Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՏՈՒՄ ԵՆ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԵՎՍ ՄԻ ՃՅՈՒՂ

Մայիս 05,2010 00:00 Share

Կառավարության նոր ձեռնարկի արդյունքում շուտով 300 ընտանիք կմնա առանց միջոցների եւ գուցե բռնի արտագաղթի ճամփան:

Ապրիլի 26-ին Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այս օրինագծով, ի թիվս այլեւայլ փոփոխությունների եւ լրացումների, նախատեսվում է փոփոխել նաեւ արտարժույթի առքուվաճառք եւ գրավատնային գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ կամ արտոնագրեր տալու համար պետտուրքի դրույքաչափը: Այժմ գործող օրենքի համաձայն՝ արտարժույթի առքուվաճառքի համար սահմանված է տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 50-ապատիկի չափով պետական տուրք, այսինքն՝ 50 000 դրամ, գրավատնային գործունեություն իրականացնելու համար էլ սահմանված է բազային տուրքի 100-ապատիկի չափով՝ 100 հազար դրամի պետական տուրք: Սակայն, ըստ ԱԺ մտած օրինագծի, նախատեսվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում կատարել փոփոխություն, որով Երեւան քաղաքում արտարժույթի առքուվաճառքի համար կգանձվի տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով պետտուրք, Երեւանից դուրս՝ 150-ապատիկի չափով: Իսկ գրավատնային գործունեություն իրականացնողների համար սահմանվել են հետեւյալ դրույքաչափերը՝ Երեւան քաղաքում՝ տարեկան բազային տուրքի 6000-ապատիկի չափով, իսկ Երեւանից դուրս՝ տարեկան բազային տուրքի 1500-ապատիկի չափով: Սա նշանակում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արտարժույթի առքուվաճառքով զբաղվողները նախկին տարեկան 50 000-ի փոխարեն պիտի վճարեն 1 մլն դրամ (Երեւանից դուրս գտնվողները՝ 150 հազար դրամ), իսկ գրավատներ ունեցողները՝ նախկին 100 հազար դրամի փոխարեն տարեկան պետք է վճարեն 6 մլն դրամ (Երեւանից դուրս՝ 1,5 մլն):
Օրինագծի հեղինակները որեւէ կերպ չեն հիմնավորում իրենց այս «փայլուն» մտահղացումը: Ավելի ճիշտ, իբրեւ հիմնավորում ասում են. «Պետական տուրքի դրույքաչափերը նախատեսվել են՝ հաշվի առնելով պետության կողմից իրականացվող քաղաքականությունը: Բարձրացվել են արտարժույթի առքուվաճառքի գործունեություն եւ գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման համար գանձվող տարեկան պետական տուրքի դրույքաչափերը»: Սա որպես հիմնավորում կցված է օրենքի նախագծին, իրականում փաստի արձանագրում է, իսկ թե ո՞րն է նպատակը՝ չի ասվում: Համենայն դեպս՝ բացահայտորեն չեն խոստովանում: Եթե որպես խոստովանություն չընդունենք՝ «պետության կողմից իրականացվող քաղաքականությունը» բառակապակցությունը:
Ինչպես ռուսներն են ասում՝ «ոզնուն էլ պարզ է», որ այս օրինագծի նպատակը մեկն է՝ վերացնել տարադրամի փոխանակման կետերն ու գրավատները՝ դրանց գործառույթները ամբողջովին թողնելով բանկերի վրա (արդյոք սա՞ է «պետության կողմից իրականացվող քաղաքականությունը»): Պարզ է, որ երբ ոլորտը կենտրոնանա մի քանիսի ձեռքին՝  շատ ավելի հեշտ կլինի կառավարել թե տարադրամի կուրսը, թե որոշել ինչ տոկոսով գրավ կամ վարկ տալ:
Այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործում են 100-ից ավելի գրավատներ եւ 200-ից ավելի արտարժույթի փոխանակման կետեր: Ակնհայտ է, որ այս օրենքն ընդունվելու դեպքում նրանց առնվազն 95%-ն ուղղակի կփակվի: Իսկ դա նշանակում է, որ նվազագույնը 300 ընտանիք կմնա առանց եկամտի հիմնական աղբյուրի: Պետք է նկատենք, որ այս «օբյեկտներում» գործունեություն էին ծավալում հիմնականում կրթված, մտավորական մարդիկ: Օրենքն ընդունվելու դեպքում նրանք կամ պետք է գտնեն այլ աշխատանք, ինչը, խոստովանենք, մեր երկրում շատ դժվար է, կամ՝ հեռանան երկրից եւ իրենց փոքրիկ բիզնեսը ծավալեն դրսում:
Գրավատնային գործունեությամբ զբաղվող Արմեն Հարությունյանը կարծում է, որ այս նախաձեռնությունը, բացի տնտեսականից՝ «ամեն ինչ վերցնել իրենց ձեռքը», նաեւ քաղաքական նպատակներ է հետապնդում. «Այդ ոլորտը մեր երկրի այն հազվագյուտ ոլորտներից էր, որ գրեթե ամբողջապես օրինական դաշտում էր: Եկել էր մի պահ, որ օրինական աշխատանքը բոլորին ձեռք էր տալիս՝ այլեւս փողոցում «լեւի» տարադրամ փոխանակող չկա, եւ տներում էլ «լեւի» գրավ տվողներ գրեթե չկան, որովհետեւ գրավադրման տոկոսները բավականին նվազել էին: Այսինքն՝ մարդիկ աշխատում էին բացառապես օրինական դաշտում, օրինական հարկեր էին մուծում՝ տարեկան պետտուրք եւ ամսական 20% շահութահարկ, եւ դա պետությանն էլ էր ձեռնտու (պիտի որ այդպես լիներ), գործարարներին էլ, սպառողներին էլ: Սակայն մանր ու միջին բիզնեսով զբաղվողները անկախ էին՝ իրենք իրենց գումարներով օրինական աշխատում էին եւ որեւէ կերպ կախված չէին իշխանություններից: Դա, բնականաբար, վերջիններիս դուր չէր գալիս, եւ ամեն կերպ փորձեցին վերահսկողություն սահմանել, ուղղորդել, բայց չկարողացան, քանի որ օրենքը թույլ չէր տալիս ոչ մի նման ոտնձգություն: Բայց քանի որ մեր երկրում չպետք է լինեն անկախ, չվերահսկվող մարդիկ, որոշեցին, որ պետք է փակել: Այս օրենքի ընդունումից հետո կմնան միայն իրենց բանկերը եւ դրանց մասնաճյուղերը, որոնք, այսպես թե այնպես, հիմնականում այդ գործունեությամբ էլ զբաղվում են, չնայած անունները բանկ է, բայց ավելի շատ արտարժույթ են փոխանակում եւ որպես գրավատուն են աշխատում»:
Ահա այսպես է մեր կառավարությունն օգնում փոքր եւ միջին բիզնեսին, ծաղկեցնում այդ ոլորտը: Դեռ տեղի-անտեղի էլ հայտարարում է, որ ՓՄՁ-ների բարգավաճումը մեր տնտեսության զարգացման կարեւորագույն բաղադրիչներից է: Բայց երբ հերթը գալիս է գործին՝ որոշում է, որ եկել է խոշոր ձկների ժամանակը, որոնք պետք է խժռեն մանրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել