Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերան գեղանկարիչը

Մայիս 05,2010 00:00 Share

\"\"Կամ Սարգիս Վարդանյանի ուրախ-տխուր հուշերը

Գեղանկարիչ, պատերազմի վետերան, Հայաստանի նկարիչների միության անդամ Սարգիս Վարդանյանը 87 տարեկան է։ 14 տարեկանում նա ընդունվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը՝ գեղանկարիչ Աշոտ Միրզոյանի դասարանը։
Կրթությունը կիսատ թողնելով, Սարգիսը որոշում է կամավոր մեկնել ռազմաճակատ, հույս ունենալով, որ դրանով կօգնի ընտանիքին. հորը պատերազմ չեն տանի ու առանց խնամքի չեն մնա տատը, մայրը եւ բոլորովին փոքր քույրն ու եղբայրը։ Սակայն ռազմաճակատ են տանում եւ Սարգսին, եւ նրա հորը։ Հայրը՝ Հովսեփ Վարդանյանը, լուսավոր մի անձնավորություն, պատերազմից տուն չվերադարձավ՝ նա անհետ կորածների ցուցակում էր։
Ս. Վարդանյանն էլ մեկնում է Հյուսիս-կովկասյան ռազմաճակատ, մասնակցում նախ պաշտպանական, ապա՝ հարձակողական գործողություններին։
«Ռազմաճակատ գնացողը հաճախ իր հետ տանում է որեւէ նվիրական իր։ Իմ ծոցագրպանում Վահան Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն էր։ Այն վաղուց մաշվել էր, խունացել, բայց ավետարանի նման միշտ մոտս էր, կարդալով՝ ուժ էի ստանում»,- հիշում է մեր զրուցակիցը։
Պատերազմական տարիների մասին նկարիչը երկար ժամանակ չէր սիրում խոսել, դա դառը, ցավոտ ու միայն իր համար ներքին թեմա էր։ Միայն տարիների հեռվից նա սկսեց պատմել իր տեսածը, տպավորությունները, որոնք էլ ավելի շատ մարդկային հարաբերությունների ու մարդու տեսակի մասին են: «Հասել էինք առաջին գիծ։ Հրաման էր տրված, որ հաջորդ առավոտ հարձակվում ենք։ Մենք բոլորս նորակոչիկներ էինք, ու սա մեր առաջին մարտն էր։ Գնդի հրամանատարը, որ ազգությամբ ռուս էր, մի տարօրինակ հրաման արձակեց. առավոտ կանուխ, երբ կհնչի Բեթհովենի Հերոսական սիմֆոնիան, մեր գումարտակը պետք է անցնի հարձակման։ Բարձրախոսներով միացրել էին երաժշտությունը, այդ հնչյունների տակ էլ մեզ գոռում-գոչյունով դուրս հանեցին թշնամու դեմ… Անխոհեմ հրամանատարի գործողությունների արդյունքում մեր գումարտակը գրեթե ամբողջովին ջախջախվեց. անփորձ զինվորների մեծ մասը կամ զոհվեց, կամ վիրավորվեց։ Ովքեր որ մնացել էինք, ցաքուցրիվ զինվորներով փորձում էինք իրար գլխի հավաքվել ու միանալ մեր հիմնական զորագնդերին։ Հունվարյան օրեր էին, երկար քայլելով՝ հոգնած, ցրտից սառած ես ու մեր համագյուղացի Կոլյան Վորոշիլովսկում մի դուռ թակեցինք։ Տան դուռը բացեցին երկու կին ու երբ տեսան, որ զինվորներ ենք ու այն էլ հայ, շատ ուրախացան ու ներս տարան։ Պարզվեց, որ քույրեր են՝ հայ բժշկուհիներ։ Նրանք մեզ հոգատար մոր նման ընդունեցին, կերակրեցին, երկար զրուցեցինք։ Ուշ գիշեր էր, նրանք ջուր տաքացրին ու մենք լողացանք, մաքուր շորեր հագանք ու խաղաղ քուն մտանք՝ վաղուց կարոտ մաքրության ու տաք անկողնու։ Իսկ մեր հայրենակիցները, ողջ գիշեր արթուն, խմորեղեն էին թխում ու մեզ համար ճանապարհի պատրաստություն տեսնում…»,- պատերազմական դրվագներից մեկն է ներկայացնում նկարիչը:
1944 թ. Սարգիսը զորացրվում ու վերադառնում է Հայաստան, ընդունվում Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ Որպես դիպլոմային աշխատանք՝ ներկայացնում է «Ավարայրի ճակատամարտը» մեծադիր կոմպոզիցիոն կտավը, ղեկավար՝ Էդվարդ Իսաբեկյան։ Գեղանկարիչ Ս. Վարդանյանը ունեցել է երեք անհատական ցուցահանդես, մի շարք թատերական ձեւավորումների հեղինակ է։ Նրա յուղաներկ կտավներն ու ջրաներկ աշխատանքները ցուցադրվել են հանրապետական ու միութենական տասնյակ ցուցահանդեսներում։ Այդ գործերից շատերը այսօր մասն են կազմում մասնավոր հավաքածուների ու պետական մշակութային ֆոնդերի։ Ս. Վարդանյանը համահեղինակ է Սարդարապատի ազգագրության թանգարանի մեծ դահլիճի որմնապատկերի։
Նա նաեւ արտահայտիչ գծանկար ունի, ինչը լավ երեւում է նրա կերտած դիմանկարներում ու կոմպոզիցիոն աշխատանքներում։ Այդուհանդերձ, նկարչի նախընտրելի ժանրն է բնապատկերը։ Նա առանձնահատուկ սեր ունի հայկական բնաշխարհի ու հատկապես Սեւանի հանդեպ։ Իզուր չէ, որ Սեւանին նվիրված հերթական շարքից հետո մտերիմ ընկերները նրան սկսեցին Ծովային կոչել։ Օրերս ԱԺ նախագահի անունից շնորհակալագիր ուղարկվեց Ս. Վարդանյանին՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ եւ արվեստում նկարչի ունեցած վաստակի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել