Գնալով մեծանում է հայաստանյան հասարակական կազմակերպությունների ցանկությունը՝ համագործակցելու ՊՆ-ի հետ:
Վերջին տարիներին տարբեր ազգային տոների եւ հատկապես բանակային տոների առիթով հաճախ են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ, որոնց կազմակերպիչները երբեմն լինում են նորաթուխ հասարակական կազմակերպություններ: Գնալով ավելանում է հասարակական կազմակերպությունների թիվը, որոնց՝ հուզական-հայրենասիրական տերմիններ պարունակող անունները առանձնապես ոչինչ չեն վկայում նրանց հայրենասիրական ու ազգանվեր գործունեության մասին: Բայց արի ու տես, որ այդ նույն հ/կ-ները հաճախ փոխադարձաբար մեկը մյուսին պարգեւատրում էին ինչ-որ նորանուն պատվոգրերով ու մեդալներով, ինչ-որ անծանոթ հիմնադրամների հատուկ կոչումներով: Սրանք հիշեցնում են սովետների տարիների միջոցառումներ, երբ կոլտնտեսականներին կամ արտադրության առաջավորներին պարգեւատրում էին մեդալներով: Մի տարբերությամբ, որ այն ժամանակ կային քիչ թվով անվանական մեդալներ եւ մարդիկ գիտեին, թե որ մեդալը որ դեպքում եւ ինչի համար էր տրվում քաղաքացուն: Իսկ այսօրվա նորաթուխ մեդալ շնորհողների կողմից տրված անհասկանալի անուններով ու կոչումներով մեդալների անունները լսելիս մնում է անհասկանալի, թե որը ինչի համար է տրվում: Այն, որ մեդալներ կամ պատվոգրեր տրվում են ազատամարտի մասնակիցներին, մարտական ճանապարհ անցած եւ մեր բանակաշինության գործում քիչ թե շատ դեր ունեցած մարդկանց, հասկանալի եւ ողջունելի է: Բայց որ դրանք տրվում են բանակի կայացման ու զարգացման հետ առանձնապես կապ չունեցող մարդկանց, մեղմ ասած, անհասկանալի է: Վստահորեն կարելի է ասել, որ էժանացել ու արժեզրկվել են «պատվոգիր» կամ «մեդալ» բառերի իմաստները: «Առավոտը» փորձեց պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից ճտել, թե քանի՞ անուն անվանական մեդալ ու շքանշան կա այսօր Հայաստանում եւ ի՞նչ սկզբունքներով են դրանք տրվում մարդկանց: Բայց մեր հարցը մնաց անպատասխան:
Անհասկանալի կամ, գուցե, շատ հասկանալի պատճառներով հ/կ-ները ձգտում են համագործակցել հենց մեր երկրի պաշտպանական գերատեսչության հետ: Գուցե դրա պատճառներից մեկն այն է, որ որոշ հ/կ-ների նախագահներ ՊՆ-ի հետ երկարատեւ համագործակցության արդյունքում սկսել են ավելի բարեկեցիկ ու շքեղ կյանքով ապրել, օգտվել մի շարք արտոնություններից, առիթ-անառիթ արժանանալ մեդալների, պարգեւների ու մեծարանքի, եւ դա գայթակղում է մյուս հ/կ-ների նախագահներին: Իսկ մեր երկրի պաշտպանական գերատեսչությունը, փաստորեն, դարձել է եկամտաբեր ոլորտ նուրաթուխ հ/կ-ականների համար: Իսկ որտեղ «ուտելու» բան կա, կա նաեւ «կերակուրը» հավասար կամ յուրաքանչյուրն իր օգտին բաժանելու խնդիր, ինչն էլ վերջին շրջանում է դարձել մեծ տարաձայնությունների ու անախորժությունների առիթ: ՊՆ-ի հետ աշխատող հ/կ-ները վերջին շրջանում բաժանվել են մի քանի խմբի եւ սկսել են մեկը մյուսի վրա ցեխ շպրտել՝ բացահայտելով, թե ով որտեղից ինչքան գումար է վերցրել-կերել, ով ում հետ ինչ է կերել;
Բանը հասնում է նրան, որ չարացած հ/կ-ական կանայք անգամ «բացահայտում» են, թե ով ինչ ներքնազգեստ է հագնում կամ, առհասարակ, չի հագնում: Եվ այդ մասին հանրությանը ինֆորմացնում են անգամ մամուլով: Եթե նախարարությունը նպաստում է այն կազմակերպություններին, որոնց անդամները ռազմական ճանապարհ անցած մարդիկ են, կանգնած են մեր բանակաշինության ակունքներում, այսօր էլ նպաստում են դրա զարգացմանը, օժանդակում եւ պաշտպանում են ազատամարտիկների ու նրանց ընտանիքների շահերը, հասկանալի է: Բայց երբ մի նորաստեղծ հասարակական կազմակերպություն, որը մի երկու անգամ երեխաներ է տանում Լեռնային Ղարաբաղ, ՊՆ-ի կողմից ստանում է մի քանի միլիոն դրամ գումար, մոտեցումն անհասկանալի է: Այս տվյալները ճշտելու համար «Առավոտը» երեք շաբաթ առաջ հարցաշար էր ուղարկել ՊՆ-ին, որով հարցեր էին ուղղվել նաեւ, թե քանի՞ հասարակական կազմակերպությունների հետ է համագործակցում նախարարությունը, որո՞նք են դրանք: Խնդրել էինք նաեւ պատասխանել, թե նախարարությունը որքա՞ն գումար է հատկացրել այդ կազմակերպություններին եւ ինչպե՞ս է վերաբերվում կազմակերպությունների միջեւ առաջացած տարաձայնություններին: Բայց մեր հարցումները մնացին անպատասխան: Ուստի հոդվածը հրապարակում ենք առանց թվային տվյալների:


















































