Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 28,2010 00:00

Մտածելու հրավեր

\"\"Ընդդե՞մ, թե՞ հանուն
Երբ պայքարում ես ինչ-որ բանի դեմ, առնվազն պետք է հասկանաս, թե ինչն ես պաշտպանում: Եթե ջատագովում ես հանուն սրբության, գոնե այդ սրբության հետ կապ ունեցող կամ դա փնտրող մարդ պետք է լինես: Այլապես քո ջատագովությունից ոչ սրբությունը կշահի, ոչ էլ՝ դու: Աղանդավորության հիմքը ամբողջական պատկերի տեսողության բացակայությունն է: Իսկ աղանդավորությունը սոսկ կրոնական երեւույթ չէ եւ բնորոշ է մարդկային կյանքի բոլոր կողմերին: Այս չարորակ երեւույթի ամենածանր դրսեւորումներից մեկը կրթական աղանդավորությունն է, որի մեջ խորասուզված ենք ազգովին՝ «մերն ուրիշ է» նշանաբանով: Եթե «մերն ուրիշ է», հոգ չէ, թե ուրիշն ինչ է անում, եւ ամենեւին կարիք չկա տեսնելու, թե ինչ է կատարվում աշխարհում:
Ինչպես միշտ, այնպես էլ այժմ մենք արթնանում եւ միավորվում ենք արտաքին վտանգների պարագայում: Այս վերջին ժամանակաշրջանում մի ամբողջ շարժում ձեւավորվեց, եւ մեծ ընդվզման ալիք բարձրացավ ընդդեմ օտարալեզու դպրոցների, բավականին լուրջ մարդիկ յուրահատուկ կերպով սկսեցին ջատագովել հայկական կրթությունը՝ մահացու վտանգ տեսնելով օտարալեզու կրթության մեջ: Սակայն ո՞րն է հայկական կրթությունը կամ ընդհանրապես հայկականությունը, եւ հանուն ինչի՞ է այդ պայքարը: Այս հարցերը բաց մնացին:
Ազգայինը՝ Սրբոց
Թարգմանչաց
խորհուրդով

Նախ՝ երբ խոսում ենք ազգային դպրոցի մասին, չորս բան պետք է նկատի ունենանք. ա) լեզուն, բ) բարոյական-արժեքային համակարգը, գ) գիտելիքի բովանդակությունը, դ) աշխարհայացքային առանցքը: Բաց թողնելով վերջին երեք կետերը, որոնց հետ առնչված կա՛մ ոչինչ չենք արել, կա՛մ ուղղակի փչացրել ենք եղածը՝ խոսենք հայոց լեզվի դասավանդման մասին: «Այբ» կրթական հիմնադրամի անցկացրած մրցույթները ցույց են տալիս, որ մեր երեխաների ամենավատ արդյունքները հայոց լեզու առարկայից են: Նրանք չունեն գրելու, խոսելու, զրոյից տարբեր մտքեր արտահայտելու տարրական հմտություններ: Հայկական կրթություն նախեւառաջ նշանակում է հայերեն լեզվամտածողության ձեւավորում: Լեզուն հզորագույն հոգեւոր-փիլիսոփայական, մտածելակերպային-ճանաչողական եւ ստեղծագործական-վերլուծական գործիք է եւ ոչ թե քերականական կանոններից ու դասականներից անվերապահորեն կառչելու կամ պարզունակ հաղորդակցության միջոց: Անգլերենի (ՄԲ-ական AS/A մակարդակ կամ Միջազգային բակալավրիատ համակարգեր) եւ հայերենի դասավանդումների պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ դրանք, ըստ էության, տարբեր բաներ են: Անգլերենի՝ բարձրորակ եւ գեղեցիկ ձեւավորմամբ դասագրքերի նպատակն է երեխաներին սովորեցնել քննական մտածողություն, բնագրային վերլուծություն, տրամախոսություն, գրելու արվեստ եւն: Նայում ես այս տարիների մեր ստեղծած անհրապույր եւ համաշխարհային զարգացումներից դուրս ընկած դասագրքերին, փակվում ես մտածելու եւ սովորելու նկատմամբ: Խոսում ենք հայկական դպրոցի մասին, ուր ոչնչացվում է հայկականությունը: Ասվածը մի քանի բացառություններով հավասարապես վերաբերում է նաեւ այլ առարկաների դասագրքերին, որ անկախության այս տարիների ընթացքում ստեղծվել են Հայաստանում: Զարմանում ես՝ մի՞թե այսպես կարելի է վերաբերվել սեփական սերնդի հետ: Ահա թե ինչի կարող է հանգեցնել համաշխարհային կրթական դաշտից կտրվելը, մեծ պատկերը տեսնելու անկարողությունը եւ ինքնափակ վերարտադրությունը:
Մենք թերեւս միակ ժողովուրդն ենք, որ նվիրականացրել է թարգմանության գաղափարը եւ ունի Սրբոց Թարգմանչաց տոն: Իսկապես, սուրբ Սահակի, սուրբ Մեսրոպի եւ նրանց աշակերտների հոգեւոր սխրանքը մեզ համար դարձավ ինքնության առանցք եւ նոր աշխարհընկալման հիմք: Ո՞րն է դրա էությունը: Նախ՝ թագմանությունը համարվել է արվեստների արվեստ եւ աստվածային անեղ իմաստները մարդկանց մեկնելու մեծագույն շնորհ: Երկրորդ՝ թարգմանությունը աշխարհի հետ հաղորդ լինելու եւ համաշխարհայինը յուրացնելու ճանապարհ է: Եվ կարեւոր է, որ այս շնչով է ստեղծվել մեր ազգային դպրոցը: Մեր հայրերը խուսափել են կղզիացումից եւ լավագույնին հաղորդ լինելը դարձրել են ազգային գիտակցության հիմք:
«Այբ» հայկական դպրոց
Մենք այսօր կանգնած ենք արդի կյանքին եւ մարտահրավերներին համապատասխան կրթական նոր մշակույթ ստեղծելու հրամայականի առջեւ: «Այբ» հիմնադրամի կողմից 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելի մշակումն այդ ուղղությամբ կատարվող բեկումային քայլերից է: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ Հայաստան ենք բերել լավագույն կրթական տեխնոլոգիաները (լաբորատորիաներ, մեթոդոլոգիաներ, մշակումներ, մրցույթներ, դասագրքեր)՝ համադրելով մեկ միասնական պատկերի մեջ: Մենք շարժվում ենք ոչ թե այս կամ այն համակարգի պատճենահանման ճանապարհով, այլ յուրաքանչյուր համակարգից լավագույնն ընտրելով: Աշխատելով աշխարհի առաջատար գիտնականների հետ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, Հարվարդի համալսարանից եւն, մշակել ենք կրթության բովանդակության եզակի նախագիծ: Այսօր ընթացքի մեջ է աշխարհի լավագույն դասագրքերի հայերեն թարգմանությունը, եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ մշակվել է անգլերենի ուսուցման աննախադեպ ծրագիր, ինչը մեզ հնարավորություն կտա ինտեգրվելու համաշխարհային կրթական դաշտ: Ընթացքի մեջ է ամենադժվար խնդիրը՝ հայերենի եւ հայագիտական առարկաների՝ նոր սերնդի դասագրքերի ստեղծումը:
Հայկական միջազգային դպրոց՝ սփյուռքում
Մեր ժողովրդի երկու երրորդը ապրում է Հայաստանից դուրս, եւ մենք պետք է միասնական կրթական գաղափարախոսություն մշակենք՝ մեր երիտասարդությանը հայկական դաշտում պահելու համար: Այսօր հայության ուծացման եւ տարրալուծման տեմպերը հասել են ահռելի մասշտաբի, որովհետեւ մեր սփյուռքահայ դպրոցները փակվում են, իսկ եղածների որակն էլ բարձր չէ: Եթե անցյալ դարասկզբին հայկական կրթություն ունենալը համարվել է բարձր դասակարգի պատկանելության ցուցանիշ, ապա այսօր այն չունի այդպիսի որակ եւ ձգողականություն: Եվ հայ երիտասարդներն ունեն ավելի լավ հնարավորություն՝ իրագործվելու օտար բարձրորակ միջավայրերում: Արդյունքում մենք դիտվում ենք որպես ասելիք չունեցող ժողովուրդ եւ վերածվում պատմական անճարակ հիշողության՝ բարոյալքելով մեր երիտասարդությանը: Առանց մրցունակ հայկական դպրոցի՝ սփյուռքի կյանքի տեւողությունը կարող է լինել շատ կարճ: Բնականաբար, սփյուռքյան իրականության համար պետք է մշակվի համապատասխան հայեցակարգ՝ ըստ տվյալ երկրի պահանջների եւ միջազգային չափորոշիչների: Մելգոնյան կրթական հաստատությունը լավագույն օրինակներից է: Լինելով հայկական թեքումով անգլալեզու դպրոց (բացի հայագիտական առարկաներից, բոլոր առարկաները դասավանդվել են անգլերեն)՝ Մելգոնյանը կարողացել է ապահովել հայերենի ուսուցման այնպիսի որակ, որ Հայաստանի շատ դպրոցներ կնախանձեին ունենալ: «Այբ» կրթական հիմնադրամը մշակել է Հայաստանում 2011 թ. բացվող «Այբ» հայկական դպրոցի միջազգային մոդելը, որն օրերս քննարկվել է Կիպրոսի կառավարության հետ եւ հավանության արժանացել: Ծրագրվում է «Այբ» դպրոցի՝ աշխարհով մեկ տարածումը սկսել Կիպրոսից, եւ դրա համար կան կարեւոր նախադրյալներ:
Միջազգային
համահայկական դպրոց՝ Հայաստանում

Բնականաբար, մենք չենք կարող սահմանափակվել միայն սփյուռքում հայկական դպրոցներ հիմնելով: Սփյուռքահայ երիտասարդն իր տեղը պետք է ունենա նաեւ Հայաստանում: Մենք չենք կարող միայն այդ երիտասարդներին կանչել զբոսնելու, ուտել-խմելու, զվարճանալու եւն: Մենք պետք է նրանց առաջարկենք այնպիսի կրթություն, որը կունենա բարձրագույն միջազգային մակարդակ եւ կապահովի հայերենի, հայ գրականության եւ հայոց պատմության որակյալ ուսուցում: Այստեղ չկա որեւէ վտանգ: Օրինակ՝ Դիլիջանի միջազգային դպրոցն իր առջեւ դրել է հենց այդպիսի նպատակ՝ սփյուռքահայ երիտասարդին հայրենիք բերել, հայերեն սովորեցնել եւ հայրենիքի հետ կապել: Կարծում եմ, որ դա միանգամայն ազնիվ նպատակ է եւ արժանի է աջակցության: Բացի դրանից, մենք չենք կարող պարփակվել ինքներս մեր մեջ, եւ պետք է գիտակցենք, որ աշխարհի մեկ մասն ենք: Մենք պարտավոր ենք մեր լեզուն ու մշակույթը տարածել օտարների մեջ՝ մեր բարեկամների ցանց ստեղծելով աշխարհով մեկ: Թե՛ սփյուռքում ստեղծվող «Այբ» միջազգային դպրոցի եւ թե՛ Դիլիջանի միջազգային դպրոցի գաղափարախոսության կարեւոր ուղղություններից մեկն է՝ օտարներին բերել բարձրակարգ հայկական կրթական միջավայր, նրանց հաղորդակից դարձնել հայկականությանը եւ դրանով հզորացնել մեր ազգի դերն ու ներկայությունը աշխարհում:
Սակայն միշտ պետք է հիշել, որ կրթական միջավայրի նախագծումը նրբագույն խնդիր է: Շատ կարեւոր է, թե ինչ հոգի ու շունչ ես դնում դրա մեջ, ինչ աշխարհայացքային առանցքի շուրջ ես հավաքում քո կրթությունը: Կարող է բոլոր բաղադրիչները լավ մտադրությամբ համադրես, բայց դրանք միասին չաշխատեն: Կրթությանը մոտենալ որպես բիզնեսի՝ անընդունելի է: Կրթությունը առաքելություն է եւ առաքինություն: Դպրոցը հասարակական կյանքի ամենահիմնարար հասկացությունն է. դպրոցում է ձեւավորվում մարդը՝ որպես հասարակության անդամ եւ որպես որոշակի ընդհանրական գիտակցության կրիչ, դպրոցը տվյալ ժողովրդի ժառանգության եւ համամարդկային ձեռքբերումների փոխանցման հանգույցն է, հասարակության պատասխանատվության եւ նվաճումների ներդրման առաջնահերթ օղակը: Ուստի դպրոցաշինության մեջ հասարակության ներգրավվածության ապահովումը գերխնդիր է: Այլապես ամենալավ դպրոցն անգամ կվերածվի կարկատանի եւ երբեք այդ հասարակությանը չի ծառայի:
Կարծում եմ, որ Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը կարիք ունի լայն հանրային քննարկման: Մինչ այժմ բովանդակային որեւէ քննարկում չի կատարվել: Անշուշտ, երբ մարդիկ մտածում են միջազգային դպրոց հիմնել Հայաստանում սփյուռքահայ երեխաների համար, վատ չէր լինի, որ նրանք նույնքան հոգածություն ցուցաբերեին Հայաստանի երեխաների նկատմամբ եւ բարձրացնեին հայկական դպրոցի մրցունակությունն ու որակը: Խոսքս հայկական կրթության մեջ ուղղակի ներդրումների մասին է: Սրանով կստեղծվի առողջ մրցակցային դաշտ, կփարատվեն հայկական կրթությանը սպառնացող կասկածները, եւ հասարակությունը չի պառակտվի էլիտարի եւ ոչ էլիտարի:
Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ապա դրանց անհրաժեշտությունը չկա, եւ չեմ կարծում, որ Դիլիջանի միջազգային դպրոցի նախաձեռնության հեղինակներն այդպիսի նպատակ են հետապնդել: Միշտ էլ կարելի է ստեղծել միջազգային հաստատություններ համապատասխան միջպետական պայմանագրերով, առանց դուռ բացելու անկառավարելի եւ անկանխատեսելի երեւույթների ներթափանցման համար: Պետք է հասկանալ, որ օրենսդրական փոփոխություններ կատարելու եւ դռներ բացելու արդյունքում հնարավորություն է ընձեռվում «լավ տղերքին» կամ աղանդավորներին՝ «գործ կպցնել», կրթական դուքան բացել, բազմաթիվ երեխաների խեղել ու կործանել: Նրանցից շատերի համար խանութ բացելը եւ դպրոցի «գործ դնելը» հավասարազոր բիզնեսներ են:
Ամփոփում
Մենք աշխարհով մեկ սփռված մեկ ժողովուրդ ենք: Ազգային տեսանկյունից չկան սոսկ հայաստանյան եւ սոսկ սփյուռքյան խնդիրներ: Կրթությունն ազգային գոյության առանցքն է: Բայց երբեք մենք այն չենք քննարկել առավել լայն համազգային համատեքստում: Երբեք չենք փորձել մշակել մեր սփռվածությանը համապատասխան կրթական գաղափարախոսություն եւ իրագործման ծրագիր: Մենք կարիք ունենք ստեղծելու մեր ազգային կրթության բաձրորակ բրենդը եւ այն տարածելու աշխարհով մեկ: Կրթությունն այն ասպարեզն է, ուր մենք պետք է կենտրոնացնենք մեր ներուժը՝ մրցունակ սերունդ ապահովելու եւ մեր երեխաներին ուծացումից փրկելու համար: Ժամանակն է հասկանալու պարզագույն իրողություններ. ազգային, քաղաքական, տնտեսական որեւէ խնդիր լուծում չունի՝ առանց կրթության: Ամեն ինչ սկսվում է կրթությունից եւ վերջանում կրթությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել