Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՆՔ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ»

Հունիս 29,2011 00:00

\"\"Համոզված է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը

– Կազանի հանդիպումից առաջ ոմանք կարծիք հայտնեցին, թե փաստաթուղթը, որը կստորագրվի, բոլորովին հայանպաստ չի լինելու, բայց ոչինչ էլ չստորագրվեց:

– Ղարաբաղի հարցի հետ կապված ինքս երբեք բարձրաձայն չեմ խոսել, ելույթներ չեմ ունեցել, եւ դա իմ սկզբունքն է եղել այս տարիներին: Որովհետեւ համոզված եմ՝ դա ոչ թե ազգային կամ կուսակցական հարց է, Ղարաբաղի հարցը վերազգային հարց է, եւ մենք բոլորս պիտի շատ զգույշ լինենք եւ խոսելիս պետք է ուղղորդվենք մեկ սցենարով, մեկ կետից: Եվ երբեք չշահագործենք այդ հարցը մեր անձնական նպատակների կամ կուսակցական վարկանիշ ձեռք բերելու համար: Ինձ համար դա սրիկայություն եւ դավաճանություն է: Լինելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, բազմիցս հանձնաժողովում քննարկելով Ղարաբաղի հարցը՝ ես երբեք ինձ թույլ չեմ տվել որպես անհատ որեւէ կերպ բարձրաձայնել այդ հարցը: Կրկնում եմ՝ այդ ամենը պետք է լինի մեկ կետից, մեկ սցենարով, եւ եթե սցենարում գրված է, որ դու պետք է հայհոյես, ուրեմն՝ դու հայհոյիր, դու հաչա, դու մլավի, այսինչ օրը, այսինչ տեղում: Ցանկացած շեղում ես համարում եմ դավաճանություն: Մինչդեռ որոշ դեղնակտուցներ, որոնք վառոդի հոտը «Կրասնի Մոսկվա» օդիկոլոնի հոտից չեն տարբերում, դեռ փորձում են երկրի նախագահին մարտավարություն սովորեցնել: Ես դա չեմ ընդունում: Մի մարդու, որը մահապարտների առաջին ջոկատի վեց անդամներից էր, որը պաշտպանության նախարար եղած ժամանակ իր ընտանիքը ռմբակոծության տակ էր պահում, մինչդեռ կարող էր հեռացնել, որը աշխատել է համարյա բոլոր պետական պաշտոններում եւ լավ է աշխատել, եւ այսօր նման փորձ ունեցող մարդուն հրապարակայնորեն խորհուրդներ տալը կամ մարտավարություն սովորեցնելը ես համարում եմ կոպիտ սխալ:

– Այդուհանդերձ, կասե՞ք, թե կոնկրետ ում նկատի ունեք եւ ովքեր են, Ձեր կարծիքով՝ հրապարակայնորեն նման խորհուրդներ տվողները:

– Բոլորս տեսնում ենք, որ շատ մարդիկ անգամ իրենց անունները գրելով են փորձում մարտավարություն սովորեցնել նախագահին, էդ մարդկանց երեւի եթե չանգյալով (պատառաքաղ) որեւէ պատառ տաս, ինքնուրույն չեն կարող ուտել, հաստատ իրենց աչքը կհանեն: Էդ մարդիկ իրենց նեղ կուսակցական շահն են հետապնդում՝ ոտնատակ տալով այն մեծ ու վեհ պայքարը, որում մենք հաղթել ենք եւ դեռ պետք է հաղթական ավարտին հասցնենք: Դրանք ինձ համար միանշանակ դավաճան են, իրենց ես նմանեցնում եմ այն ճանճին, որը իր փոքր հաճույքի համար ամբողջը կարող է փչացնել: Ես դրանց խորհուրդ կտայի իրենց քթները չկոխեն այնտեղ, որտեղ ուրիշները…

– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչ վիճակում է Ղարաբաղի հարցը, համաձայնեք, մի պահ թվաց, թե Կազանում արդեն կոնկրետ փաստաթուղթ կստորագրվի, բայց դա տեղի չունեցավ, ուրեմն ի՞նչ է կատարվում:

– Կատարվում է այն, ինչ որ կատարվում է հրեաների հետ. արդեն 44 տարի է՝ վերադարձնում են տարածքները եւ չեն վերադարձնում: Մենք եւս այդպես ազատագրված տարածքները հարյուր տարի կվերադարձնենք: Ես կարծում եմ՝ ոչ մի խնդիր էլ չի լինի, մենք պետք է հավատանք մեր նախագահին, նրա ընտրած մարտավարությանը, եւ եթե որեւէ մեկը մտածում է, թե նախագահից ավելի շատ է սիրում Ղարաբաղը եւ ավելի թանկ է գնահատում պատերազմի զոհերի արյունը, չարաչար սխալվում է: Ես հավատում եմ, որ այս նախագահը ոչ միայն ոչ մի բուռ հող անգամ չի տա, այլեւ՝ այս նախագահի օրոք ազերիները հնարավորություն չեն ունենա անգամ Ղարաբաղի թոթի (նկատի ունի թութը- Մ. Ե.) արաղի համն ու հոտը վերհիշել:

Իսկ թե ինչ մարտավարություն է ընտրվել, ինչ հայտարարություն կանի, որտեղ կանի, երբ կանի՝ դա մենք կտեսնենք: Կարծում եմ՝ դրա համար երկար պետք չէ համբերել՝ մի 10-15 տարի հետո շատ արժեքներ կփոխվեն: Եթե այսօր նավթադոլարներն են առաջնային, եւ որոշ պետություններ իրենց պետական շահը տեսնում են նավթի մեջ, ապա շատ շուտով այդ արժեքները կփոխվեն, պետությունները միմյանց կնայեն ոչ թե նավթի միջից, այլ՝ ժողովրդավարության, ազատ տնտեսական հարաբերությունների, եւ առաջնային կլինի դավանակից լինելը, եւ այդ ժամանակ մեզ համար ավելի հեշտ կլինի:

– Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ հարցի լուծումը որքան հեռանա, այնքան դժվար է լինելու, եւ այսօր ավելի վատ տարբերակ է դրված, քան իր օրոք: Այսինքն՝ որքան հարցը արագ եւ շուտ լուծվի, այնքան կշահենք, եւ որքան ձգձգվի՝ հակառակը: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

– Ես այդ կարծիքը ոչ թե կիսում եմ, այլ համոզված եմ, որ պատերազմից անմիջապես հետո որպես հաղթանակած երկիր շատ ավելի հեշտ էր հարցը լուծել, հրադադարի հարցի հետ միաժամանակ պետք է դրվեր լուծման հարցը: Առաջինի ժամանակ շատ ավելի հեշտ էր, երկրորդ նախագահի համար դժվար էր, երրորդ նախագահի համար ավելի դժվար է լինելու, բայց կգա մի ժամանակ, որից հետո կհասնենք դժվարության պիկին եւ կսկսի հեշտանալ: Այո, առաջինի ժամանակ հեշտ էր, թող լուծեին: Ընդունում եմ, այո, դժվար է այսօրվա նախագահի համար առավել, քան առաջինի համար էր: Բայց բանակցություններ վարելը, հայտարարություններ անելը չի նշանակում հանձնել, մեր նախագահը ոչ մի թիզ հող չի հանձնելու:

– Ստրասբուրգում ՀՀ նախագահի ելույթում կար մի տող, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց. խոսքը պատերազմի պատրաստվելու եւ Ադրբեջանի ռազմական ուժի մասին է, ըստ Ձեզ՝ կա՞ր մտահոգվելու առիթ:

– Կան մարդիկ, որոնք մշտապես ձվի մեջ մազ են որոնում, կարծում եմ՝ նախագահի այդ միտքը իր ելույթի պսակներից մեկն էր եւ շատ բազմանշանակ, որոնցից մեկն էլ այն էր, որ դրանով նախագահը աշխարհին եւ Ադրբեջանին հիշեցրեց պատմության դասերը: Մեր նախագահը իր Հ/հ/եյդարիչ կոլեգային եւ ամբողջ աշխարհին դրանով հիշեցնում էր ֆաշիստական Գերմանիայի եւ նրա առաջնորդի ճակատագիրը: Հիտլերն ամբողջ ազգին պատրաստեց պատերազմի, ամբողջ տնտեսությունը դրեց ռազմական ռելսերի վրա, հարձակվեց, եւ ի՞նչ եղավ վերջում, ինչո՞վ ավարտվեց, աշխարհը գիտի: Կարծում եմ՝ ՀՀ նախագահը դրանով աշխարհին հիշեցրեց պատմությունն ու պատմության դասերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել