Այո, Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ հաշտ են այս ապագայի հետ։ Համարում են, որ «եղածը եղած է», իսկ պատմական հիշողությունը մեր գլխին միայն փորձանքներ է բերել, համարում են, որ եթե Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները բացվեն՝ Իրանի հետ անխոչընդոտ սահմանը «մեզ հազար տարի պետք չի» (դրա պատճառով մեր երկիրը կռվախնձոր է դարձել), համարում են, որ ադրբեջանցիների վերադարձը մեծ պրոբլեմ չէ (երկար տարիներ կողք կողքի նորմալ ապրել ենք, բացի այդ էլ՝ դա միանգամից չի լինի, իսկ 300 հազարը խիստ ուռճացված թիվ է), և այլն։ Միայն թե չասեք՝ հարյուր հազարավոր մարդիկ չեն հասկանում այս «տեսլականը» և չհասկանալո՛վ են հաշտ դրա հետ։ Լավ էլ հասկանում են։ Ինչ է, չե՞ն հասկանում, որ Սահմանադրությունից ու Արարատից հրաժարվում ենք թուրք-ադրբեջանական պահանջով, չե՞ն հասկանում, որ ԹՐԻՓՓ-ը մոտավորապես նույն «Զանգեզուրի միջանցքն» է՝ ավելի ակնահաճո փաթեթավորմամբ, չե՞ն հասկանում, որ սեպտեմբերի 1-ից Հայաստանում 218 գյուղական դպրոցներ են փակվելու, որպեսզի տարիների ընթացքում գյուղերը դատարկվեն, և ադրբեջանցիները վերադառնալու տեղ ունենան։ Իհարկե հասկանում են։ Եվ հասկանալով՝ համարում են, որ այդպիսով մենք կդառնանք ինքնիշխան երկիր, իսկ այլընտրանքը «ռսի սապոգն» է։
Մեծ հաշվով՝ այսպիսի իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում այդպես էլ որևէ քաղաքական ուժ չկարողացավ հանրային գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, որ հնարավոր է խուսափել հակառուսական պլացդարմ դառնալուց՝ առանց ռուսական ֆորպոստի կարգավիճակին վերադառնալու։ Չկարողացավ ու չի էլ կարողանալու, որովհետև խանգարողները շատ են։ Արևմուտքը խանգարում է, որովհետև իրենց «հակառուսական պլացդարմ» է պետք, Մոսկվան խանգարում է, որովհետև իրենց «ռուսական ֆորպոստ» է պետք․․․
Դրա համար էլ, ի դեպ, Արևմուտքի վերաբերմունքը ՀԱԿ-ի նկատմամբ ընդգծված սառն է, պրոռուսական ուժերն էլ չհամարձակվեցին համագործակցել նույն ՀԱԿ-ի հետ։ Բայց սա արդեն այլ պատմություն է։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

















































