Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրությունները մեռա՞ծ են, սառա՞ծ, թե՞ պահարանում

Ապրիլ 29,2010 00:00

\"\"ՀՅԴ բյուրոյի անդամի եւ Թուրքիայի պաշտոնյայի տեսակետները նաեւ այս առնչությամբ են տարբերվում

ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց. «Հայ-թուրքական արձանագրություններն այլեւս փաստացի գոյություն չունեն. դիվանագիտական լեզվով՝ բայց սա էր ասված Հայաստանի նախագահի վերջին ուղերձի մեջ: Կարծում եմ, այս տեսքով արձանագրություններն այլեւս երբեք չեն դառնա քննարկման նյութ: Դե յուրե դրանք կան, դե ֆակտո մեռած են»: Նաեւ հավելեց. «Իհարկե, կարելի էր փակել դուռը, ստորագրությունը ետ քաշել, եւ դա ճիշտ կլիներ: Բայց, ցավոք, մենք դեռեւս այդքան ուժեղ, այդքան ինքնուրույնություն ունեցող երկիր չենք: Ցավոք, մենք դեռեւս Թուրքիա չենք: Այնուամենայնիվ, կարծում եմ, հարցը փակված է, եւ դա լավ է»:
Աղվան Վարդանյանն ընդգծեց. «ՀՀ նախագահի ուղերձը հրապարակվեց ապրիլի 22-ին՝ ճիշտ այն օրը, երբ 1 տարի առաջ գիշերով հայտարարվեց «ճանապարհային քարտեզը»: Ընդհանրապես՝ հասարակությունները, ժողովուրդներն ապրում, առաջնորդվում են խորհրդանիշներով: Եվ ես կարծում եմ՝ պետք է գնահատել նախագահի համարձակությունը, որ նույն օրը նա փակեց շրջանը եւ ազատեց մեզ այս խարան-խորհրդանիշից»:
«Առավոտը» որոշ տարբերություններ նկատեց նրա այս եւ ՀՅԴ բյուրոյի մեկ այլ անդամի՝ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունների միջեւ: Վերջինս անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը միայն քառօրյայի նիստերի օրակարգից հանելու փաստին՝ ԱԺ-ում հայտարարել էր, որ հասկանալի չէ, թե ինչ է փոխվել՝ եթե հարցը չի հանվել նստաշրջանի օրակարգից, եւ պնդել. «Քանի դեռ այդ փաստաթղթում առկա է Հայաստանի ստորագրությունը, մենք ենթակա ենք ճնշումների»: Մեր հարցին, թե ըստ այդմ՝ արդյոք վաղաժա՞մ չէ արձանագրությունները մեռած որակելը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ դրանք դեռեւս ԱԺ մեծ օրակարգում են՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Տեսակետների տարբերություն չեմ նկատում: Ես ինքս ասացի, որ ճիշտը, իհարկե, կլիներ ստորագրությունները ետ վերցնելը: Դրանով նաեւ դե յուրե մենք կունենայինք նույն արդյունքը, բայց իրողություններն այս են, որ փաստորեն մենք դեռեւս այն ուժը եւ կարողությունը չունենք, որ կարողանայինք վերջնականապես փակել խնդիրը»:
Հավելենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը մեկնաբանելով արձանագրությունների վավերացման ընթացակարգը առկախելու ՀՀ իշխանությունների որոշումը՝ թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, ըստ tert.am-ի, ասել է, որ արձանագրությունները մեռած չեն. «Որպեսզի արձանագրությունները մահանան, անհրաժեշտ է, որ հայաստանյան իշխանությունները հետ կանչեն այդ փաստաթղթերի տակ դրված իրենց ստորագրությունը: Այսինքն՝ տեսականորեն կարող ենք ասել, որ արձանագրությունները կմահանան այն ժամանակ, երբ հայաստանյան իշխանությունները հետ կկանչեն դրանք խորհրդարանից կամ հատուկ որոշմամբ իրենց ստորագրությունը կհանեն արձանագրություններից: Բացի այդ, արձանագրությունները «սառեցվեցին» բնորոշումն այդքան էլ տեղին չէ: Թերեւս ամենաճիշտ բնորոշումը, որ կարելի է տալ արձանագրային գործընթացի հետ կապված վերջին զարգացմանը, այն է, որ արձանագրությունները ներկա պահին սպասողական վիճակում գտնվում են Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովներում: Այսինքն՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ փաստաթղթերը դրվել են երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների պահարաններում»:
Իսկ Աղվան Վարդանյանը՝ պնդելով, թե արձանագրությունները մեռած են՝ այսուհանդերձ նշեց, թե հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը պիտի մնա օրակարգում. «Հայաստանը պիտի շարունակի զուտ սահմանի բացման հարցով միջազգային ճնշումն ուժեղացնել, բանեցնել Թուրքիայի վրա, քանի որ, ի վերջո, սա միակ փակ սահմանն է Եվրոպայում: Եվ առանց որեւէ արձանագրության, առանց որեւէ փաստաթղթի էլ՝ բնականն այն է, որ փակ սահմաններ չպետք է լինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել