչների աշխատավարձն է պակասեցնում, ուսանողների հինգ հազարանոց թոշակն է կտրում, բայց իր ենթակաների կողմից «նվիրված» 70 հազար դոլար արժողության ավտոմեքենայից չի հրաժարվում:

Այո, ես երջանիկ եմ եւ հպարտ, որ 88-ին մասնակցել եմ հայ ժողովրդի վերածննդին: Բայց չկարծեք, թե մենք այդ օրերին երջանիկ էինք, քեֆ էինք անում եւ միասին շուրջպար բռնում: Մեզ միավորեց մեր ընդհանուր վիշտը՝ Սումգայիթն ու Բաքուն, իհարկե, ավերիչ երկրաշարժը, մութ ու ցուրտ տարիները, որոնց հիմնական պատճառը հարեւան հանրապետությունում մեր գազախողովակի 40-ից ավելի պայթեցումներն էին: Բայց մենք չէինք նվնվում, միմյանց մեջ թշնամի փնտրում, չէ, մենք մի թշնամի ունեինք միայն, մի դարավոր թշնամի:

Ահա այս ցավն ու ապագայի նկատմամբ մեծ հույսերը մեզ միավորեցին: Այն ժամանակ, իհարկե, չկային հարուստներ, առավել եւս՝ օլիգարխներ, բոլորը միասին էին մրսում, քաղցած մնում եւ ոտքով աշխատանքի գնում: Ճիշտ է, ղեկավարության մեջ կային մարդիկ, որոնք հուսահատվել էին եւ գլուխները կորցրել: Օրինակ՝ լուսավորության նախարար Հայկ Ղազարյանը կանչեց մեզ՝ գիշերօթիկ դպրոցների տնօրեններիս, եւ ասաց՝ գնացեք գիշերօթիկները փակեք… Սնունդ չկա: Ի՞նչ է, քաղցից ու ցրտից կործանվեցի՞նք: Ոչ, աշխարհում բարի մարդիկ դեռ կան: Մեզ օգնության ձեռք մեկնեցին շատ երկրներ՝ եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմը, այլ հավատի շատ ու շատ հավատացյալներ, որոնք տուկերով հնամաշ հագուստ եւ սնունդ էին ուղարկում: Այսօր մեր առաջին տիկինը հովանավորում է այս կամ այն կուլտուրական միջոցառումը, շատ ու շատ շնորհակալություն, իսկ այն ժամանակվա առաջին տիկինը, ընկած դեսպանատները եւ տարբեր միջազգային ֆոնդերի գրասենյակները, մի քանի շիշ ձեթ եւ սպիտակ լոբի էր հայթայթում գիշեօրթիկ դպրոցների եւ մանկատների երեխաներին սովից փրկելու համար: Նախաբանս երկար տեւեց, կներեք: Էլէներգիան, ինչպես վերը նշեցի, գազի պայթեցումների պատճառով հովհարային գրաֆիկով էր աշխատում՝ օրական 2-4 ժամ: Սակայն մեր ժողովուրդը այդ մի քանի ժամվա վարձն էլ չէր կարողանում մուծել: Եվ ահա այստեղ իր օգնության ձեռքը մեկնեց մեր մեծ հայրենակիցը՝ ամենահաս Շառլ Ազնավուրը, որը երկար ժամանակ վճարում էր բոլորիս լույսի վարձերը, այդ թվում նաեւ այսօրվա բոլոր օլիգարխների:

Գազի սպասվելիք թանկացումը հուզում է բոլորին, այդ թվում նաեւ Ձեզ, պարոն նախագահ, ինչի մասին հայտարարեց վարչապետը եւ նշեց, որ օրակարգում դրել էիք չորս տեսակետ, թե դրանք ինչ տեսակետներ էին, վարչապետը չկարողացավ պարզ հասկացնել, բայց փոխարենը ընդգծեց, որ պետությունը չի վճարի այդ գումարի տարբերությունը. «մտքներիցդ հանեք», սպառնաց նա միամիտ մարդկանց: Դե, նրանից այլ բան էլ չէինք սպասում. կուշտը սովածին մանր է բրթում:

Բայց Դուք, պարոն նախագահ, հո լավ գիտեք, որ գազի գների բարձրացումը կբերի նաեւ մյուս ապրանքների գների բարձրացման, նաեւ լավ գիտեք, որ այդ գումարը եթե օլիգարխների համար կոպեկներ են, ապա ժողովրդի համար դժբախտություն է: Մի՞թե չի կարելի Ազնավուրի օրինակով այդ գումարները մուծեն Ազնավուրից ոչ պակաս գումար ունեցող օլիգարխները՝ նոր միլիոնատերերը եւ միլիարդատերերը: Մի՞թե չի կարելի հրավիրել նրանց եւ ասել. «Տղերք, այս ժողովրդին թալանելու ճանապարհով եք հարստացել, գնացեք փակվեք»: Ոչ ոք Ձեզ չի առարկի, մանավանդ, որ այդ գումարը նրանց համար թեյի փող է: Այո, մեր ժողովուրդը երկփեղկված է ոչ միայն տնտեսապես, այլեւ քաղաքականապես: Այսպիսի բեւեռացում երբեք չի եղել: Եվ այն ուղղելու համար առաջինը Դուք պետք է մտածեք, կատարեք մի բարի քայլ, հետո մի ուրիշը՝ ժողովրդին նեղ վիճակից հանելու եւ Ձեզ համար բարի անուն վաստակելու համար:

Վերադարձրեք ժողովրդին միմյանց հանդեպ ունեցած սերն ու նվիրվածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել