Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական դաշտը բյուրեղանում է

Հունվար 10,2013 12:57

Այն բանից հետո, երբ բռնապետական ռեժիմը նենգաբար հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ նա 68 տարեկան է, եւ վերջինս որոշեց չառաջադրել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, ոչ մի քաղաքական գործիչ (եթե նա իսկապես իրեն ներկայիս ռեժիմի հակառակորդ է համարում) չպիտի համարձակվեր առաջադրվել: Ընդհանրապես բոլոր հասարակական եւ քաղաքական ուժերը պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը՝ հայտարարելով, որ բռնապետության պայմաններում այդ ամենը հնարավոր չէ, վեր է ածվում կատարյալ ֆարսի եւ ջուր է լցնում ռեժիմի ջրաղացին: Իհարկե, այդ պատմական չառաջադրումից հետո կարելի է, որոշ վերապահումներով, թույլ տալ, որ մարդիկ շարունակեն գնալ աշխատանքի, իսկ ամուսինները որոշակի քայլեր ձեռնարկեն՝ ժառանգներ ունենալու համար: Բայց ինչ մնում է հասարակական, քաղաքացիական ակտիվությանը, ապա այստեղ կասկած չկա՝ ցանկացած քայլ, որը կհանդգնի անել ցանկացած քաղաքական գործիչ՝ առանց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի թույլտվության, ուղղված է բռնապետության երկարաձգմանը: Ավելին՝ առաջին նախագահը կատարեց իր քայլը հենց նրա համար, որ հերթական անգամ պարզաջրի քաղաքական դաշտը՝ բաժանելով այն նրանց, ովքեր կողմ են բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը եւ, հետեւաբար, չեն առաջադրվում ու ոչ մեկի չեն սատարում, եւ նրանց, ովքեր սպասարկում են ռեժիմին՝ առաջադրվելով ու սատարելով:

Այդպիսով՝ հիմա արդեն պարզ է դառնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը գաղտնի ստրատեգիայի շարունակությունն է՝ ստրատեգիա, որին փորձագիտական մակարդակով տիրապետում է ընդամենը 3-4 հոգի: Մնացած հասարակ մահկանացուները, որոնց հարկ չի համարվում տեղյակ պահել այդ գերգաղտնի ռազմավարության մասին, արժանի չեն դրան եւ կիմանան արդյունքներն ի հայտ գալուց հետո: Այդ ստրատեգիան սկսվեց քաղաքագիտական վերլուծությունից, շարունակվեց գաղտնի բանակցություններով, ինչի հետեւանքով ավազակապետությունը մահացու հարված ստացավ: Նույն ռազմավարության պսակն է առաջին նախագահի՝ ընտրապայքարին չմասնակցելը, ինչը առաջացրեց ռեժիմի եւ նրա չբացահայտված սպասարկուների խուճապը: Հենց այդ պատճառով է ռեժիմը շտապ կարգով առաջ քաշում նախագահի իր թեկնածուներին, որոնց նպատակը մեկն է՝ լեգիտիմացնել առաջիկա ընտրությունները:

Եվ, ուրեմն, այսօր ցանկացած ազնիվ քաղաքացու պարտքն է որեւէ ձեւով չմասնակցել նախագահական ընտրարշավին, նստել տանը եւ փնովել նախագահի բոլոր թեկնածուներին: Միայն այդպես է հնարավոր կառուցել մեր երազած ազատ, անկախ եւ ժողովրդավարական Հայաստանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031