
Յուրաքանչյուր երկրում նախագահական ընտրությունը ենթադրում է ինչ-որ մի բանի ավարտ եւ մյուսի սկիզբը, համարվում է երկրի լրջագույն իրադարձություններից մեկը, քանի որ որոշվում է, ապագա հինգ տարվա ընթացքում պետությունն ի՞նչ ուղիով է գնալու հարցը: Այլ երկրներում թեկնածուները մինչ քարոզարշավն ու առաջադրվելն արդեն սեփական ծրագիր են մշակում, թիմ հավաքում եւ սկսում լուրջ պատրաստություն:
Փետրվարի 18-ին Հայաստանը 6-րդ անգամ նախագահ կընտրի, եւ նախագահի նախընտրական քարոզաշավն ու ընտրությունները սպառնում են դառնալ ամենազավեշտալին ու ռեյտինգով անցնել comedy club-ին:
Երբ էպոսագետ Վարդան Սեդրակյանը «Վերեւում աստված կա» նշանաբանով որոշեց առաջադրվել նախագահի թեկնածու, հույս փայփայեցինք, որ դրանով «ձեռ առնոցին» կավարտվի ու նախագահի մնացած թեկնածուները նախ կհարգեն իրենց եւ որոշում կայացնելուց առաջ մի քանի անգամ կմտածեն:
Կարդացեք նաև
«Կառաջադրվի, թե չի՞ առաջադրվի ԲՀԿ նախագահն ու ի՞նչ հայտարարություն կանի նա» հարցերը դարձել են մեր լրատվականների թիվ մեկ թեման: «Завтра, может после завтра» տարբերակով ԲՀԿ գրասենյակից հայտարարում են, որ շուտով Ծառուկյանը հայտարարություն կանի, եւ ուժեղ, փողատեր, բռունցքով հարցեր լուծող նախագահ ունենալու մեր ժողովրդի գոնե մի մասի ցանկությունը մարմնավորվելու շանս կստանա:
Քաղաքագետ, քաղաքական մեկնաբան, վելուծաբան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն աշնանը հայտարարեց, որ իր ուսերին կվերցնի ծանր բեռն ու կդառնա առաջին կին նախագահ թեկնածուն: Տիկին Սեդրակյանն ունի՞ այդքան ներուժ, գիտելիք, փորձ ու կենսագրություն, հայտնի չէ, հայտնի է մեկ բանՙ տիկին Սեդրակյանը ցանկանում է տեղափոխվել Բաղրամյան 26: Տիկին Սեդրակյանից հետ չմնաց Մամուլի ազգային ակումբի նախագահ, լրագրող Նարինե Մկրտչյանը , թեպետ նա դեռեւս պաշտոնապես չի հայտարարել, որ առաջադրվում է նախագահի թեկնածու, սակայն հասկանալ է տալիս, որ նախագահ դառնալու ցանկությունն իրեն էլ չի շրջանցել:
Նախագահի ինստիտուտի ու նախագահական ընտրությունների վարկաբեկան վերջին փորձն ու հարվածը երեկ տվեց «Ազդարար» ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանը , որը ոչ միայն շատ բարձր է գնահատում իր շանսերը, այլեւ հիմնահատակ փոխելու է երկիրն ու մտածելակերպը. օրինակ, երբ պարոն Սարգսյանն ընտրվի նախագահ, երկրում հեթանոսություն կտարածվի, կսկսվի Վահագն եւ Աստղիկ աստվածների պաշտամունք: Սակայն այսքանով Սարգսյանի ֆանտազիան չի ավարտվում, եթե հարգելի էպոսագետը երկրի կառավարման հիմքում տեսնում է միայն «Սասունցի Դավիթ» էպոսն ու պետության արտաքին եւ ներքին քաղաքականությունը, տնտեսությունն ու մնացած այլ հարցերը կարգավորելու է էպոսի դրույթներին համահունչ, ապա Սարգսյան Մարտիկը ԱԺ-ն կդարձնի երկպալատ, գործարարներին կտանի իշխանաց տուն, իսկ սահմանադրությունը կփոխի ու կառաջնորդվի Շահամիր Շահամիրյանի «Հայոց տուն»-ով: Մարտիկ Սարգսյանի ֆենոմենին եւ նրա գործունեությանը կանդրադառնանք առաջիկայում:
Անշուշտ, ըստ սահմանադրության նախագահի թեկնածու ներկայանալու իրավունք յուրաքանչյուրն ունի, սակայն կարծում ենքՙ նախագահի թեկնածու առաջադրվելն ինքնահաստատման միջոց չպետք է լինի ու նախագահի թեկնածուն, անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է լինի ոչ միայն հայտնի, այլեւ ճանապարհ անցած, որոշակի հետք թողած անձ, որՙ իր տեսակով չի վարկաբեկի նախագահիՙ կարեւորագույն պետական ինստիտուտը:
Հ. Գ. – Նախագահական ընտրությունների է պատրաստվում նաեւ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Բարեբախտաբար նրա երազանքը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի նախագահ դառնալն է:
Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազգ»


















































