Այս համոզմունքն ունեն Մեղրիի տարածաշրջանի շատ բնակիչներ, ովքեր անընդունելի են համարում Մեղրի գետի վրա 9 փոքր ՀԷԿ-ի կառուցումը, քանի որ հետեւանքներն անդառնալի կլինեն` տարածքները կչորանան, էկոհամակարգը կխախտվի, բուսականությունը կվերանա:
«Ես տեղեկացված եմ, որ Մեղրիի տարածքում նախատեսված է կառուցել 9 փոքր ՀԷԿ: Մոտ 38 կմ տարածքում ամեն մի ՀԷԿ-ից մյուսն ընկած 3-4 կմ հեռավորություն ունեցող հատվածում ջուրն առնվելու է խողովակաշարի մեջ: Ջրերի քանակը գնալով նվազում է, իսկ այն հաշվարկները, որոնք ներկայացված են, թե իբրեւ այդ ջրերը բավականացնում են նման ՀԷԿ-եր կառուցելու համար` իրականությանը չեն համապատասխանում: Իսկ նման հաշվարկներով առաջնորդվելու դեպքում այդ տարածքներն ամբողջությամբ չորանալու են եւ ամբողջ Հայաստանում միայն այդ տարածքներում գոյություն ունեցող 27 էնդեմիկ բուսատեսակներ նույնպես կչորանան ու կվերանան: Մեր տարածքում է գտնվում «Արեւիկ» ազգային պարկը, որի վրա միանշանակ անմիջական ազդեցություն կլինի»,- փոքր ՀԷԿ-երի սպառնացող վտանգների մասին բարձրաձայնեց Մեղրիի մշտական բնակիչներից մեկը:
Մյուս մտահոգությունն առնչվում է մեղվաբուծության զարգացմանը: Տեղաբնակները համոզված են, որ այն կվնասի մեղվաբուծությանը, ընդգծելով, որ բարձրավոլտ հոսանքներ անցնող տեղանքներում մեղվաբուծությունը զարգանալ չի կարող, իսկ Մեղրին հայտնի է իր դեղին մեղուով, որը Մեղրու բուսականության հիմնական փոշոտիչն է համարվում եւ բերքի առատության երաշխիքը հանդիսանում:
Կարդացեք նաև
«Չկա փոշոտում, չկա բերք, չկա բուսականություն, իսկ այդ դեպքում ամբողջ Մեղրիի դաշտը ծածկվելու է մագնիսական դաշտով: Հիմա 2-3 ՀԷԿ-ի առկայությունն արդեն այդպիսի անհանգստություն է առաջացնում, էլ չենք խոսում 9-ի մասին: Մարդկանց ուղեղի վրա է ազդում, կործանարար նշանակություն ունի եւ եվրոպական շատ երկրներ հրաժարվում են այդ կարգի կառույցներ ունենալուց: Բացի այդ, տարածքները լրիվ անջրդի են դառնալու, ջրային ռեսուրսները գնալով նվազում են, փոխարեն ամբարենք` ջրազրկում ենք: Մարդկանց միշտ խաբկանքի մեջ են դնում, որ աշխատատեղեր են լինելու, բայց ընդամենը 2-3 մարդ կարող է աշխատել այնտեղ` 2-3 ամիս ժամանակով, երբ գարնանը գետը հորդառատ է լինում: Մարդիկ այդ 3 ամսվա համար իրենց այգիները չեն թողնելու եւ չեն կորցնելու 11 ամսվա աշխատանքը», – նշեց Մեղրու ապագայով մտահոգ մեկ այլ բնակիչ:
Ոմանք էլ կարծում են, որ կառուցվելիք ՀԷԿ-երը պետք է ծառայեն հանքերին, որոնք հեռահար խնդրով դիտվում են որպես Մեղրու տարածքի «զարգացման» աղբյուրներից մեկը: «Հանքերի շահագործման այսօրվա տեմպերը, այն ցանկությունները, որոնք դիտվում են Մեղրիի տարածաշրջանի համար` որպես հեռանկար, ողբերգություն կարելի է համարել, էկոտեռորիզմ` այս տարածքի նկատմամբ: Այսօրվա տեխնոլոգիաների շահագործման դեպքում 10-15 տարի հետո Մեղրին կանապատեցվի եւ անհնար կլինի ապրել այստեղ», – հավելեցին բնակիչները:
Փորձեցինք Մեղրու «Արեւիկ» ազգային պարկի տնօրեն Սուրիկ Հովհաննիսյանից ճշտել, թե ՀԷԿ-երն ինչ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ պահպանվող տարածքի վրա եւ որքանով են այդ կառույցներն առնչվելու տվյալ տարածքի հետ: Հողերի կատեգորիան փոխելու որոշման նախագիծը կառավարության նիստում քննարկելիս բնապահպանության նախարարությունը ազգային պարկի վերաբերյալ իր դիտարկումն է արել, առաջարկել առաջնորդվել ՀՀ կառավարության 15.10.2009թ. N 1209-Ն որոշմամբ, որով ստեղծվեց «Արեւիկ» ազգային պարկը, բայց կառավարությունն այնուամենայնիվ հողի կատեգորիան փոխելու որոշում կայացրեց: «Արեւիկ» ազգային պարկն ընկնում է Մեղրի գետից եւ հեռու` մոտ 1-2 կմ, ե’ւ բարձր դիրքում, անմիջապես ազգային պարկի ջրերը չեն վերցնում, որ ասենք հետագայում ինչ-որ ազդեցություն պետք է ունենա: Ես այս պահին որեւէ հստակ տեղեկություն չունեմ, թե կոնկրետ որտեղ են կառուցվելու ՀԷԿ-երը, որ ստույգ կարողանամ պատասխանել թե ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ ազգային պարկի համար: Լիճքի, Տաշտունի եւ Լեհվազի տարածքներում կառուցվող ՀԷԿ-երի մասին գիտեմ, ներկա պահին այլ ինֆորմացիա չունեմ այդ հարցի հետ կապված», – նշեց պարոն Հովհաննիսյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ



















































