Ներդրողները չե՞ն ցանկանում երկարաժամկետ ներդրումներ անել, եւ ո՞վ է մեղավոր. մեր հարցերին պատասխանեց ֆինանսների նախկին նախարար, Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը: Որպեսզի իրար լավ հասկանանք, նա առանձնացրեց «պրոյեկտ» հասկացության 3 տեսակ․ բիզնես պրոյեկտ, որն արդեն պատրաստ է ֆինանսավորման, որում կան քեշ, կանխիկ հոսքերի կանխատեսում եւ այլն, տեխնոլոգիական պրոյեկտներ՝ R and D (Research and Development), որոնք ավելի ժամանակատար են, պահանջում են գիտական բարձր ներուժ եւ մեծ ծախս պետության կողմից, եւ ստարտափներ, որտեղ պետք է լինի պլատֆորմ, երբ գաղափարը ծնվում է, դառնում է որոշակիորեն ֆինանսավորվող նախնական բջիջ, զարգանում՝ դառնալով արդեն բիզնես: Պարզվում է, որ այս բոլոր բիզնես-պրոյեկտների համար էլ հայաստանյան պայմանները վատն են:
– Ինչո՞ւ մենք չունենք լավ պրոյեկտներ: Գուցե դրանք երկարաժամկետ են, ու բանկերը, այլ ներդրողները չե՞ն ուզում ռիսկի գնալ:
– Պետական քաղաքականությունը խիստ կարեւոր է: Նախ, գլոբալ առումով ամբողջ աշխարհում է այդպես: Եթե լավ գաղափար լինի, փողը միշտ էլ կգտնվի: Սա աքսիոմ է: Բայց ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում: Ցանկացած պրոյեկտ ունի ռիսկի գործոններ, որը բազմապրոֆիլ է: Որպեսզի ներդրողը կամ բիզնեսը դրա մեջ փող դնի, պետք է ընդհանուր միջավայրը լինի տրամադրող եւ կայուն: Քո ինստիտուտները պետք է նորմալ աշխատեն, դատական համակարգը, իրավունքի գրանցման պետական համակարգը, կառավարության մյուս թեւերը, որոնք լիցենզիաներ են տրամադրում, եւ այլն: Իսկ մենք այսօր ունենք շատ տխուր վիճակ, որովհետեւ կառավարությունում որոշում կայացնողները գնալով քչանում են: Այդ մարդկանց մեղադրել չի կարելի: Ես այդ մասին ասում եմ 19 թվականից: Ակադեմիական աշխարհում պետական չինովնիկի ամենակարեւոր պրոդուկտը, որը նա տալիս է, որոշումն է` կայուն, արագ ու արդյունավետ կայացրած որոշումը, որպեսզի բիզնեսը դրա տակ տեղավորվի: Բայց մենք այսօր ի՞նչ ենք տեսնում: Այն հարցերում, որտեղ կա որոշակիորեն դիսկրեցիայի պահ (պաշտոնատար անձի կամ պետական մարմնի կողմից որեւէ հարցի լուծումը սեփական նախաձեռնությամբ՝ Ս. Ս.), պետական չինովնիկը կարող է որոշում ընդունել, ու հաջորդ օրը նրա գործընկերը նրա վրա կարող է գործ տա, գան բռնեն, հավաքեն տանեն, ու վերջ: Ես ուզում եմ տեսնել այն հերոս բիզնեսմենին, որը որ աչքի առաջ ունի Քաջարանի պղնձի կոմբինատը, «Վիվասելը», այլ խոշոր ձեռնարկություններ: Սամվել Կարապետյանի օրինակն էլ բոլորիս աչքի առաջ է: Հո ապուշ չի՞, որ գա, մեծ պրոյեկտ սկսի: Մի օր մի բան կասի, վարչապետի դուրը չի գա, կգան, հաջորդ օրը կձերբակալեն: Այդ իրավիճակում բիզնես միջավայրը խթանող չէ:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































