
Ինչպես Ռոզա Մխիթարյանն է պատմում, ծնվել է Տավուշի մարզի Արծաբերդ գյուղում, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում եւ մի շարք առաջարկներ մերժելով ընտրել Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Այս թատրոնում կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում 150 դեր է կերտել, սակայն դեռ երազանք ունի, ցանկանում է մարմնավորել «Ծառերը կանգնած են մահանում» պիեսի տատին:
Մանուկ Ռոզային՝ 6 տարեկանում առաջին անգամ թատրոն հայրն է տարել: Երբ հայրը պատերազմում էր, հարեւան դռնապահը նրան թաքուն ներս էր թողնում, մի օր էլ տուն չի գնում, սպասում է երեկոյան բեմադրությանն ու բեմի տակ քնում-մնում: «Հիմա հեռավոր գյուղերում ես էլ եմ անտոմս երեխաների համար խնդրում, որ ներս թողնեն, թատրոն սիրողին չի կարելի մերժել»,- ասում է Ռոզա Մխիթարյանը:
Ռոզա Մխիթարյանի՝ թատրոնի հանդեպ սերը չի մարել անգամ տղաների մահից հետո: Առանց բեմի իր կյանքը չի պատկերացնում: Ընդգրկված է բազում ներկայացումներում եւ տարիքն ամենևին խոչընդոտ չէ: «Տարիքս զգում եմ, երբ հայելու մեջ ինձ եմ նայում, սակայն հոգով դեռ առույգ եմ»,- ասում է 80-ամյա դերասանուհին:
Նելլի ԴԱՎԹՅԱՆ


















































