Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն մենաշնորհի հաստատումը

Հոկտեմբեր 10,2012 12:19 Share

 Այն կանխատեսումները, որ Տիգրան Սարգսյանի իրականացրած տնտեսական քաղաքականությունը վաղ թե ուշ լուրջ պատուհաս է դառնալու Հայաստանի համար, իրականություն են դառնում եւ կոնկրետ թվային տեսք են ստանում։ Արդեն իսկ պաշտոնապես հայտարարվում է, որ 2013-ին Հայաստանն արտաքին պարտքի սպասարկման համար ստիպված կլինի վճարել 420 միլիոն դոլար։ Հայաստանի համար սա ահռելի թիվ է։ Համեմատության համար նշենք, որ պաշտպանության նախարարության բյուջեն ավելի քիչ է։ Ստացվում է, որ այս ծանրագույն պայմաններում իր հնարավորությունների համեմատ վիթխարի բանակ պահելու համար Հայաստանն ավելի քիչ գումար է ծախսելու, քան Տիգրան Սարգսյանի «աչքածակության» համար, պարզ ասած՝ Տիգրան Սարգսյանի գոյությունը մեր պետության վրա ավելի թանկ է նստում, քան բանակը։

Իսկ ինչո՞ւ է մեր արտաքին  պարտքը նման ահռելի չափերի հասել։ Որովհետեւ 2009-10 թվականներին    Սերժ    Սարգսյանն ահավոր խուճապի մեջ էր ու վարչապետին հանձնարարել էր հնարավոր բոլոր աղբյուրներից վարկեր ճարել թեկուզ ամենածանր պայմաններով, Տիգրան Սարգսյանն էլ դռնեդուռ ընկած փող էր մուրում՝ առանց հետեւանքների մասին մտածելու։ Հիմա պարզապես եկել է դրա համար վճարելու ժամանակը։ Ի դեպ, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները՝  առ  այսօր հայտնի չէ։ Ինչ-որ վերացական ձեւակերպումներ են հնչեցվել՝ «աջակցություն փոքր եւ միջին բիզնեսին» (հետաքրքիր է՝ քանի՞ «փոքր եւ միջին բիզնեսմեն» է օգտվել դրանից), աջակցություն բանկային համակարգին եւ այլն, բայց փաստն այն է, որ միլիարդավոր դոլարները լափվել են, իսկ տնտեսությունը դրանից բացարձակապես չի շահել։

Ի դեպ, քանի որ այս օրերին կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցությունները մոդայիկ են դարձել, հարցին անդրադառնանք հենց այդ տեսանկյունից։ Օրինակ, երբ որեւէ մեկը բյուջեի փողերն անարդյունավետ է ծախսում եւ ստանում է իր բաժին «ատկատը», դա կոռուպցիայի դասական

օրինակ է։ Մեկ ուրիշն էլ, ասենք, հարկերն է թաքցնում, երրորդը կաշառք է

վերցնում եւ այլն։ Բայց կոռուպցիայի ամենակատարյալ մեխանիզմն այն է, ինչով տարիներ շարունակ զբաղվել է Տիզրան Սարգսյանը (վստահաբար՝ Սերժ Սարգսյանի գիտությամբ եւ աջակցությամբ): Մեխանիզմը շատ պարզ է. միջազգային տարբեր կառույցներից կամ որեւէ երկրից պարտքով վերցնում

ես, ասենք, երկու միլիարդ դոլար, դրա մի չնչին մասով ինչ-որ ծրագրեր իրականացնում, հիմնական մասը «մեջ-մեջ անում», իսկ պարտքը տոկոսների հետ հետագայում մարվում է բյուջեից։ Հետքերը թաքցնելու տեսանկյունից

սա իդեալական մեխանիզմ է։ Ասում են «ինչ եք ուզում, 420 միլիոն դոլարն ուղղում ենք արտաքին պարտքի սպասարկմանը»։ Փաստաթղթերն ուսումնասիրում ես՝ իսկապես էլ «կոպեկ-կոպեկ» արտաքին պարտք են սպասարկում։ Իսկ արդյունքում տուժում է ե՛ւ հասարակությունը (որովհետեւ բյուջեն գոյանում է մեր բոլորի վճարած հարկերից), ե՛ւ պետությունը (որովհետեւ այդ 420 միլիոն դոլարով կարելի էր պետական կարեւորագույն ծրագրեր իրականացնել): Ինչեւէ։ Հիմա կառավարությունն արդեն սկսել է նվնվալ, թե բա գիտեք՝ այդ արտաքին պարտքի սպասարկումը լուրջ բեռ է բյուջեի համար, առաջիկա մի քանի տարիներին ծանր է լինելու, պիտի դիմանանք եւ այլն։ Թվում է՝ եթե այդքանը հասկանում են, գոնե հիմա պիտի խելքի գան եւ այլեւս նման հիմարություններ չանեն։ Բայց պարզվում է՝ իրականում այդ մեխանիզմը նրանց շատ է դուր եկել, եւ որոշել են ոչ միայն շարունակել նույն ոգով, այլեւ  կտրուկ մեծացնել «աբառոտը»: Միայն այս տարվա ընթացքում կառավարությունը մտադիր է եւս 510 միլիոն դոլարի նոր վարկեր վերցնել, իսկ 2013-ին՝ եւս 480 միլիոնի։ Այսինքն՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանի     արտաքին պարտքն ավելանալու է մոտ մեկ միլիարդ դոլարով։ Հասկանալի է, չէ՞, որ համապատասխանաբար ավելանալու է նաեւ այդ պարտքի սպասարկման գումարը, այսինքն՝ ամեն տարի բյուջեից ավելի ու ավելի շատ փող պիտի «դուրս տան»։ Ըստ երեւույթին դրա համար էլ Սերժ Սարգսյանը սկսել է «կոռուպցիայի դեմ պայքարել»: Իրենք այդ վարկերը մի քանի հոգով «մեջ-մեջ» են անելու», բայց բյուջեում պիտի փո՛ղ լինի, որ իրենց լափածի տոկոսներր փակեն։

Սա ըստ էության նշանակում է, որ Հայաստանում կոռուպցիոն մենաշնորհ է հաստատվում։ Այսինքն՝ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները ոչ թե կոռուպցիայի դեմ են պայքարում, այլ մանր-մունր կոռուպցիոներներին դուրս են մղում «շուկայից»։ Հետաքրքիր է՝ ո՞ւր է նայում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031