Լրահոս
Օրվա լրահոսը

700 ՀԱԶԱՐԻՑ ԴԱՐՁԵԼ ԵՆ 5 ՄԻԼԻՈՆ

Մայիս 05,2010 00:00 Share

Ոչ սոցիալական պայմանները, ոչ էլ պատերազմը արաբներին չի խանգարել, որպեսզի 60 տարվա ընթացքում «լույսի արագությամբ» բազմանան:

\"\"

Ճամբարում տները համարյա իրար վրա էին կառուցված:

\"\"

Պաղեստինի փողոցներում՝ ինչպես Երեւանի «Ֆիրդուսնոցում»:

\"\"

Փախստական այս փոքրիկը պատմական հայրենիքի մասին միայն լսել է:Անգամ շաուրմայանոցում իրենց առաջնորդների նկարներն են փակցված:

\"\"

Ալլահի նզովքից խուսափելու համար Կովկասի լրագրողները նույնպես գլխաշոր էին կրում:

Շենացող ու բարգավաճող Իսրայելից հետո (կարդացեք «Այս երկրից ուղեղների արտահոսք չկա», «Առավոտ», 28.04.2010) պատկերն էականորեն փոխվում է, երբ հատելով Իսրայել-Պաղեստին սահմանակետը, ոտք ես դնում պաղեստինյան հողի վրա: Ճիշտ է, արաբները, պետություն ստեղծելու հարցում այսօր էլ վճռական են տրամադրված, եւ շուրջ 60 տարի ձգվող արաբա-իսրայելյան հակամարտությունը ոչ մի արաբի մեջ չի կոտրել մարտական ոգին, բայց տնտեսապես զարգանալու մասին խոսք լինել չի կարող: Իսրայելի կողմից տասնյակ տարիներ տնտեսական շրջափակման մեջ գտնվող այս երկիրը գրեթե շանս չունի զարգանալու. բացի ձիթապտղից՝ Պաղեստինը ոչ մի բնական ռեսուրս չունի: Մատնացույց անելով հեկտարներով ձգվող ձիթենիների այգիները, Պաղեստինում լրագրողների խմբին ուղեկցող Ռամալլայի բնակիչ Ալին համոզված ասում էր, որ եթե Իսրայելը շրջափակումը վերացնի, միայն ձիթապտուղ մշակելով եւ արտահանելով՝ իրենց երկիրը դուրս կգա տնտեսական ճգնաժամից: Մասնագիտությամբ ինժեներ Ալին գտնում էր, որ «տնտեսությունը զարգացնելու համար պարտադիր չէ նավթ կամ ոսկի ունենալ»: Նշենք, որ մեր այցելությունը Իսրայել եւ Պաղեստին՝ «Եվրոպական հարեւանության լրագրական ցանց» ծրագրի կազմակերպիչների նախաձեռնությամբ էր: Ապրիլի 11-16-ը Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի մի խումբ լրագրողներ եղան 2 երկրների մի շարք քաղաքներում, հանդիպեցին եւ զրուցեցին հասարակ ժողովրդի եւ պաշտոնատար անձանց հետ:
Պաղեստինում, հակառակ Իսրայելի, չես տեսնի փարթամ բուսականություն, մաքուր փողոցներ, եվրոպական հագուկապով մարդկանց, կոկիկ դասավորված շենք-շինություններ: Այստեղ փողոցներում եռում է արեւելքին հատուկ առեւտուրը, կանայք՝ սրբորեն պահպանելով մուսուլմանական ավանդույթները, շրջում են ոտքից գլուխ փակ հագած, արաբական թաղամասերն էլ այնքան խիտ են բնակեցված, որ փողոցներով անցնելիս շնչելու օդ չկա: Չնայած երկրի աղքատ վիճակին, կարելի է ասել՝ արաբները բազմանում են լույսի արագությամբ: Արաբ ընտանիքը միջինը 4-5 երեխա է ունենում: Իսկ այս երկրի փախստականների ճամբարներում ուղղակի ասեղ գցելու տեղ չկա: Պաղեստինում 19 ճամբար կա, որտեղ բնակվում է 5 միլիոն փախստական: Նրանք 1948 թ.-ին այստեղ են տեղափոխվել հին Պաղեստինի կենտրոնից, մասնավորապես՝ Երուսաղեմի արեւմտյան հատվածից: Այն ժամանակ նրանց թիվը եղել է 700 հազար: Ճամբարներից մեկում, որտեղ մի քանի ժամ անցկացրին լրագրողները, 1000 քմ-ի վրա բնակվում էր 6500 մարդ: Չնայած նրան, որ ճամբարներին հարակից հսկայական ազատ հողատարածքներ կային, սակայն, ճամբարի պատասխանատուների խոսքերով, Իսրայելը թույլ չի տալիս այնտեղ որեւէ շինարարություն կատարել: Թերեւս այդ էր պատճառը, որ փախստականների տներն իրար վրա էին կառուցված, 2 սենյականոց բնակարանում էլ 8-10 մարդ էր ապրում:
Այս ճամբարներում աղքատության դեմ պայքար է մղում «UNRWA» միջազգային կազմակերպությունը, որը հոգ է տանում, որպեսզի փախստական պաղեստինցիները բնակարան, կրթություն ու բուժօգնություն ստանան: ՄԱԿ-ի չափանիշներով՝ գաղթած պաղեստինցիների զավակները եւս համարվում են փախստականներ: Նրանց մեծ մասը գործազուրկ է եւ միջազգային կազմակերպության կողմից ստացած $200 գումարով անգամ երեխաների հացը չեն կարողանում գնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել