Կամ՝ հայկական գիտության ապագա մոդելը
Այն, ինչ արեցին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հետ, կդառնա «օրինակելի մոդել Հայաստանում գիտության մյուս բնագավառները ներկայացնող գիտական կենտրոնների ձեւավորման եւ գիտական գործունեության բարեփոխման համար»: Չակերտների մեջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքն է, ասված ամանորյա տոների նախօրյակին՝ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (նախկին ԵրՖԻ) այցի ժամանակ: Այսինքն՝ այնքան հիացած ու գոհ են իրենց արածով, որ որոշել են մնացած բնագավառների հետ էլ նույն բանն անել: Է, արեք, ի՞նչ ասեմ: Գիտպետկոմի եւ բոլոր գիտական հարցերից ինքնաբացարկ տված Գիտությունների ակադեմիայի ներկայության պայմաններում ամեն ինչ էլ հնարավոր է: Իսկ Ազգային ժողովի գիտության հարցերով զբաղվող հանձնաժողովը չկա՛: Մի անգամ բախտ վիճակվել է հանդիպել հանձնաժողովի նախագահի հետ՝ «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսում: Տեսարանն այնքան տխուր էր, որ նույնիսկ չգիտես ում խղճալ՝ գիտությա՞նը, նրա կազմակերպիչների՞ն, թե՞ ընդհանրապես բոլորին: Սրանք են այն բոլոր «գիտական» ուղղվածություն ունեցող պետական ատյանները, որ պետք է գնահատական տային: Չեն տալիս, կարծում եմ մի պատճառով՝ չեն կարող, ունակ չեն: Եվ այս ամենը «պսակվեց» ՀՀ վարչապետի որոշումով (16 փետրվարի 2012, 132-Ա), որով հաստատվեց «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը: Պրոցեսը, որը սկսվեց ծիծաղելի «ԷՈՒՇ-աբանություն»-ից (19 փետրվարի 2009 թվականի N 310-Ն ՀՀ կառավարության որոշում)՝ ավարտվեց երեք տարի երեք օր հետո: Նույն նոտայի վրա՝ անվանի ԷՈՒՇ-աբաններ Ներսես Երիցյանը եւ Սամվել Հարությունյանը դարձան խորհրդի անդամ: Վարչապետի հրամանի մեջ գրված է՝ համաձայնությամբ: Երեւի շատ է համոզել, մինչեւ համաձայնվել են:
Նույնիսկ անզեն աչքով է երեւում, որ խորհուրդը կազմված է երկու տիպի մարդկանցից: Մի խումբը նրանք են, որ ոչ մի կապ չունեն գիտության հետ եւ, կարծում եմ, ԵրՖԻ-ի տեղն էլ չգիտեն: Սրանք երեւի ականավոր բիզնեսմեններ են, որոնք ամբողջ աշխարհում հայտնի հայաստանյան բիզնեսի առանձնահատկությունները պետք է ներարկեն գիտության ասպարեզ: Մյուս խումբը այս վերջին երեք-չորս տարիների գիտության մասին իմ հոդվածների ու ելույթների «հերոսներն» են: Կախարդական փայտիկի շարժումով հավաքվել են մի տեղ: Բացատրում ես, որ «Էներգիայի ուղղաձիգ շարժում»-ը եւ նրա հանդեպ «որոշ մոլեկուլների զգայնությունը» (մեջբերում 19 փետրվարի 2009 թվականի N 310-Ն ՀՀ կառավարության որոշումից) գերագույն անհեթեթություն են: Նման բան գրողների ձեռքից պետք է վերցնել նույնիսկ դպրոցի ավարտական վկայականը՝ թողնելով թերի միջնակարգ կրթության տեղեկանք: Բայց սրանց մտցնում են հոգաբարձուների խորհուրդ եւ երեւի շուտով ակադեմիկոս դարձնեն: Բացատրում ես, որ փորձագիտական համակարգը, որը ստեղծել է Գիտպետկոմը, պարզապես օրինականացված «քցման պրոցես» է: Որ փորձագետ ընտրելիս ոչ մի վիճակահանություն չկա, ոչ մի համակարգիչ 12 անգամ նույն ազգանունը չի հանի 1000 հոգանոց ցուցակից: Եվ այն մարդը, որը համաձայնել է դառնալ «փորձագիտական» խեղկատակության մասնակից եւ 12 անգամ «պատվիրած» կարծիք է գրել, նշանակվում է հոգաբարձուների խորհուրդ: ԳՊԿ-ն ստուգելիս հանդիպած «խեղկատակություններից» մեկն էլ «առանց պատերի Հայ-ֆրանսիական լաբորատորիան» էր, որի «ծնունդի եւ գոյության» իմաստը դողացող ձեռքերով փորձում էր բացատրել հեղինակը: Սրա ստեղծումը արտահայտվել էր մի կլորիկ գումար աշխատավարձի ձեւով բաժանելով: Այս «հրաշքը» ստեղծողին նշանակում են խորհրդի անդամ: Հիմա էլ առանց պատերի ինստիտո՞ւտ է ստեղծելու: Արդեն չգիտեմ՝ ո՞ր մեկն ասեմ, կամ իմա՞ստ ունի, եթե պրոֆեսորից 10-15 անգամ շատ աշխատավարձ ստացող Ն. Երիցյանն իր մուտքը գիտություն նշանավորեց նրանով, որ 50 հազար դրամ ստացող գիտնականներին արգելեց երկրորդ տեղից էլ կես դրույք ստանալը: Էկոնոմիկայի իմացության եւ բարոյականության ինչպիսի թռիչք: Եթե անգլերենի իմացությունը կարելի էր շփոթել էկոնոմիկա իմանալու հետ եւ նույնիսկ թղթի վրա ոչ մի հետաքրքիր գաղափար չառաջարկել՝ հիմա էլ կարելի է նույն անգլերենի իմացությունը գիտության տեղ մատուցել: Մեկ է՝ ո՛չ հասկացող կա, ո՛չ գնահատող: Կենտրոնական բանկն էլ նորմալ աշխատավարձը վճարում է: Շնորհավորում եմ՝ գիտության մոդելը ստեղծված է: Ֆիզիկայի ինստիտուտը ամենահզորն էր Հայաստանում: Երեք տարի դիմակայեց: Հաջորդը կհանձնվի շատ արագ՝ «բարեփոխելը» հեշտ կլինի:
ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախկին «Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի» նախկին աշխատակից
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ


















































