Հայաստանի տնտեսությունը տարվա առաջին եռամսյակում գրանցել է 7,1 տոկոս աճ։ Գրեթե բոլոր տնտեսական ճյուղերը դրական դինամիկա են արձանագրել, բացառությամբ գյուղատնտեսության, որը գրանցել է 5,2 տոկոս անկում։ Այս հակադրությունը ոչ թե վիճակագրական տարօրինակություն է, այլ խոր հիմնախնդրի արտացոլում։
Թեև գյուղատնտեսության անկման վերաբերյալ ներկայացվող բացատրությունները մասամբ արդարացի են, սակայն չեն կարող ամբողջությամբ հիմնավորել ոլորտում տեղի ունեցող խորքային և երկարատև գործընթացները։ Առաջին բացատրությունը վերաբերում է բազային էֆեկտին, երբ անցած տարվա հունվար-մարտ ամիսներին գրանցված 10,5 տոկոս բարձր աճը ազդեցություն է ունենում այս տարվա նույն ժամանակահատվածի միտումների վրա։ Երկրորդ պատճառը կապված է եղանակային պայմանների հետ, որոնք հետաձգել են գյուղատնտեսական ակտիվությունը, ինչը արտացոլվել է տնտեսական ակտիվության ցուցանիշներում։
Այդուհանդերձ, այս բացատրություններն անտեսում են ավելի խոր, համակարգային խնդիրները, որոնք բնորոշ են Հայաստանի գյուղատնտեսությանը, և որոնք արտահայտվել են ոչ թե մեկ կամ երկու տարվա անկմամբ, այլ երկարատև և անընդհատ քայքայիչ միտումներով։ Երբ մենք դիտարկում ենք ավելի երկար ժամանակահատված, պատկերն իրոք դառնում է ավելի անհանգստացնող և հստակորեն ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե ժամանակավոր տատանումների, այլ համակարգային ճգնաժամի հետ։
2018-2023 թվականների ընթացքում գյուղատնտեսությունը կուտակային անկում է գրանցել շուրջ 18,9 տոկոսի չափով։ Սա չի նշանակում պարզապես վատ տարիների շարք, այլ ցույց է տալիս կառուցվածքային խնդիրների առկայություն, որոնք ոլորտը դարձրել են խոցելի և անկայուն։ Թեև 20242025 թվականներին արձանագրվել են որոշ դրական տեղաշարժեր, դրանք չեն կարողացել հիմնովին փոխել ընդհանուր պատկերը։ Արդյունքում, 2025 թվականի դրությամբ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը դեռևս շուրջ 13,3 տոկոսով ցածր է 2017 թվականի մակարդակից։ Սա նշանակում է, որ յոթ-ութ տարվա ընթացքում պարենային գնաճի, բնակչության աճի, սպառման ավելացման ֆոնին գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր ծավալը նվազել է, ինչը տնտեսագիտական և սոցիալական տեսակետներից խիստ մտահոգիչ է։
Կարդացեք նաև
Այս իրավիճակը Հայաստանը դարձնում է ավելի խոցելի արտաքին շոկերի նկատմամբ և նվազեցնում երկրի պարենային անվտանգության մակարդակը։ Պարենային անվտանգությունը ոչ միայն տնտեսական կատեգորիա է, այլ նաև ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։
Գյուղատնտեսության անկումը նաև ունի խոր սոցիալական հետևանքներ։ Գյուղատնտեսությունը Հայաստանում միայն տնտեսական ճյուղ չէ, այն կարևոր սոցիալական գործառույթ է իրականացնում՝ ապահովելով զբաղվածություն գյուղական բնակավայրերում, պահպանելով գյուղական կյանքի եղանակը, ապահովելով գյուղական համայնքների կայունությունը։ Երբ գյուղատնտեսությունը անկում է ապրում, գյուղական տարածքներում մարդիկ կորցնում են իրենց եկամուտների աղբյուրը և ստիպված են լ քել իրենց ծննդավայրերն ու տեղափոխվել քաղաքներ կամ արտագաղթել երկրից։ Սա հանգեցնում է գյուղատնտեսական հողերի լքման և գյուղական համայնքների աստիճանական դատարկման։ Ստացվում է, որ այս գործընթացը ոչ միայն տնտեսական, այլև ժողովրդագրական, մշակութային, սոցիալական խնդիր է։
Համակարգային խնդիրները, որոնք հանգեցրել են գյուղատնտեսության անկմանը, բազմաթիվ և փոխկապակցված են։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































