Լրահոս
Օրվա լրահոսը

«21-ՐԴ ԴԱՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԽՆԱԴԱՐՈՒՄ»

Մարտ 03,2010 00:00 Share

Արարատի մարզում երեխաներին «զոռով» են դպրոց տանում

2006-2007 ուստարուց սկսած՝ Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է 12-ամյա տեւողությամբ, եռաստիճան համակարգով: Ըստ օրենքի՝ տարրական դպրոց հաճախում են 5-6 տարեկան երեխաները: Սակայն այսօր էլ կան շատ ծնողներ, որ չեն համակերպվում նոր կրթակարգի հետ՝ գտնելով, որ հինգուկես տարեկան երեխաները նախ հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստ չեն դպրոց հաճախել, հետո էլ դպրոցներում այդ տարիքի երեխաների համար համապատասխան պայմաններ չկան: Արարատի մարզի շատ գյուղերում ծնողները նախընտրում են երեխային դպրոց տանել 7 տարեկանից:

Թեպետ մասնագետները պնդում են, որ առաջին դասարանում ուսուցումը խաղային մեթոդով է անցկացվում, սակայն Արարատի մարզի մի քանի գյուղերի ծնողներ մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ երեխաները դասաժամին դաս լսելու փոխարեն քնում են: Օրինակ, Նորաշեն գյուղի դպրոցի ծնողները բողոքում էին, որ շատ հանձնարարություններ իրենք չեն հասկանում, ուր մնաց՝ 6 տարեկան երեխան ընկալի: Արարատի մարզում մեզ հանդիպած ծնողների դժգոհությունները մասնավորապես առաջին դասարանի մաթեմատիկայի դասագրքին էին վերաբերում: Դպրոցներ կային, որտեղ պատվիրված մաթեմատիկայի դասագրքի փոխարեն 2-րդ մասը այլ հեղինակի գիրք են ուղարկել. արդյունքում ծրագրի առաջին մասը երեխաները սովորել են մի հեղինակի, մյուսը՝ մեկ այլ հեղինակի գրքով: Նորաշենի միջնակարգ դպրոցի 1-ին «ա» դասարանի դասվար Կարինե Բարեղամյանն «Առավոտին» ասաց. «Մաթեմատիկայի առաջին մասն անցել ենք Սոկրատ Մկրտչյանի, 2-րդը՝ Վաչագան Սարգսյանի գրքով: Ախր ծրագրային անհամապատասխանություն է լինում, առաջինը գիրք-տետր էր, իսկ 2-րդը՝ գիրք, ստիպված պահում ենք նաեւ հատուկ տետր»: Նույն դպրոցի տնօրեն Գոհար Հակոբյանը դժգոհ էր ոչ թե գրքերից, այլ՝ դպրոցի պայմաններից. «Եթե մենք 5.5 տարեկանում երեխային դպրոց ենք ուղարկում, պետք է պարտադիր պայման ունենանք՝ սնունդ, հանգստյան սենյակ, խաղասենյակ: Ինչո՞ւ պետությունը քայլ անելուց առաջ համապատասխան պայմաններ չի ստեղծում: Կան երեխաներ, որ ոչ թե մտավոր հետամնաց են, այլ մեկ տարին նրանց զարգացման համար մեծ կապ ունի»: Հարցրինք՝ ստիպողաբար երեխային դպրոց բերո՞ւմ են: «Մենք երեխաների ծնողներին չենք պարտադրում, իսկ տղաների հարցը, այսպես թե այնպես, պիտի լուծվի: Զինակոչային տարիքի սահմանը պիտի վերանայվի, թե չէ նույնիսկ 6 տարեկանի դեպքում կընկնեն ինչ-ինչ պատմության մեջ»,- պատասխանեց Գ. Հակոբյանը: Այս մասին խնդրեցինք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի պարզաբանումը: Նա «Առավոտին» հայտնեց. «Անկախ տարիքից, քանի աշակերտները սովորում են դպրոցում, բանակը նրանց չի խանգարում»: Մեր հաջորդ հարցին՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ այս դեպքում շատ ծնողներ կնախընտրեն երեխային ուշ տանել դպրոց, նա պատասխանեց. «Նախ նման վերաբերմունք չկա, եւ հետո՝ բոլոր ծնողները ձգտում են, որ երեխային շուտ տանեն դպրոց, որովհետեւ, միեւնույն է՝ հենց ավարտեց, հունիսին բանակ է գնալու»:

Նորաշեն գյուղի դպրոցի 1 «բ» դասարանի դասվար Աստղիկ Մանասյանը 6 տարեկանների մոտ առաջացած խնդիրների մասին ասաց. «Թեպետ ամբողջ դասապրոցեսն անցնում է խաղի ձեւով, բայց կան երեխաներ, որ հանդիպում են խոչընդոտների, օրինակ՝ չեն կարողանում 40 րոպե նստել, մայրիկի, սնվելու, դրսի, խաղի պահանջ են ունենում»: Հետաքրքրվեցինք՝ նշված խնդիրները երեխաների քանի՞ տոկոսն է ունենում: Պարզվեց՝ դասարանի մոտ կեսը:

Նույն մտահոգությունները հայտնեցին Վերին Արտաշատ գյուղի դպրոցի դասվարները: Այստեղ էլ քնի եւ սննդի նորմալ պայմաններ չկային: «Կան երեխաներ՝ առանց ուտելու են գալիս, ընդամենը երկրորդ ժամից պարզ է, որ նա պետք է քնի: Ես կողմ եմ տասնամյային, հակառակ դեպքում՝ պետք է պայմաններ ստեղծել…»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Վ. Արտաշատի 1 «բ» դասարանի դասվար Սուսաննա Աթոյանը: Մյուս կողմից, մեր զրուցակիցը կարծում է, որ ծնողներն էլ պիտի իրենց վրա աշխատեն, որ կարողանան երեխաների դասապատրաստումն իրականացնել. «Հատկապես գյուղական վայրերում «2»-ներով, «3»-ներով սովորողները 8-րդ դասարանն ավարտում՝ մայր են դառնում: Ասում եմ՝ նախադասություն կազմեք, ծնողը չի հասկանում, ինչպե՞ս երեխայի հետ աշխատի»:

Վերին Արտաշատի 1 «ա» դասարանի դասվար Սվետլանա Մարտիրոսյանն առաջարկում է վերադառնալ հին՝ տասնամյա դպրոցին. «Ունեմ զույգ երեխաներ, որ 5.5-ից են եկել դպրոց: Սկզբում նրանք ընդհանրապես չէին պատկերացնում՝ դասապրոցեսն ինչ է… Հիմա սկսել են աշխատել: Ճիշտ է՝ ընդհանուր դասարանի մակարդակն ավելի է բարձրացել, բայց այդ երեխաներն էլի թույլ են մնացել»: Ս. Մարտիրոսյանն ասաց, որ պրակտիկայում ունեցել է 6 տարեկան երեխա, որը մինչեւ տարվա կեսը եկել է դպրոց, հետո ծնողը նրան հանել է դպրոցից:

Բերդիկ գյուղում շատերը նախընտրում են անգրագետ մնալ, քան նախնադարյան դպրոց հիշեցնող կրթօջախը հաճախել: Առաջին հայացքից պետքարան հիշեցնող «վայրից» օգտվելու համար աշակերտներից մեծ ջանքեր են պահանջվում: Դպրոցի հավաքարարը մեզ փոխանցեց, որ շատ երեխաներ իրենց կարիքները հոգում են մինչեւ այնտեղ հասնելը կամ էլ հենց դասարանում, իսկ առաջին օրերին դասվարը շարքով երեխաներին տանում- բերում էր զուգարան: Նա նաեւ պատմեց, թե վերջերս ինչպես են շները դպրոցից հեռու գտնվող զուգարանի ճանապարհին «վրա տվել» երեխաներին. «Գրե՛ք, նկարե՛ք. խայտառա՛կ արեք, թող տեսնեն, թե ինչ ահավոր պայմաններում են ուսուցիչները գիտելիք տալիս»:

«21-րդ դարում՝ ինչպես նախնադարում: Զուգարան չկա, չորս կողմից միջանցիկ քամի է, հիվանդության բուն, մի ծորակ էլ չկա, որ երեխաները կարողանան գոնե ձեռքները լվանան: Մտնում ես դպրոց՝ սոլյարկայի հոտից խեղդվում ես: Բարեկամ ունենք, երեխան լացում է, չի ուզում գնա այդ դպրոց: Ո՞նց իմ 5 տարեկան երեխային տանեմ գյուղի դպրոց: Մինչդեռ պարտադրում են բերել»,- բողոքեց մի ծնող:

Տնօրեն Սեդա Մինասյանն էլ հավաստիացրեց, որ իրենց դպրոցը իրականում ղեկավարների ուշադրության կենտրոնում է: «Այս պահին եթե տանիքն ու հատակը վերանորոգված են, պիտի շնորհակալություն հայտնենք Հովիկ Արգամիչին (նկատի ունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին- Լ. Խ.), որովհետեւ հատակի վրայով քայլել չէր լինում: Զուգարանի խնդրին էլ տեղյակ է, դեռ անցյալ տարվա ծրագրում կար, ուղղակի ճգնաժամը խանգարեց աջակցել դպրոցին»: Տնօրենը մեզ արգելեց մոտենալ ու նկարել դպրոցի մարզադահլիճի հատակը, որի վրա կանգնելն անգամ վտանգավոր է: Ասաց՝ մանկավարժներից մեկի ոտքը խրվել է հատակի փտած տախտակների արանքում-լռվել:

Բերդիկի միջնակարգ դպրոցի 7 աշակերտ ունեցող միակ 1-ին դասարանի դասվար Ասպրամ Ճշմարիտյանի խոսքով՝ երեխաների տարիքի եւ դասագրքերի հետ կապված՝ իրենց դպրոցում ոչ մի խնդիր չկա. «Գրքերը շատ պարզ են, մեզ մոտ բոլոր երեխաները մանկապարտեզ գնացած են»: Այնինչ պարզեցինք, որ Բերդիկում երբեւէ մանկապարտեզ չի եղել ու երեխաներից շատ քչերը գիտեն՝ մանկապարտեզն ինչ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել