Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏՈՒՆՆ ԷԼ Է ՈՒԶՈՒՄ ԼՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Սեպտեմբեր 09,2011 00:00 Share

Մահացած ամուսնու հարազատների պատճառով դրսում հայտնված կինը ուզում է Ռուսաստան գնալ, որպեսզի ամուսնու երեխաներին կարողանա պահել:

\"\"
Սվետլանայի հետ մենք զրուցեցինք մի քաղաքացու տանը.
նրան պարզապես ժամանակավոր օթեւան էին տրամադրել:

Արդեն 3 տարի Սվետլանա Հակոբյանը դրսում է ապրում եւ իր օրվա հացի գումարը հավաքում է մուրացկանություն անելով: Հագուստն ու կոշիկներն էլ է նույն ճանապարհով ձեռք բերում. մեր քաղաքացիներից ոմանք տեսնելով նրա չափազանց հյուծված վիճակն ու մաշված հագուստը՝ նրան պարբերաբար շորեր, կոշիկներ ու ուտելիք են տալիս: Գիշերներն էլ, եթե բախտը բերում է, քնում է ծածկի տակ, ասենք՝ ավտոկայանների կամ հիվանդանոցների պահակների խցում: Մեկ-մեկ էլ նրան իրենց տանը 1 օրով տեղ են հատկացնում մարդիկ, բայց նման բան հազվադեպ է պատահում: Չնայած այդքան դժվարություններին, կինը չի դժգոհում, ասում է. «Փառք Աստծո, ամեն օր ուտում եմ, հագուստ ու կոշիկ էլ ունեմ, ինձ բարի մարդիկ խղճում են ու մնալու տեղ տալիս: Թոշակ էլ եմ ստանում, դա լրիվ ինձ հերիքում է, բայց ուզում եմ գնալ այս երկրից, ուզում եմ գնալ Ռուսաստան: Դիմացը ձմեռ է, այդ ցրտերին էլ չեմ կարողանում դիմանալ ու մնալ փողոցներում»: Սվետլանան արդեն ապրել է Ռուսաստանում, գիտի, որ այնտեղ իր համար ավելի լավ պայմաններ կան, քան այստեղ՝ հայրենիքում: «Այնտեղ աշխատում էի, տանը մնում, բայց եկա այստեղ ու մնացի դրսում»,- պատմում է նա:
Նրան անօթեւանների ժամանակավոր կացարանում ու ծերանոցներում էլ են տեղ հատկացրել, բայց կինը չի հարմարվել, ասում է՝ մարդիկ ամբողջ օրն իրար հետ կռվում էին. «Չմնացի, 2 տեղից էլ փախա: Բարեգործական ճաշարանից էլ չեմ օգտվում, լիքը ինձնից աղքատ մարդ կա, իրենք թող օգտվեն, ես գոնե թոշակ եմ ստանում, իրենք երեւի դա էլ չունեն: Ես շատ քիչ եմ ուտում, իմ խնդիրը միայն քնելուս տեղն է, դա էլ չկա, դրա համար էլ ավելի լավ է գնամ այստեղից: Մի ժամանակ գոնե աշխատում էի, մատուցողուհի էի, բայց մի անգամ աշխատանքի վայրում վատացա, արյունահոսում էի, ինձ տարան հիվանդանոց, վիրահատեցին եւ դուրս մնացի աշխատանքից, որովհետեւ այլեւս չէի կարող ծանր աշխատանք անել»:
Տիկին Սվետլանայի պատմելով, ինքը եղել է հայտնի եւ մեծահարուստ դատավորներից մեկի եղբոր կինը: Նրան այդ տնից դուրս են արել՝ համարելով, թե հոգեպես հիվանդ է եւ այդ տնից ոչ մի բաժին չեն տվել: «Ես 16 տարեկան էի, որ ամուսնացա Կարենի հետ, տեղյակ էլ չէի, որ նրա 2-րդ կինն եմ, հետո իմացա: Մենք մի որդի ունեցանք, որը էպիլեպսիա ուներ: Ամուսինս երկար չապրեց ինձ հետ, գնաց Ռուսաստան, այնտեղ կապվեց մեկ այլ կնոջ հետ եւ 3 տղա ունեցավ: Տղայիս տարբեր երկրներ էինք ուղարկում բուժման նպատակով, բայց մահացավ, դրանից հետո ամուսինս մահացավ, իսկ ես գնացի Ռուսաստան եւ նրա 3-րդ կնոջ հետ նրանց 3 երեխաներին էի պահում: Մի քանի տարի հետո, երբ վերադարձա, ինձ ասացին, որ չեմ կարող այլեւս ամուսնուցս ինձ մնացած տանը բնակվել, այդտեղ ես բաժին չունեմ եւ ամուսինս էլ ինձ որպես կին չի ընդունել, պետք է իմ հարազատներից տուն պահանջեմ: Հարազատներս որտեղի՞ց ինձ տուն տային: Մենք Բաքվից ենք եկել, հազիվ տեղավորվել, ումի՞ց գնայի տունը պահանջեի: Այդպես ընկա փողոցներ: Էլի եմ ուզում գնամ ամուսնուս երեխաներին պահեմ, բայց գումար չունեմ, ո՞նց գնամ: Դիմել եմ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, որ ինձ ուղարկեն այնտեղ, բայց չեմ հասկանում ինչի, չի ստացվում»: Ռուսաստանի դեսպանատնից նրան ուղարկված նամակում ասվում էր, որ կինը պետք է դիմի Հայաստանում գտնվող իրենց Միգրացիոն ծառայություն, ներկայացնի իր խնդիրը եւ սպասի պատասխանի. «Գոնե գնամ ամուսնուս երեխաներին պահեմ, լավ երեխաներ են: Իմ տղան մահացավ, գնաց, էլ ո՞ւմ համար ապրեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել