Լրահոս
Օրվա լրահոսը

Հետտոնական սթրեսը՝ բնական երեւույթ

Հունվար 12,2011 00:00

Փաստում են հոգեբանները

Յուրաքանչյուր ոք տոներին կամ ծննդյան օրերի հետ կապված մեծ ակնկալիքներ ունի՝ այսինչը զանգ կտա, կշնորհավորի, կայցելի, կհյուրընկալվի… Իսկ երբ այդ սպասումները չեն արդարացվում, մարդուն պատում է միայնության, անպիտանության զգացումը: Ըստ հոգեբաններ Կարինե Նալչաջյանի եւ Սամվել Խուդոյանի, որոնք երեկ հյուրընկալվել էին «Հայելի» ակումբին, այդ երեւույթը կոչվում է հետտոնական դեպրեսիոն ժամանակաշրջան:

Կ. Նալչաջյանի խոսքով, հոգեբանության մեջ հետտոնական դեպրեսիոն վիճակ հասկացություն կա եւ պարտադիր չի, որ այդ տոնը Նոր տարին լինի: Հոգեբանը նշում է, որ հետտոնական դեպրեսիայի դրսեւորումներն այնքան էլ բարդ չեն. «Արտահայտվում է տրամադրության թեթեւակի անկումով, որը կարող է առաջանալ յուրաքանչյուրի մոտ: Խորը դեպրեսիվ վիճակը բնորոշ է այն մարդկանց, որոնք հակում ունեն դեպրեսիաների կամ տառապում են դրանով: Այս պարագայում գործ ունենք ավելի սրված դեպքերի հետ»: Ինչ վերաբերում է Ամանորից հետո առկա սթրեսային վիճակներին, Կ. Նալչաջյանը պարզաբանեց. «Տոներն իրենց հետ բերում են դեպրեսիաներ: Եթե մի որոշ ժամանակ մարդը սրտանց ուրախանում է, ապա բնական է, որ դրան պետք է հաջորդի տխրությունը: Տոնից առաջ եւ ընթացքում մարդիկ տեւական ժամանակ խորասուզված են տոնակատարության նախապատրաստական եւ նմանատիպ այլ երեւույթների մեջ՝ երգ, պար, հյուրընկալություններ, այցելություններ, ուտել, խմել եւ այլն: Այդ օրերի ընթացքում մեր կյանքի սովորական ռիթմը խաթարվում է: Մարդն ընդհանրապես ապրում է շարունակական վիճակում՝ գիտե վաղն ինչ է լինելու, ուր է գնալու: Իսկ տոնը գալիս եւ մեր կյանքի որոշակի ժամանակահատվածում խաթարում է այդ շարունակականությունը: Նման խաթարումներից հետո մարդը ստիպված է լինում վերսկսել իր կյանքի սովորական ռիթմը, որը խախտվել էր»: Կ. Նալչաջյանը ասում է նաեւ, որ տոնական օրերը մեզանից մեծ էներգիա են խլում. «Արդյունքում առաջանում է ինքնասպառման զգացողություն: Հետտոնական շրջանում մարդն ունենում է ներքին դատարկության զգացողություն: Եթե Նոր տարվա հետ կապված մարդն ունենում է մեծ սպասումներ, հույսեր, մեկ էլ տեսնում է՝ չէ, ամեն ինչ նույնն է, նույն առօրյան, ապա այս պարագայում թեթեւակի տրամադրության անկում է նկատվում»:

Հետտոնական դեպրեսիաներից ազատվելու համար, ըստ Կ. Նալչաջյանի, պետք է վերադառնալ գործնական կյանքին, զբաղվել առօրյա հոգսերով եւ աշխատանքով. «Այս իրավիճակից դուրս գալու եւ դեպրեսիայի մեջ չընկնելու համար հարկավոր է ուղղակի լավ հանգստանալ: Պետք է ամեն գնով փորձել վերադառնալ կյանքի հունին, աշխատանքին, քանի որ շատ դժվար է տոներից հետո կրկին աշխատելը»:

Ս. Խուդոյանի խոսքով էլ՝ հետտոնական սթրեսը բնական երեւույթ է. «Օրինակ, մի լավ ծիծաղելուց հետո մի տեսակ տխրում ենք, չէ՞: Նույնն էլ եւ հետտոնական շրջանում է: Այս պարագայում ճիշտ չէ այդ երեւույթը բնորոշել որպես դեպրեսիա: Սա ավելի շուտ դիսֆորիա է կամ՝ ուղղակի տխրություն: Տոներից հետո մարդու մոտ էներգիայի սպառում է սկսվում: Եվ որքան բուռն է անցկացվել տոնը, այնքան տխրություն կոչվածը կարող է ուժեղ լինել: Նմանատիպ երեւույթները պարտադիր չէ՝ լինեն մասսայական, դա կախված է մարդու ունակություններից, սթրեսից դուրս գալու նրա ռազմավարությունից»:

Ս. Խուդոյանի բնութագրմամբ՝ հետտոնական սթրեսից ազատվելու համար խորհուրդ է տրվում քնել. «Տոնական օրերին ավելորդ սթրեսներից ազատվելու ձեւ է, օրինակ, տնից փախչելը: Այժմ ընդունված է հանգստյան տներում կամ արտասահմանում Ամանոր դիմավորելը: Բայց ամենալավ միջոցը շատ քնելն է, մարմնամարզությամբ զբաղվելը»:

Կարծիքին, թե ինքնասպանության դեպքերը հիմնականում արձանագրվում են հետտոնական շրջաններում՝ Ծննդյան, Ամանորի տոներից հետո, հոգեբանները չհամաձայնվեցին: Ս. Խուդոյանի հավաստմամբ, գուցե տոները նպաստեն միայնության զգացումի սրացմանը, բայց այդ պատճառով ինքնասպանության մարդ երբեք չի գնա: «Ինքնասպանությունը երկար ժամանակ մտածված, մշակված, ծանր ու թեթեւ արված միտք է, որը մարդու մոտ կարող է երկար ժամանակ լինել: Եթե Ամանորին քեզ մեկը չի հիշում, չի զանգում, չի շնորհավորում, այս պարագայում է միայն քեզ պատում միայնակ լինելու գաղափարը»: Կ. Նալչաջյանն էլ նշեց. «Հենց այդ միայնակության զգացումն է առաջացնում դեպրեսիվ վիճակ: Մտածում ես՝ ոչ ոքի պետք չես եւ ոչ օգտակար: Բայց այս մտքերը ինքնասպան լինելու միտք չեն առաջացնի մարդու մեջ: Ինքնասպանության գնացող մարդը երկար է մտածում իր այդ քայլից առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել