Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի ազատագրումը մեզ համար ամենամեծ հաղթանակն էր․ դաշտային բուժքույր Գայանե Հայրապետյանի հիշողությունները. «Ապառաժ»

Մայիս 09,2026 09:55 Share

Գայանե Հայրապետյանը Շուշիի ազատագրման մասնակիցն է:

1992 թվականի մայիսի 8-ին Գայանե Հայրապետյանը Շուշիի մատույցներում էր։ Սկսվել էր հինավուրց բերդաքաղաքի ազատագրման ռազմագործողությունը։ Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Դաշտային հոսպիտալի բուժքույր Գայանեն բուժանձնակազմի հետ Ջանհասան-Քյոսալար ուղղությունում էր, որի հրամանատարը Սեյրան Օհանյանն էր։

Գայանեն պատմում է.

-Մեր կայանման դիրքի առջևում՝ ճանապարհին, Գյումրու տղաների ջոկատն էր դիրքավորված։ Տղաները չգիտեին, որ թշնամու կողմից օղակի մեջ էին առնվել։ Ենթարկվում են հանկարծակի հարձակման ու խոշտանգվելով սպանվում։ Ջոկատից մի հոգի է ողջ մնում՝ Մնացականը։ Երբ վիրավորում է ստանում, գլորվելով ցած է սահում ճանապարհից և ընկնում խոտերի մեջ՝ այդպիսով մնում անտեսանելի։ Հետո, երբ մերոնք հասնում են այդ տեղամասն ու սկսում խոսել, Մնացականը հասկանում է, որ հայեր են և օգնության է կանչում։ Մենք՝ ես, Արևիկը, Լիդան բուժական մեքենայում էինք բժիշկ Գասպարյանի հետ։ Վիրավորին առաջին օգնություն ենք ցույց տալիս և ուղարկում հոսպիտալ, որը տեղակայված էր Ստեփանակերտի շենքերից մեկի նկուղում։ Իմ ձեռքերում մահանում է մեր տեխնիկումի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալեքսանդր Առստամյանը։ Իհարկե, ծանր էր տեսնել, թե ինչպես են քո աչքի առաջ զոհվում մարդիկ, կամ վիրավորվում, որոնց ողջ մնալը քեզանից է կախված։ Բուժաշխատողներիս առջև մի նպատակ էր միայն՝ փրկել կյանքեր։ Բժիշկ Վալերի Մարությանն էր բաշխում, թե ով, որ ուղղությամբ պետք է գնա։ Քիչ էինք, սակայն հասցնում էինք առաջին օգնություն ցուցաբերել, միաժամանակ վիրավորների արյունլվա մարմինները մաքրել և պատգարակների վրա հասցնել մինչև մեքենա։ Շուշիի ազատագրումը մեզ համար ամենամեծ հաղթանակն էր․ այլևս Շուշիից չէին հրթիռակոծվում Ստեփանակերտն ու հայկական մյուս բնակավայրերը։

Մասնակցել եմ Շուշիի, Ակնայի, Մարտակերտի, Քաշաթաղի, Ջրականի շրջանների բնակավայրերի ազատագրման մարտերին։ Փետրվար ամիսն էր․ Ջրականում էինք։ Նոր ռազմագործողություն էր նախապատրաստվում էր։ Մոտ 15-20 հոգով տեղակայվել էինք մի շենքում ու ստեղծել պյամաններ վիրավորներին ընդունելու և օգնություն ցուցաբերելու համար։ Երկու շաբաթը մեկ պետք է հերթափոխվեինք, սակայն այդտեղ մնացինք 1 ամիս, քանի որ հայտնվել էինք շրջափակման մեջ։ Մեզ գլխավորում էր բժիշկ Մարությանը։ Դեղամիջոցներ և որոշակի սնունդ դեռևս ունեինք, սակայն վերջին օրերին վերջացավ ցամաք հացն ու ջուրը։ Դրսում ցուրտ ձմեռ էր, այդ տարի առատ ձյուն էր նստել։ Ստպված էինք ծառերի տակի ձյունը հավաքել, որ հալեցնենք․ ձյան տակ հայտնաբերեցինք մրգերի տեսականի։ Իհարկե, այդ պահին դա շատ ուրախացրեց մեզ։

Անշուշտ, դժվար էր դաշտային հոսպիտալի բուժքույր լինել, սակայն, երբ հիշում եմ մեր անցած օրերը, հասկանում եմ, որ այդ տարիները մեր հպարտության տարիներն էին, քանի որ ընկերությունն անշահախնդիր էր, նվիրումն անմնացորդ։ Իմ 20 տարեկանը լրացավ մարտի դաշտում։ Հիշում եմ՝ որտեղից որտեղ շոկոլադե մի սալիկ գտնվեց։ Երևի մի 10 հոգով իրար հետ կիսեցինք ու համտեսեցինք մեր կյանքի ամենահամեղ շոկոլադը․․․

Գայանե Հայրապետյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա պատերազմներին։ Նա արժանացել է մի շարք մեդալների, պատվոգրերի և խրախուսանքների։

Արցախի տեղահանությունից հետո երկար ժամանակ նա չէր կարողանում ուշքի գալ ու աշխատանք գտնել։ Ընդամենը մեկ ամիս է, որ արցախցի բուժքույրն իր մասնագիտությամբ աշխատանք է գտել․ աշխատում է Երևանի Բեսթ-լայֆ բժշկական սրտաբանական կենտրոնում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ապառաժ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031