Մինչ ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննությունը որոշում է՝ դրական եզրակացություն տա՞, թե՞ չտա Սեւանի ավազանում վերամշակող գործարանի ստեղծմանը, գործարանի մի կորպուսն արդեն կառուցվել է: Ինչպես «ԱրմԻնֆո»-ին հաղորդել են «ԷկոԼուրից», գործնականորեն ավարտված արտադրության օբյեկտից 1 կմ հեռավորության վրա անցկացվում է Շորժայի հանքավայրի հումքի բաց եղանակով վերամշակում: Մանրացումից առաջացող փոշին, որը պարունակում է թունավոր քրոմ, քամու հետ նստում է ուղիղ Սեւանա լճի վրա:
Շորժայի դունիտ-պերիդոտիտային ապարների վերամշակման մանրող, տեսակավորող գործարանի նախագիծը ներկայացրել է «GEGAMET պլյուս» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ դեռ 2008թ. «GEGAMET»-ի հիմնադիրներից Վլադիմիր Գասպարյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Սեւանա լճի շրջանում ստեղծվելու է լեռնահարստացուցիչ կոմբինատ՝ Շորժայի եւ Ջիլիի հանքավայրերի շահագործման համար, որը տարեկան արտադրելու է 20 միլիոն տոննա հրադիմացկուն նյութեր, 150 000 տ ցեմենտի ստացման հավելումներ, 50 000 տ քրոմի կոնցենտրատ եւ 20 հազար տոննա երկաթաքրոմ: Ձեռնարկության համասեփականատերը, պարզվել է, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանն է՝ ՀՀ բնապահպանության նախարարի կուսակիցը: Ինչպես հայտնի է դարձել «ԷկոԼուրին», ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը չի աջակցել Շորժայի հարեւանությամբ գործարանի կառուցման նախագծին, հիմնավորելով, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը արգելում է վերամշակող ձեռնարկությունների կառուցումը Սեւանի ավազանում:
Չնայած օրենքում նշված այս խոչընդոտին՝ ՀՀ բնապահպանության նախարարությունն, այնուամենայնիվ, որոշել է նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ անցկացնել: Միջոցառմանը մասնակցելու հրավերը նախօրոք նախարարության կայքում հրապարակված չէր, ինչպես հարկն է, այլ լսումների անցկացման օրը՝ ապրիլի 27-ին: Չէին զգուշացվել շահագրգիռ կողմերը՝ հասարակական կազմակերպությունները, Գեղարքունիքի մարզի բնապահպանական վարչությունը, Գավառի Օրհուս կենտրոնը: «ԷկոԼուր»-ի տվյալներով՝ «Սեւան» ազգային պարկը չի մասնակցել հասարակական լսումներին՝ բացատրությամբ, որ շինարարության գոտին չի մտնում ազգային պարկի տարածքի մեջ, իսկ լճի վրա հնարավոր փոշու եւ թափոնների ազդեցությունը բնապահպանական տեսչության գործն է: Այսպիսով, հասարակական լսումներին մասնակցել են պետական բնապահպանական տեսչության ներկայացուցիչները, նախագծողը եւ Շորժայի համայնքապետը իր մի քանի համագյուղացիների հետ: Սեւանի հարեւանությամբ գործարանի կառուցումը լռության մատնելը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն անտեսում է «GEGAMET» ընկերության գործունեության վերաբերյալ ահազանգերը: Ծանր եւ տոքսիկ տարրեր պարունակող դունիտ-պերիդոտիտային հումքի վերամշակման օրինականության հարցը բնապահպանության նախարարության առաջ բարձրացվել է մի քանի անգամ: «ԷկոԼուր», «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ները, Գավառի Օրհուս կենտրոնը, տեղի հասարակական կազմակերպությունները հրապարակայնորեն ՀՀ բնապահպանության նախարարի ուշադրությունն էին հրավիրում Սեւանի կողքին «GEGAMET»-ի գործունեության անթույլատրելիության վրա եւ կոչ էին անում նրան համապատասխան որոշումներ ընդունել:


















































