Լրահոս
Օրվա լրահոսը

«Լռության օրը» խախտվեց Սահմանադրական դատարանում

Մայիս 05,2012 14:42 Share

Այսօր առավոտյան ժ.10-ին ՀՀ Սահմանադրական դատարանում քննության էր դրվել Ազգային ժողովի թվով 29 պատգամավորների դիմումը ՀՀ Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 33-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Դիմումատու կողմը՝ ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներին, ներկայացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը, իսկ պատասխանող ճանաչված ԱԺ-ն ներկայացնում էր գործող պատգամավոր, ՀՀԿ պատգամավորության թեկնածու, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

ՍԴ աշխատակարգային որոշումով զեկուցող էր ճանաչվել ՍԴ անդամ, նախկին ԲՀԿ-ական Աշոտ Խաչատրյանը:

Նիստերի դահլիճում նիստին հետեւող պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սաֆարյանը քիչ անց լքեցին նիստերի դահլիճաը: Նրանց հետագայում հետեւեցին Լյուդմիլա Սարգսյանը, Ռուզաննա Առաքելյանը, Արտաշես Շահբազյանը:

Դատարանը մինչեւ ժ.12.30-ը լսեց դիմումատու Վահե Գրիգորյանին, ապա պատասխանող Դավիթ Հարությունյանին: Նրանց եզրափակիչ ելույթները տեւեցին ավելի կարճ, եւ ժ.13.30-ից դատարանն անցավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

«Ժամանակն է վերջ տալ մահացածների իշխանությանը»

Վահե Գրիգորյանն ասաց, որ ընտրական օրենսգրում կան սահմանափակումներ` կապված ընտրողների ցուցակների հրապարակման, նրանց ընտրական իրավունքի գաղտնիության, վստահված անձանց եւ դիտորդների պարտականությունների սահմանման եւ մատչելիության առումով:

Ըստ Ընտրական օրենսգրքի`  սահմանված ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարահանվում, տեսանկարահանվում:

Դիմող կողմի ներկայացուցչը պնդում էր, որ  ընտրողների ցուցակների հրապարակումը հանրային շահ է պարունակում, եւ պետական մենաշնորհ չպիտի լինի ցուցակների տնօրինման հարցում:

Ըստ Վ.Գրիգորյանի, ընտրական արդյունքների վիճարկման ժամանակ, այդ ցուցակներն ունեն ապացուցողական առաջնային ապացույցի նշանակություն, եւ որ դրանց տրամադրմամբ կփարատվեն «ժողովրդի միջոցով իշխանության օրինականության նկատմամբ կասկածները»:

Նա դիմեց ՍԴ-ին, ասելով, որ ժամանկան է, որպեսզի մեռածների իշխանությանը վերջ տրվի Հայաստանի Հանրապետությունում, մեռածների, որոնք ավելի ազդեցիկ դիրք ունեն, քան իրական քաղաքացիները:

«Թափանցիկություն՝ չի նշանակում ամեն ինչ թափանցիկ պիտի լինի»

Դավիթ Հարությունյանը անհիմն համարեց դիմող կողմի պահանջը: 

Նա պատահական չհամարեց դիմող կողմի դիմումը ՍԴ ներկայացնելը, ժամկետի առումով, ակնարկելով՝ ընտրություններից մեկ օր առաջ: «Քիչ հավանական է, որ դատարանը կարող է անդրադառնալ, պատասխանող կողմը կարող է հասցնել բովանդակային առումով անդրադառնալ: Եվ դարձյալ մեծ հնարավորություն կար, որ մի քանի չոպեի ուշացման պատճառով այսս գործը չքննվեր: Սակայն դարձյալ լեգիտիմության հարց կբարձրացվեր այս ընտրությունների վերաբերյալ: Անմիջապես նախընտրական ժամանակաշրջանից առաջ նման գործ ներկայացնելը հանգեցնելու էր նրան, որ քաղաքական շահարկումներ էին սկսվելու եւ քաղաքական ճնշում էր լինելու դատարանի վրա»,- ասաց նա: Այդ ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կանխեց նրան` ասելով.«Դուք ներս մտաք, պարոն Հարությունյան, Ֆեմիդան էր, աչքերը կապված: Այսօր կարող են լինել նաեւ նման քաղաքական հայտարարություններ: Այդ խոսակցությունները թողնենք քաղաքական դաշտին»:

Դ.Հարությունյանն ասաց, որ Հայաստանի ընտրական օրենսգիրքը բարձր գնահատականի է արժանացել: Նա ասաց, որ օրենսգիրքը հնարավորություն է տալիս ամեն տեղամասում հետեւել ընտրական գործընթացներին, 3 ժամը մեկ ընտրությունների շարժին , մասնակցությանը:

Նա անդրադարձավ «ընտրությունների թափանցիկության» բառակապակցությանը, ասելով, որ ամեն ինչ թափանցիկ չպիտի հասկանալ: Նա բերեց մի օրինակ` անձը մտնում է բանկ, նա դիմակով չէ, նա հրապարակային օգտվում է իր իրավունքներից, ձեւակերպումներ է անում, բայց բանկը պարտավոր չէ տրամադրել հաճախորդի տվյալները, այնպես, ինչպես, ընտրողի տվյալները:

Ըստ Դ.Հարությունյանի` այդ տվյալների տրամադրումը կարող է ազդել ընտրողի վարքագծի վրա:

Ըստ Դ.Հարությունյանի` կարեւոր էր իրավական պաշտպանության արդյունավետ օգտագործման եւ դատական իշխանության հետ ենթադրյալ հակասության հարցը: Նրա կարծիքով, 52 էջանոց դիմումից ընդամենը 3 էջն է, որ ուշադրության արժանի է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031