Կամ՝ հարկային դաշտ բերել հարսանիքի թամադաներին
Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը սեփական կուսակցության անցած ճանապարհը դրվագ առ դրվագ ներկայացնելիս հպարտացավ իրենց մշակած օրենքների նախագծերով: Ու որպես օրինակ մեջբերեց նաեւ սուպերմարկետների գործունեությունը կարգավորող օրենքի նախագիծը, որը արդեն իսկ հավանության է արժանացել կառավարության կողմից: ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ «Առավոտ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ, ի տարբերություն ամբողջ աշխարհի, որտեղ սուպերմարկետների գործունեությունը կանոնակարգվում է, եւ քաջ հայտնի է, թե որն է հիպերմարկետ, որը՝ սուպերմարկետ, Հայաստանում առեւտրային այս օբյեկտները հստակեցված չեն: «Մեր երկրում խոշոր առեւտրային օբյեկտները սնկի պես աճում են, Երեւանում տեսեք՝ ինչ է տեղի ունենում. առանց որեւէ հաշվարկի սուպերմարկետներ են բացվում, եւ փոքրիկ էն մանր օբյեկտները խաղից դուրս են գալիս, ստիպված վաճառում են: Սա մեծ հարված է փոքր, միջին բիզնեսին: Արտասահմանում նույնիսկ սուպերմարկետի համար ժամ կա, եւ այդ ժամից հետո չի աշխատում, որպեսզի փոքր խանութներն էլ կարողանան աշխատել: Բացի այդ, կենտրոնական մասերում չկան սուպերմարկետներ: Ուզում ես սուպերմարկետի համար քեզ տարածք հատկացնե՞ն, դա պետք է լինի քաղաքի սահմանամերձ շրջաններում, եթե քաղաքի կենտրոնում ես ուզում, պետք է ստորգետնյա կառուցես: Օրենքում չափորոշիչներ կան ամրագրված, որը հնարավորություններ է ստեղծում հավասար մրցակցային պայմաններ փոքրերի համար»,- ասաց պատգամավորը: Այս ամենից զատ, ըստ Հովհաննես Մարգարյանի՝ հստակ հաշվարկ կա, թե տվյալ վարչական շրջանում քանի սուպերմարկետ կարող է աշխատել: «Հաշվարկ կա, թե օրինակ, ասենք, Քանաքեռ-Զեյթուն կամ Արաբկիր վարչական շրջանը քանի՞ սուպերմարկետ կարող է ունենալ, հո չի՞ կարող տասը հատ լինել: Օրենքի տրամաբանությունը սա է, ոչ թե միտված է նոր հեծանիվ հորինելու, այլ ամբողջ աշխարհում կա: Փորձը ուսումնասիրվում է, նախկինում այս խնդիրը չկար, որովհետեւ մենք չունեինք սուպերմարկետներ»,- ասում է պատգամավորը:
ՕԵԿ-ի՝ կառավարության հետ համահեղինակած օրենքներից մեկն էլ «Արտոնագրային վճարների մասին» օրենքն է, որտեղ այս պահին որոշակի փոփոխություններ է առաջարկում ՕԵԿ-ը: Հովհաննես Մարգարյանը նման օրենսդրություն ունենալու եւ այնտեղ փոփոխություններ ներկայացնելու իմաստը պատճառաբանում է այսպես. «Դեռ 2010 թվականին ուզում էինք միանալ մեր հասարակության լայն շերտերի այն հորդորներին ու օրենքի նախագիծ գրել, որը վերաբերում էր մի պարզ հարցադրման՝ ստեղծեք մի պայման մեզ համար, որ մենք՝ փոքր բիզնեսով զբաղվողներս, կարողանանք առանց իրավաբանական անձ դառնալու՝ որպես ֆիզիկական անձ, զբաղվենք: Սա՝ առաջին, իսկ երկրորդն այն է, որ կարողանանք մեր գործունեությունը ծավալելիս ինչ-որ արտոնագիր ստանանք, պետությանը հաստատագրված ինչ-որ մի վճար տանք ու մեր գործունեությունը իրականացնենք՝ չպահելով հաշվապահական ծառայություն եւ այլն, եւ այլն: Խոսքը վերաբերում էր կոշկակարին, կրկնուսույցին, դերձակին, զարդագործին եւ այլն: Ինչու չէ՝ նաեւ 56 քառ. մետր տարածք զբաղեցնող փոքրիկ առեւտուր կազմակերպողներին եւ տարբեր գործունեություն կազմակերպողներին, օրինակ, ասենք՝ դահլիճներում խաղերի կազմակերպում, նույնիսկ այն մեխանիկներին, ովքեր մեքենաներ են վերանորոգում: Այսինքն՝ ուզում էին ունենալ մի օրենք, որով պաշտպանված կլինեին»: Երկու տարի շարունակ գործող օրենքից, Հովհաննես Մարգարյանի հաշվարկներով, օգտվել են 28 հազար քաղաքացիներ՝ պահանջելով սահմանված շեմը 6 միլիոնից դարձնել 9 միլիոն: «Շատ դեպքերում, հազարավոր էդպիսի դեպքեր կան, երբ արդեն իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամսից ստացվում էր 6 միլիոնին մոտ, եւ շեմի 6 միլիոնը լրանալուց հետո չէին կարողանում հետագա 2-3 ամիսները գործունեություն ծավալել արտոնագրային վճարների պայմանով: Այսինքն՝ պետք է դիմեին հարկային տեսչություն եւ այլ հարկային դաշտ անցնեին: Դիմումատուները խոսում էին այն մասին, որ հազիվ պրծանք հարկային քաշքշուկներից, հաշվապահական գործունեություն ծավալելուց եւ այլն: Մենք դեկտեմբերին հերթական նախագիծը մշակեցինք՝ առաջարկելով սահմանված նվազագույն շեմը 6 միլիոնից դարձնել 9 միլիոն. սա՝ առաջին հոդվածով»,- ասում է Հովհաննես Մարգարյանը: Իսկ երկրորդ հոդվածով շուրջ 20 տեսակի գործունեություն իրականացնողներին հնարավորություն է տրվում բացելու գործունեության շրջանակները: Ավելին՝ այսուհետ հաշվի են առնելու, թե որտեղ է անձը գործունեություն ծավալում՝ Երեւանի կենտրոնո՞ւմ, թե՞ ծայրամասում, սահմանամերձ գյուղո՞ւմ, թե՞ աղքատ, գործազուրկ Գյումրիում: «Օրինակ՝ հնարավորություն ենք տալիս հարսանյաց սրահներին, որոնք, ասենք, տարվա մեջ կարող են 2 կամ 3 անգամ ծառայություն մատուցել, եթե ցանկություն ունեն, կարողանան մտնել արտոնագրային դաշտ, ոչ թե քառակուսով հաշվարկվեն: Ընդամենը սահմանվի մի վճար, եւ այդ վճարը ոչ թե տարեկան լինի, այլ լինի ամսական, այսինքն՝ կարող է մարդը հետագա 11 ամիսը չի աշխատում, թող հնարավորություն ունենա միայն այդ ամսվա համար վճարել ու աշխատել: Ենթադրենք՝ պաղպաղակի վաճառք ես կազմակերպում ամառվա 3 ամիսներին, այդ ամիսների համար վճարես, մյուս ամիսները չես աշխատել, ինչո՞ւ վճարես»,-ասում է պատգամավորը: Նրա մեկնաբանմամբ՝ 2-րդ հոդվածի ենթահոդվածով նախատեսվում է գոտիավորել տեղանքները: «Եթե նույն գործունեության տեսակի համար Երեւանում արտոնագրի համար եռամսյա կտրվածքով պիտի վճարեր 12 հազար դրամ, Գյումրիում պետք է վճարի 6 հազար դրամ, սահմանամերձ գյուղում՝ 3 հազար դրամ: Օրինակ՝ գործունեության տեսակ կա, որ մարզերում պետք է վճարի 300 դրամ, իսկ Երեւան քաղաքում՝ 6500 դրամ: Մենք առաջարկեցինք, որ Երեւանում էլ գոտիավորեն, օրինակ՝ Սովետաշենում գործող կոշկակարը ավելի քիչ արտոնագրային գումար վճարի, քան Կենտրոնում, քանի որ հաճախորդները քիչ են: Հարսանիքի թամադան Երեւանում լրիվ այլ գումար պիտի վճարի, Գյումրիում՝ այլ»,- ասաց պատգամավորը:
Ի դեպ, Հովհաննես Մարգարյանը նեղվեց, որ ատամնաբույժների բողոքը անմիջապես կապում են իրենց նախագծի հետ: Նրա պարզաբանմամբ՝ կառավարությունը 10 էջանոց նախագիծ է ներկայացրել դարձյալ արտոնագրային վճարների օրենքի փոփոխության մասին, եւ եթե նույն հարցի շուրջ են նախագծերը, ապա ակամա միավորում են: Այնպես որ, ըստ պատգամավորի՝ ատամնաբույժների արդարացի դժգոհության մեջ ՕԵԿ-ը մեղք չունի: «Չի եղել մի դեպք, որ մենք նախագիծ գրենք, որը ժողովրդի մոտ մի հարց չլուծի, ինչպես ասում են՝ դարդին դարման չանի: Հիմա ստացվեց, որ փորձում են մեզ վերագրել ամեն ինչ: Էդպես չէ, ես հանդիպել եմ Ստոմատոլոգների միության նախագահի հետ ուղիղ եթերում, 3 օրից սկսվում են մեր նիստերը, եւ ես հրավիրել եմ, որ քննարկենք եւ իրենց առաջարկները ընդունենք: Ի պատիվ իրենց՝ իրենք ասում են, որ բնական է՝ մենք պիտի հարկվենք, բայց գոնե Գյումրի քաղաքում այդ նույն ատամնաբույժը 2-3 անգամ ավելի քիչ պիտի վճարի, որովհետեւ մենք գիտենք, որ Գյումրին սոցիալապես ծանր տեղ է, գործազրկությունը շատ է, հաճախորդները քիչ են»: Ըստ պատգամավորի՝ պետությանը չնչին գումար մուծելով ու արտոնագիր հանելով՝ հարսանիքի թամադան, օպերատորը իր համար ստաժ է կուտակում եւ իրեն ապահովագրում է, որպեսզի որեւէ մեկը չհամարձակվի գալ ու ասել, թե ծառայությունդ ապօրինի ես մատուցում: Ըստ մեր զրուցակցի՝ այս օրենքից առ այսօր բողոք չի եղել՝ բացի ատամնաբույժներից, որոնց հարցը անպայման պետք է քննարկվի:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































Եթե միտքս շարադրեմ,ոչ կոռեկտ կստացվի,ավելի լավ է լռեմ:Օեկ,չկա,չի էլ եղել,մասնաճյուղ,գոնե կարելի է հանդուրժել: