Լավ հայտնի է, որ սոցիալական պետության նպատակը քաղաքացիների նյութական եւ հոգեւոր պահանջմունքների առավելագույն բավարարումն է, կյանքի որակի հետեւողական բարձրացումն ու սոցիալական անհավասարության նվազեցումը, հիմնական սոցիալական բարիքների, նախեւառաջ՝ որակյալ կրթության, բժշկական եւ սոցիալական սպասարկման համընդհանուր մատչելիության ապահովումը։
Ըստ որում սոցիալական պետությունը պիտի բացառի նպատակին հասնելու այն բոլոր եղանակները, որոնք ոտնահարում են մյուս քաղաքացիների եւ հանրության իրավունքները։ Ամեն ինչ այդպես է. տեսականորեն։ Իսկ կյանքո՞ւմ։
Բեւեռացումը թուլացնելու հայրենի իշխանության ձգտումը, ցավոք, առայժմ նկատելի է սոսկ կարգախոսներում։ Մինչդեռ դեցիլային գործակիցը, այսինքն՝ առավել ապահովվածների 10%-ի եւ առավել անապահովների 10%-ի եկամուտների հարաբերակցությունը, որոշ փորձագետների տվյալներով, արդեն հասնում է 50։1-ի։
Կարդացեք նաև
Իսկ եթե հաշվի առնենք դրամական կուտակումները, արժեքավոր գույքը, բնակարանների քանակն ու հարմարավետությունը (այդ թվում՝ նաեւ արտասահմանում), երկրագնդի դրախտային անկյուններում հանգստի մատչելիությունը եւ այլ ցուցանիշներ, ապա Հայաստանում հարուստների եւ աղքատների միջեւ անդունդը է՛լ ավելի խորը կլինի։ Իսկ, օրինակի համար, Խորհրդային Միությունում 1985 թվականին այն կազմում էր 5,1։1։
Մինչդեռ բնակչության ծայրագույն դեցիլային խմբերի միջեւ տասնապատիկ տարբերությունը համաշխարհային պրակտիկան համարում է մի սահմանագիծ, որից անդին իրավիճակը հասարակությունում դառնում է պայթյունավտանգ։ Եվրամիության երկրներում դրա թույլատրելի մեծությունը 4-7 անգամն է։ Բայց Եվրոպան, միեւնույն է, ցնցվում է։ Այնպես որ՝ սոցիալական պայթուցիկը մեր հասարակությունում առավել քան բավարար է։
Համաձայն պաշտոնական վիճակագրության, մեզանում բնակչության մոտ 35%-ը պատկանում է աղքատների թվին։ Իսկ եթե վերցնենք աղքատության եվրոպական չափորոշիչը, ապա այդ թիվը շատ ավելի մեծ կլինի։ Օրինակ, Գերմանիայում մեկ հասուն անձի սպառողական նվազագույն զամբյուղը 347 եվրո է։ Ընդ որում, նշված գումարը նախատեսված է միայն սնունդ գնելու եւ առօրեական կարիքները հոգալու համար (բնակարանի, ջեռուցման, ինչպես նաեւ բուժապահովագրության համար կարիքավորներին վճարում են լրացուցիչ)։ Անգամ եթե ուզենաս էլ, սովից չես մեռնի։
Երկրում հարուստների եւ աղքատների կենսամակարդակի միջեւ անդունդը ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Եվ մարդիկ ընդհանուր առմամբ համակերպվել են «անհավասարության օրենքին»՝ այն պայմանով, որ եկամուտները ստացվել են ազնիվ ճանապարհով։ Ոմանք կարողանում են փող սարքել, ճարպկություն անել, իսկ ոմանք՝ ոչ։ Ոմանք հանուն փողի պատրաստ են տքնել առավոտից մինչեւ գիշեր ու ծախել հոգին սատանային, իսկ մյուսները հանուն հոգեկան հանգստության (կամ ծուլության պատճառով) պատրաստ են բավարարվել քչով։
Սովորական քաղաքացիներին, միջին եկամուտների տեր մարդկանց, որոնք ունեն աշխատանք, ընտանիք, երեխաներ են դաստիարակում, ավելի շատ հուզում է մեկ այլ բան. բնավ ոչ այն, թե ինչքան փող կա այս կամ այն օլիգարխի քսակում, այլ թե ինչ արժեքներ է մակերես հանում հայրենի կապիտալիզմը։ Ինչի՞ն նախապատրաստել երեխաներին։ Ինչի՞ց զգուշանալ սովորեցնել։
Մարդիկ հաճախ դժգոհ են ոչ թե իրենց աշխատավարձից, այլ հասարակության մեջ գրաված դիրքից ու համակարգից, որի պարագայում եկամուտների հրեշավոր անհավասարությունը չի բացատրվում բացարձակապես ոչ մի բանով։ Ինչպե՞ս պիտի զգան իրենց գիտնականը, համալսարանի պրոֆեսորը, բժիշկը, սպան, դպրոցի ուսուցիչը՝ տեսնելով, թե ինչպես են ապրում ու զվարճանում կյանքի նոր տերերը։
Ունեցվածքային անհավասարությունը վերջին տասնամյակներին աճում է գործնականում բոլոր զարգացած երկրներում, բայց Հայաստանում այն ընդունում է գերաճած եւ, որ ավելի վտանգավոր է, համակարգային բնույթ։
Կարո՞ղ է այդ միտումը փոխվել։ Մասամբ՝ այո, եթե ձեռնարկվեն արմատական միջոցներ։ ԱՄՆ-ում նյութական անհավասարությունը նվազեցնելու նպատակով (1928 թվականին Ամերիկայում կար 39 միլիարդատեր, 1969-ին՝ 13) իշխանությունները բարձրացրին եկամտահարկի առավելագույն դրույքը մինչեւ 91 տոկոս, ինչպես նաեւ ենթարկեցին թանկարժեք անշարժ գույքը բացառիկ բարձր հարկման, հետեւողական պայքար տարան մենաշնորհների դեմ։
Վերջապես վճռեցին բարձրացնել սոցիալական նպաստներն ու սահմանել մարդու սպառողական զամբյուղն ապահովող մակարդակի նվազագույն աշխատավարձ։
Մեր պայմաններում անհավասարության դեմ պայքարի համար, որը հասարակական լայն արձագանք եւ աջակցություն կստանար, կարելի էր առաջարկել մի քանի միջոց։ Օրինակ, բարձր եկամուտներից գանձվող եկամտահարկի չափավոր ավելացում, անշարժ գույքի համար դրա շուկայական արժեքից գանձվող բարձր հարկի սահմանում, ապահովագրական վճարումների գանձում ցանկացած չափի եկամուտներից՝ առանց գումարի վերին շեմի սահմանափակման եւ այլն։
Ըստ որում պարզ է, որ բոլոր այդ միջոցները կտան սահմանափակ արդյունք, քանի որ կկրճատեն եկամուտների, այլ ոչ թե ունեցվածքային անհավասարությունը։
Այսօր զանգվածային գիտակցության մեջ իշխում է «տեղի ունեցողի անարդարության եւ իրադարձությունների ընթացքի վրա ազդելու անհնարինության զգացումը»։ Ո՞ւր կհասնենք մենք՝ շարունակելով շարժվել այս ճանապարհով։ Քսան տարին բավարար ժամկետ է հարուստների եւ աղքատների միջեւ այսչափ ահավոր տարբերության հետեւանքները գնահատելու համար։ Ժամանակը չէ՞ դասեր քաղել։
Կարեն ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Հայոց աշխարհ»



















































