ԱԺ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը խորհրդարանի երեկվա նիստում
Անիմաստ է բացահայտել, թե որքանով է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն համապատասխանում օրենսդրության պահանջներին, որքանով է նրա փորձը համարժեք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառին եւ առավել եւս՝ որքան է բարձր նրա հեղինակությունը մեր հասարակության մեջ:
Սրանք իլյուզիայի ոլորտից են, ում հստակ չէ, որ մեզանում կադրային նշանակումներն ու առաջադրումները կատարվում են մեկ սկզբունքով՝ իշխանությանը հավատարմության սկզբունքով, եւ, կարծում եմ, առաջադրվել է մի թեկնածու, որի առավելություններից հիմնականը՝ գործող իշխանությանը հավատարմությունն է:
Առիթն է խոսելու քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից մեկի՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին եւ այն քաղաքական մշակույթի եւ որակների մասին, ինչ իրականության մեջ ապրում ենք:
Այն, որ մենք հայտարարված սոցիալական, իրավական, ժողովրդավարական երկիրը չենք, եւ, ցավոք, սրանք շարունակում են մնալ սոսկ սահմանադրական հաստատումներ, ապացուցելու կարիք չունի:
Մենք գրեթե բոլոր ճակատներում, այդ թվում Ժողովրդավարության 5 գործոնների՝ ընտրական համակարգի, իշխանությունների տարանջատման, դատական իշխանության անկախության, իրավունքի գերակայության երաշխավորման, մամուլի ազատության ուղղությամբ նահանջներ ենք արձանագրել:
Իհարկե, ամբողջական պատասխանատվությունը քաղաքական մեծամասնությանն է, որը ոչ միայն պատասխան չի տալիս 2008 թվականի հուշագրով ստանձնած ու ձախողած պարտավորությունների համար, այլեւ վերջին հուշագրով քաղաքական դաշտի բետոնացման եւ իշխանությունը ամեն գնով վերարտադրելու կուրս է հայտարարում: Հուշագիրը շատ հստակ ամրագրում ունի՝ խախտվում է մեր բացառիկ իրավունքներից մեկը՝ ընտրության իրավունքը: Հենց այս խախտված իրավունքից էլ սկսվում են նաեւ մեր բոլոր իրավունքների ոտնահարումները:
Եվ ակնկալել, թե այս բետոնապատված քաղաքական իրականության եւ խաղի կանոնների պայմաններում, քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուն կամ առհասարակ որեւէ անհատ կկարողանա անաչառ, օբյեկտիվ լինել եւ վիճակ փոխել, իսկապես իլյուզիաների դաշտից է:
Այն, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը բացարձակապես անընդունելի մակարդակի վրա է, փաստում են տարեցտարի Եվրադատարան դիմող ՀՀ քաղաքացիների աճող թիվն ու տարբեր միջազգային կառույցների զեկույցները: Աշխարհի 167 պետությունների թվում Հայաստանը ժողովրդավարության մակարդակով 109-րդ տեղում է եւ 2008-ի համեմատությամբ որեւէ բարելավում չի արձանագրվել: Ըստ վերլուծաբանների, մենք պատկանում ենք հիբրիդային ռեժիմների թվին, ուր չափազանց ցածր է թե՛ քաղաքական մշակույթի մակարդակը, թե՛ կառավարման համակարգի արդյունավետությունը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլի» տվյալներով, կոռուպցիայի ցուցանիշով 123-126-րդ տեղում ենք, նախկին ԽՍՀՄ բոլոր երկրները մեզնից ավելի լավ դիրքերում են:
Իսկ թե Հայաստանում ինչպե՞ս են առհասարակ արդարադատության եւ դատաիրավական համակարգի մարմինների կողմից ոտնահարվում քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, արձանագրված է ԵԱՀԿ «Դատավարությունների մոնիտորինգի» զեկույցում:
Գնահատականներն այսպիսին են՝ քրեական արդարադատության համակարգում համատարած խախտվում է ազատության իրավունքը, արհամարհվում է անմեղության կանխավարկածը, դատավորների կողմից դատախազական ֆունկցիաներ են իրականացվում, ապացույցները ձեռք են բերվում խոշտանգումների, կտտանքների ու նվաստացումների ճանապարհով, կիրառվում են անհամաչափ անվտանգության միջոցներ՝ ոտնաշղթաներով դատավարություններ, ակներեւ է դատավորների ցածր պրոֆեսիոնալիզմն ու բացարձակ կախվածությունը:
Ըստ էության ՀՀ- ում չեն աշխատում իշխանության թեւերի միջեւ հակակշիռներն ու դատավորների կողմից խախտվում է սահմանադրական կարգը:
Մարդու իրավունքների պաշտպանվածության ներկա մակարդակը խոցելի է դարձնում նաեւ Հայաստանի միջազգային հեղինակությունը: Չեմ կարծում, թե մեր պատվիրակությունը արժանապատիվ վիճակում էր, երբ 2010-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին էր ներկայացնում Հայաստանի ազգային զեկույցն ու այդ առնչությամբ երեք ժամ շարունակ լսում 47 երկրների ներկայացուցիչների քննադատությունն ու հարցադրումները:
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումը շարունակում են մնալ Եվրամիությանը ամենից շատ մտահոգող խնդիրներից մեկը: Խեղճ եվրոպական կառույցները փորձում են համառորեն հավատալ ու պահանջել, որ ֆինանսական աջակցության փոխարեն Հայաստանի իշխանությունները տեր կկանգնեն իրենց հանձնառություններին՝ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանություն ու ազատ մրցակցային պայմաններ: Ու մենք շարունակում ենք մշտական մոնիտորինգների լույսի ներքո ապրել ու մեր պետական արժանապատվությունը վիրավորող, բայց իրականում ճշմարիտ հաստատումներ լսել:
«Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք միայն խոսում են, մինչդեռ անհրաժեշտ է, որ մենք նաեւ նրանց գործը տեսնենք». սրանք Եվրամիության ընդարձակման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլենի խոսքերն են:
Ի դեպ, ՀՀ նախագահն ու վարչապետը հաճախ են դժգոհում գռփելապաշտության, զոռբայության, կաշառակերության, օլիգոպոլիաների թեմաներով՝ մոռանալով, որ այս բոլոր ախտերի արմատը իրավական քաոսն է եւ այն կանոնավորելու վճռականության ու կամքի բացակայությունը:
Ցավում եմ, որ մենք՝ հայերս, մեր պատմությամբ եվրոպական քաղաքակրթության բաժնեկիցը լինելով, այսօր Հայաստանում եվրոպական քաղաքակրթական արժեքներ պիտի հաստատենք՝ ելնելով միջազգային պարտականություններից: Շատ կուզենայի, որ մեր ներկա քաղաքական համոզումն ու հանրային գիտակցությունը այն մակարդակն ունենար, որ դա ներքին պահանջ լիներ, ոչ թե միջազգային կառույցների պարտադրանք:
Ու քանի որ ընտրել ենք արեւելյան տիպի կլանային երկրի՝ իշխանության վերարտադրության ու ձախողումների համար պատասխան չտալու մոդելն ու քաղաքական մշակույթի այս որակը, շարունակ մեր գլխին կախված կլինեն ԵԽ-ի եւ այլ միջազգային կառույցների մահակները:
Եվ ուրեմն պետք չէ զարմանալ, որ ՀՀ քաղաքացիները արդարությունը Եվրոպական դատարաններում են փնտրում, ու իրենց իրավունքներն ու արժանապատվությունը սեփական հողի վրա չգտնելով՝ հազարներով լքում են Հայաստանը:


















































