ԱԺ-ում քննարկում են առաջին նախագահի հայտարարությունը
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ մարտի 1-ի հանրահավաքում հնչեցրած իր խոսքում հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները իրականում ավելի շատ նախագահական են, քանի որ նախապատրաստում են քաղաքական ուժերին դեպի նախագահական ընտրություններ: Երեկ մենք խորհրդարանական ուժերի մի քանի ներկայացուցիչների հարցրինք՝ համաձա՞յն են արդյոք այս պնդմանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեր հարցերին պատասխանելով՝ ասաց. «Կարծում եմ՝ մի տեխնիկական երես կա այս հարցի մեջ: Ժամանակին մեզ չլսեցին եւ պառլամենտը չորս տարուց սարքեցին հինգ, որպեսզի միշտ պառլամենտական ընտրությունները մի քանի ամսով նախորդեն նախագահականին: Եթե պառլամենտը չորս տարվա կյանք ունենար, այդ ժամկետի հարաբերակցությունն անընդհատ փոփոխության մեջ շատ կհարստացներ մեր քաղաքական կյանքը: Հիմա բնական է՝ եթե պառլամենտական ընտրությունները ընդամենը մի քանի ամսով են առաջ նախագահականից՝ մայիս եւ վաղ գարուն, կամ ձմեռվա վերջ, նույնիսկ մեկ տարի էլ չկա, այս պայմաններում ցանկացած պառլամենտական ընտրություն լրջագույն ազդեցություն է ունենալու նախագահականի վրա, որովհետեւ այդ ընտրությունը ստեղծելու է մի քաղաքական ինստիտուտ, որի ազդեցությունը քաղաքականության վրա հսկայական է: Եվ բնական է, որ խորհրդարանի ազդեցությունը կլինի ի նպաստ կամ ի հակառակ այս կամ այն թեկնածուի: Իսկ ինչ վերաբերում է երեկվա հանրահավաքում այդ անալիզներին, այնտեղ մի շատ հետաքրքիր միտք հնչեց, որ երկրորդ նախագահը խորտակված նավ է, երրորդը՝ խորտակվող… ես կարծում եմ՝ իսկ առաջին նախագահը այն անտանելի բեռն է, որի պատճառով էդ երկու նավերը խորտակվում են կամ խորտակվել են»: Դաշնակցությունը, Վահան Հովհաննիսյանի ներկայացմամբ, նախագահական ընտրություններում հանդես կգա իր սեփական թեկնածուով: Հիշեցնենք, որ 2007-ին այդ թեկնածուն Վահան Հովհաննիսյանն էր:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով նույն հարցին, ասաց. «Անշուշտ, «Ժառանգությունը» ունի իր թեկնածուն, եւ նա այն թեկնածուն է, որին երկու նախորդ նախագահների օրոք ուղղակի անօրինական գործողությունների հետեւանքով դուրս մղեցին այն գործընթացներից, որ տեղի ունեցան: Դա Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ ես հիմա հայտնում եմ իմ անձնական կարծիքը. մենք առայժմ նման որոշում չունենք; Ես կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այն եզակի քաղաքական գործիչներից է ,որի տեսակից, լավ կլիներ, մենք ունենայինք մի 10-12-ը, որպեսզի կարողանայինք այդ տեսակի մեջ ընտրություն կատաել: Ցավոք, այդպես չէ: Հիմա այն մասին, թե ինչ է ասել պարոն առաջին նախագահը: Ես, ճիշտն ասած, սիրում եմ ժամանակագրության առումով մնալ այն նպատակների մեջ, որոնք դրված են այսօր, դա նաեւ Աստվածաշնչյան ճշմարտություն է, որում ասվում է՝ Աստծուց առաջ մի ընկեք, այսօրվա հոգսը բավական է օրվա համար: Ես կարծում եմ, բացի այս խոսքից, մնում է եւս մեկը՝ չի կարելի նսեմացնել խորհրդարանական ընտրությունների առանձնահատուկ դերը: Ես այդտեղ եմ տեսնում այն նույն գիծը, որը քաղաքական ուժերի կողմից որդեգրվել է ժամանակին՝ դեռ 90-ականներից, երբ որպես խորհրդարանական հանրապետություն իր ճանապարհն սկսած մեր երկիրը մեկ-երկու տարուց հետո իր ուղին փոխեց՝ դարձնելով նախագահական: Փորձը ցույց տվեց, որ անգամ կիսանախագահականը որեւէ բան չփոխեց, այսինքն՝ ամեն մեկս պետք է հասկանանք, որ դեմ ենք գնում մեր հոգեկերտվածքին, իսկ մեր հոգեկերտվածքն այն է, որ բոլորը ուզում են լսելի լինել, համոզված են, որ ունեն ուժ եւ կարողություն՝ քաղաքական որոշումներին մասնակցելու»: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ իշխանությունները ուզում են մոլորեցնել ժողովրդին, որ իբր մրցակցություն կա իշխանական ուժերի միջեւ. «Խնդիր են դրել, այսպես կոչված, իշխանական մրցակցությունով քողարկել իրական մրցակցությունը, եւ ահա, բոլոր այդ ուժերի ետեւում կանգնած են երեք նախագահները: Պատահական չէ, որ իրենք այս ընտրությունները համարում են նախա-նախագահական»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ համաձա՞յն են առաջին նախագահի մտքին, թե խորհրդարանական ընտրությունները նախագահական են ինչ-որ առումով, ասաց. «Ճիշտն ասած, եթե ուսումնասիրում ենք 2005-ին մեր կողմից ընդունված Սահմանադրությունը, որում ստեղծեցինք զսպման եւ հավասարակշռման մեխանիզմներ՝ կապված Ազգային ժողովի եւ նախագահի լիազորությունների հետ, ապա կարելի է համարել, որ դա պլատֆորմ է, որտեղից ակնհայտ կդառնան նաեւ հետագայում նախագահի թեկնածուների հետ կապված առաջադրումները: Որովհետեւ ԱԺ-ում ձեւավորելով համապատասխան խճանկար՝ ըստ ժողովրդի տված վստահության քվեի, առանց մեծամասնության նախագահը հետագայում դժվար կաշխատի, եթե ընտրվի ինչ-որ փոքրամասնությամբ. այդպիսի բան չի կարող լինել: Դա համաշխարհային փորձ է, եւ մեր Սահմանադրությունը նույնպես այդպիսի համապատասխան դրույթներ ունեցավ 2005-ին ընդունված փոփոխություններով»:
Կարդացեք նաև
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































