Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառք Աստծո, Գագիկ Ծառուկյանը կարծես թե չի առաջադրում իր թեկնածությունը»

Դեկտեմբեր 12,2012 12:39 Share

Փառք Աստծո, Գագիկ Ծառուկյանը կարծես թե չի առաջադրում իր թեկնածությունը: Փառք Աստծո ոչ թե այն իմաստով, որ Սերժ Սարգսյանից պակաս թեկնածու էր, այլ որովհետեւ եթե նույնիսկ 90 տոկոս ձայն հավաքեր՝ նրան, միեւնույն է, թույլ չէին տալու նախագահ դառնալ։ Սերժ Սարգսյանն այն «տղան» չէ, որ հենց այնպես հանձնի իշխանությունը, իսկ Հայաստանի զինված ուժերն, ինչպես հայտնի է, ամենամարտունակն են տարածաշրջանում (համենայն դեպս՝ բանակում չծառայած Էդուարդ Շարմազանովն այդպես է պնդում): Իսկ ԲՀԿ-ն, հասկանալի է, այնքան միամիտ չէ, որ պայքարի դուրս գա կանոնավոր բանակի դեմ։ Նման բան չի կարելի անել, որովհետեւ եթե նույնիսկ հաղթես՝ սեփական երկրի բանակին ես հաղթելու, իսկ նման բաները չեն ներվում։ Հետեւաբար՝ Գագիկ Ծառուկյանի որոշումը ճիշտ է (եթե, իհարկե, նման որոշում կա), չի՛ կարելի մասնակցել մի խաղի, որտեղ խաղի կանոնները մինչեւ վերջ հստակ չեն։

Բայց արդյոք այն, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին չի մասնակցում, ինչ-որ բան փոխո՞ւմ է։ Մի պահ վերանանք անցած մի քանի ամիսների «քաղաքական կոնսուլտացիաներից»։ Իրողությունն այն է, որ Դաշնակցությունը, սովորության համաձայն, «խաղեր է տալիս» գործող իշխանությունների հետ, «Ժառանգությունը» հանդես է գալիս սեփական թեկնածուով՝ չբացառելով «ավելի լայն համագործակցությունը» (նույն իշխանությունների հետ), «Բարգավաճ Հայաստանն» էլ, ենթադրենք, չեզոք է։ Մնաց միայն Հայ ազգային կոնգրեսը։ Ոչ թե այն պատճառով, որ Կոնգրեսն ամենահզորն է, այլ որովհետեւ այլընտրանք պարզապես չկա։ Ո՞վ է մեղավոր, որ դաշնակները ոստոստուն քայլերով գնացին Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելու եւ նույնիսկ որոշակի հաջողություններ արձանագրեցին այդ ոլորտում, ո՞վ է մեղավոր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մանկապարտեզի՝ ոտանավորը լավ սովորած սանի խանդավառությամբ շտապեց առաջադրել իր թեկնածությունը, եւ վերջապես՝ ո՞վ է մեղավոր, որ Գագիկ Ծառուկյանը, երկար մտածելուց հետո, վերջապես գտավ միակ ճիշտ լուծումը՝ հեռու մնալ նախագահական ընտրություններից։ Որեւէ մեկը մեղավոր չէ։ Ավելին՝ նախընտրական «խորհրդակցությունները», փաստորեն, իրենց արդարացրեցին։

Դրանց արդյունքում ակնհայտ դարձավ, որ եթե Հայաստանում երբեւէ ինչ-որ բան փոխվի՝ էլի Կոնգրեսի շնորհիվ է փոխվելու։ Այսինքն՝ միակ ընդդիմությունը դարձյալ մնում է Հայ ազգային կոնգեսը։ Լավ է դա, թե վատ՝ այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ։ Ավելին, միանգամից ավելորդ են դառնում բոլոր այն հարցադրումները, թե արդյոք ճի՞շտ վարվեց Կոնգրեսը, որ ժամանակին փորձեց երկխոսել հանրապետականների հետ, կամ արդյոք արժե՞ր հետագայում համագործակցել «Բարգավաճ Հայաստանի» հետ՝ փորձելով Սերժ Սարգսյանի դեմ միասնական ճակատ ստեղծել:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31