Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիվը»՝ առաջին գեղարվեստական ֆիլմը Նարեկացու մասին

Փետրվար 14,2012 15:00

Առաջին անգամ հայ իրականության մեջ նկարահանվել է Գրիգոր Նարեկացու մասին գեղարվեստական ֆիլմ` «Հովիվը» վերնագրով, որը ներկայացնում է դրվագներ Նարեկացու կյանքից, «Մատյան Ողբերգության» գրքից,  ինչպես նաեւ` աղոթքներ, մենախոսություններ, անձնական հոգեւոր մտորումներ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին հեղինակները՝ ֆիլմը գիտական, վերլուծական կամ քննական աշխատանք չէ: «Հովիվը» ներկայացնում է Նարեկացու կենդանի, մարդկային կերպարը, ընդհանրապես Վարդապետը յուրաքանչյուր հայի սրտում է ապրում»,-նշեց ֆիլմի պրոդյուսեր, Կաթողիկե եկեղեցու հոգեւոր առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

Նարեկացու մասին կենսագրական քիչ տվյալներ են պահպանվել, այդ պատճառով ֆիլմի սյուժեն ստեղծվել է ժողովրդի մոտ պահպանված ավանդազրույցների հիման վրա: Ինչպես հայտնեց ռեժիսոր Արտակ Ավդալյանը, նկարահանումների մի մասն արվել է Արեւմտյան Հայաստանում: Ավերված Նարեկավանքի փոխարեն գտել են այն քարայրները, որտեղ ժամանակին ճգնել են Նարեկացին եւ մյուս սրբերը: Ռեժիսորը հավաստիացնում է, որ Աստծո նախախնամությամբ հաղթահարվել են բոլոր դժվարությունները: «Տեսարաններից մեկի համար միայն տասն օր հետո հաջողվեց տեղից շարժել ժայռաբեկորը: Մեկ այլ դեպքում` երկինքը մռայլ էր, սակայն մեր նկարահանելու պահին ամպերը բացվեցին եւ լույս իջավ»,-պատմեց Ա. Ավդալյանը:

Ռեժիսորի խոսքերով` ողջ աշխարհը պետք է Նարեկացուն ընդունի որպես հոգեւորական, աստվածաբան եւ սուրբ. «Նա շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք»:

Ֆիլմի գլխավոր դերակատարի` Արթուր Կարապետյանի համար պատասխանատու աշխատանք էր Նարեկացու կերպարի մարմնավորումը: «Մենք նկարահանումների ողջ ընթացքում առաջնորդվել ենք միայն մեր սրտի թելադրանքով, իսկ գնահատականը թողնում ենք հանդիսատեսի դատին»,-ասաց դերակատարը:

1,5 ժամ տեւողությամբ «Հովիվը» կլինի  հայերեն եւ իտալերեն լեզուներով, առաջիկայում նախատեսվում է իրականացնել նաեւ անգլերեն թարգմանություն: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա վաղը` «Մոսկվա» կինոթատրոնում: Հայաստանյան պրեմիերայից հետո ֆիլմը կներկայացվի Լիբանանում:

  Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829