Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են հայ երեսփոխանները

Սեպտեմբեր 09,2011 00:00 Share

Քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանն օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով Թուրքիայի վարչապետի «խոստմանը», թե ազգային փոքրամասնություններին կվերադարձվի իրենց կորցրած անշարժ գույքը, մեր զրույցի ժամանակ ասաց, որ հայերը, հույները, ասորիները պետք է նորից բարձրացնեն 1915թ. մայիսի 16-ին օսմանյան կայսրության կողմից ընդունված «Լքյալ գույքերի մասին» օրենքը:
Օրենքի հետ կապված էլ զրուցեցինք քաղաքագետի հետ:
Ըստ այդ օրենքի, որը բաղկացած է 34 հոդվածներից, սահմանված է. «Հայերու լքած… քաղաքներուն մեջ /իրենց/ սեփականութիւնները եւ կալուածները եւ կամ անոնց արժէքները յարմար ձեւով մը պիտի վերադարձուին»: Քաղաքագիտության դոկտորի գնահատմամբ՝ «Թուրքական մտածողությունը հետեւողական է ուրիշի ունեցվածքի յուրացման եւ իրենով անելու առումով: Օրենքում չի ասվում, թե ինչու է լքվել գույքը, ինչու չկա լքյալ ժողովուրդը, ինչպես կհանձնվի այդ գույքը»;
Լ. Շիրինյանը տեղեկացրեց նաեւ, որ նշյալ օրենքի համաձայն, հայերի ունեցած անշարժ կալվածքները պիտի արձանագրվեր, գնահատվեր, բայց «բաժնվեր մահաճիրներուն»: Օրենքը սահմանել էր. «Ձիթաստանները, մթերանոցները, թթաստանները, եկեղեցու գույքը, գործարանները աճուրդով պիտի ծախուին կամ վարձով պիտի տրուին եւ գոյացած գումարները սեփականատէրերու անունով, իբրեւ աւանդ, պիտի յանձնուին պետական գանձապահներուն՝ տերերուն յանձնելու համար»: Լ. Շիրինյանը գտնում է, որ նշյալ օրենքն այն զորեղ ապացույցներից մեկն է, որով մեկ անգամ եւս ակնհայտ է դառնում Թուրքիայի հակաքաղաքակիրթ եւ հակաքրիստոնյա լինելու հանգամանքը, մեկ անգամ եւս ապացուցվում է, որ խախտվել է մի ողջ ժողովրդի սեփականության անձեռնմխելիության իրավունքը:
Ըստ Շիրինյանի, օրենքը չեղյալ չի համարվել, ինչը հուշում է այն մասին, որ դատարանները պիտի հեղեղվեն թուրքական պետությանը դատի տալու հայցապահանջներով: Իրավական քայլերի մեջ քաղաքագետն առանձնացնում է մի քանիսը.
1. Պետք է ոչ միայն բարձրացնել 1915-ին 2,5 մլն հայերի հարցը, այլ թուրքական պետությունից պետք է ստանալ հստակ պատասխան, թե ուր են օսմանյան պետության հայ երեսփոխանները: Ըստ էության՝ խոսքը պետության բարձրագույն պաշտոնյաների մասին է:
2. Էրդողանը «մեղմ իսլամիստի» կերպարի մեջ մտնելով, փորձում է քողարկել ազգայնականի կերպարը: Եթե, իսկապես, բարի են վարչապետի խոստումները, ապա խորհրդարանը պիտի ընդունի օրենք բոլոր նրանց համար, ովքեր պարտադրված կորցրել են իրենց ինքնությունը եւ կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը: Այլ խոսքով՝ ինքնության վերադարձի մասին որոշում:
3. Թուրքիան պիտի կրի նյութական պատասխանատվություն՝ ապօրինի գրավված գույքի վերադարձման տեսքով:
Ի դեպ, մեզ տրամադրված «Լքյալ գույքերի մասին» օրենքի համաձայն, նշված ժամանակահատվածում ձեւավորվել են հանձնախմբեր, որոնք գործել են Թալեաթի գլխավորած ՆԳ նախարարության ենթակայության ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել