Դոկտոր-համայնքապետն ասում է, որ իրեն զրպարտել են, իսկ համագյուղացիներն այլ կարծիքի են
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցը՝ ընդդեմ նույն գյուղի բնակիչ Գեւորգ Մելքոնյանի:
Համայնքի ղեկավարը համագյուղացուն մեղադրում է այն բանի համար, որ 2010 թ. սեպտեմբերի 1-ին ԶԼՄ-ներից մեկով Գեւորգ Մելքոնյանը հրապարակայնորեն զրպարտել է իրեն, արատավորել իր բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը: «Պատասխանողն այդ հոդվածում ասում է, որ ես ապօրինի հանք եմ դրել: Ես հանք չեմ դրել: Զրպարտություն է նաեւ, որ ես հանցավոր համաձայնության եմ եկել Սամվել Հարությունյանի հետ: Ինչպես նաեւ՝ «Մենք ուզում ենք իմանալ՝ այստեղ արածողը Սամվելն ա լինելու, գյուղապետը, թե ավագանին…», վիրավորական արտահայտություն է, որի համար պահանջում եմ, բնականաբար, հրապարակավ նույն լրատվամիջոցով ներողություն խնդրել: Նույն հոդվածում, նաեւ պատասխանողն ինձ անվանում է «անգրագետ», այն դեպքում, երբ ես բանասիրական գիտությունների դոկտոր եմ»,- դատարանում հոդվածի բովանդակության հետ համամիտ չլինելու փաստարկների մասին էր պատմում Լեռնապատի ղեկավարը:
Պատասխանող կողմը՝ Գեւորգ Մելքոնյանը, համամիտ չէ համայնքապետի կարծիքին. ինքը չի վիրավորել նրան, իսկ եթե համայնքապետը համարում է, թե իրեն վիրավորել են, ապա հենց իր՝ համայնքապետի վերաբերմունքն ու արտահայտություններն են իրենց նկատմամբ վիրավորանք: «Նախ ինքը, որ ստեղ ասեց, կեսից ավելը զրպարտանք էր: Ես իրան չեմ ասել անգրագետ: Ես անգրագետ անվանել եմ ավագանիներին: Ինքը լրիվին կարա ինչ ասես ասի. մարդուն մարմնավաճառ է անվանում: Օրերս իր մոտ համայնքի հաշվետվության ժողով էր, ընդեղ մեկը իրան հարց ա տալիս, էդ մարդուն ասում ա՝ տհաս ես, դու նստի: Իրան ամեն ինչ կարելի ա: Ես էս պետությունից ոչ մի ակնկալիք չունեմ, չգիտեմ՝ ինչ ա լինելու: «Նամակ խմբագրությանը» հոդվածում գյուղապետը գրել ա՝ «Լեռնապատ համայնքի մի քանի անգրագետ եւ բանսարկու բնակիչների զրպարտանքներով», ինքն ա ասում, ինքը մեզ կարա ասի: Ամեն ինչ իրան կարելի ա, ես սկզբից աշխատել եմ իրա հետ, քարտուղար, 2002 թ.-ից հետո գնացել եմ Ռուսաստան, 2009թ.-ին եկել եմ: Մարդիկ ասում էին՝ մեզ ուշունց ա տալիս: Հանքը տներին շատ մոտիկ ա, այնտեղ պայթեցումներ են եղել, դիմել ենք: Բա որ ավագանին որոշել ա՝ Հարությունյան Սամվելին տան արոտավայրը, հարց է առաջանում, ես ասել եմ՝ ընդեղ ով ա արածելու. Հարությունյան Սամվելը ոչ անասուն ունի, ոչ էլ: Խախտումներ են հայտնաբերել արոտավայրում: Եթե արոտավայր ա, ըտեղ ինչ խախտում պիտի գտնեն. Սպիտակից անասո՞ւն պիտի գար արածելու»,- նկարագրում էր լեռնապատցին: Գյուղի բնակիչն ավելացնում է նաեւ, որ գյուղապետը համայնքի բյուջեն իր կարիքների համար է օգտագործել. «Էս ամեն ինչն սկսեց նրանից, որ մենք կանգնեցինք մի քանի հոգով, ասինք՝ բավական է էս համայնքի բյուջեն ուտես, մոտ 1 միլիոն դրամ, կարծեմ 800 քանի հազար դրամ, համայնքի բյուջեից ինքը դուրս ա գրել՝ իրա վրա՝ իրա գիրքը տպելու համար, որ դոցենտ դառնա: Նման դեպքերը շատ են: Մարդիկ կային, որ ասում էին՝ 3-4 ամսվա նպաստը վերցնում ա: Ուրիշները՝ 50 հազար իմ անունով բյուջեից դուրս ա գրում որպես օգնություն, 5000-ը տալիս ա, 45000-ը թողնում ա իրեն: Ըտենց մարդիկ հավաքվեցին: Պահանջել ենք ավագանու որոշումները, չի տվել: Մարզպետարանը մեզ տրամադրեց, ընդեղ արդեն ջրի երես եկավ, որ քրոջ տղեն 100000 ա ստացել, հերը՝ 600000: Կան տասնյակ մարդիկ, որ իրանց նախնական ցուցմունքներից հրաժարվել են, ինքը նրանց կաշառել ա»,- հավելում է Լեռնապատի բնակիչը: Լեռնապատի համայնքապետը, սակայն, այս ամենը զրպարտություն է համարում, չի կիսում գյուղացիների կարծիքը: Դատարանը՝ ի դեմս դատավոր Վարդուհի Հովնանյանի, որոշում կայացրեց գործում ներգրավել նշված օրաթերթի գործունեությունն իրականացնող ՍՊԸ-ին՝ հաջորդ դատական նիստին դատարան հրավիրելով: Վերոնշյալ որոշման դեմ դատարանում պատասխանող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը համամիտ չէ: «Դատարանը որոշում է կայացնում, ինչը վերաբերում է թերթի իրավունքներին ու պարտականություններին: Այստեղ թերթի իրավունքի եւ պարտականության խնդիր չկա: Թերթն ի՞նչ կապ ունի: Կարող է առանց թերթին հրավիրելու որոշում կայացնել, եթե դրական է, պատասխանող կողմին կարող է պարտավորեցնել հերքում տալ եւ, միաժամանակ, որոշման մեջ պարտավորեցնել օրաթերթին՝ հրապարակել հերքումը: Հրավիրելու խնդիր չկա»,- կարծում է իրավապաշտպանը:


















































