Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատագրական բանակի» մարտիկների «Վարդենիսի մայրիկը»

Ապրիլ 04,2013 13:39 Share

20 տարի անց նա իր տղաներին կրկին ճանապարհել է Քարվաճառ՝ սակայն ոչ թե պատերազմ, այլ տոնելու ազատագրման 20-ամյակը։

Hasmik-mayrik

Հասմիկ մայրիկը:

qarvachar-2

Ազատագրական բանակի մարտիկները կրկին հանդիպեցին:

Հասմիկ Եղյանը արդեն 73 տարեկան է, ազատամարտիկ Ապրես Եղյանի մայրն է։ Նրան հանդիպեցինք այն տանը, որտեղ դեռ 20 տարի առաջ տիկին Հասմիկը ամեն օր մարտի էր ճանապարհում ոչ միայն իր տղային, այլ նաեւ մյուս մարտիկներին։ «Առաջ էս տան պատերը չկային, կարծես մի մեծ զորանոց լիներ։ Հիմա ենք վերանորոգել։ Գալիս էին, հավաքվում էին այստեղ, զրուցում իրենց ծրագրերից։ Բոլորին հարգել եմ որդուս հավասար, իմ տղաներն էին, չէի տարբերում։ Կերակրում էի, կոշիկները մաքրում։ Ուզում էի, որ իրենք էլ զգան մայրական ջերմությունը կռվից առաջ»,- մեզ հետ զրույցում վերհիշում է Հասմիկ Եղյանը։ «Վարդենիսի մայրիկ»՝ այսպես են նրան դիմում ազատամարտիկները, որոնք 20 տարի անց նորից հավաքվել էին մայրիկ Հասմիկի տանը, որտեղից ճանապարհվելու էին Քարվաճառ։  Գնում էին նշելու պատմական հաղթանակի օրը։ 1993 թվականի ապրիլի 1-ին Վարդենիսի կողմից «Ազատագրական բանակի» մարտիկները՝ հրամանատար Հովսեփ  Հովսեփյանի գլխավորությամբ, առավոտյան գրավեցին ադրբեջանցիների երկու հենակետերը եւ իջան Քարվաճառ՝ ազատագրելով հայկական տարածքը։

20 տարին առիթ էր՝ վերհիշելու հաղթական օրվա մանրամասները։ «Մենք այդ օրը լավ մարտավարություն կիրառեցինք։ Եթե թշնամին զգում է, որ դու նրան հեռանալու հնարավորություն ես տալու, հանձնվում է առանց դիմադրության։ Այդպես վարվեցինք նաեւ ապրիլի 1-ին»,- ասաց Ազատագրական բանակի հրամանատար Հովսեփյանը։

1993 թվականի մարտի վերջին հրաման է եղել մտնել Քարվաճառ Վարդենիսի կողմից։  Ադրբեջանցիները չեն սպասել, որ Հայաստանի կողմից հարձակում կլինի։ Սկսել են 131 մարտիկներով, բայց Քարվաճառ մտել են 117-ը։ Նրանք են եղել հայկական այդ հին տարածքի առաջին մարտիկները։ Մյուս մարտիկները մնացել են՝ հսկելու այն ադրբեջանական հենակետերը, որոնք գրավել էին Քարվաճառ մտնելու ճանապարհին։ 15 հազար բնակիչներին հայ ազատամարտիկները թույլ են տվել հեռանալ Օմարի լեռնանցքով, իսկ քաղաքում նաեւ մոտ 2000 ադրբեջանցի զինվորներ եւ նաեւ հսկայական զինամթերք է եղել. ադրբեջանցի զինվորները փախել էին։

Հովսեփ Հովսեփյանի պատմելով՝ ապրիլի 1-ից հետո՝ արդեն 2-ին եւ 3-ին, Քարվաճառ են հասել նաեւ Մարտակերտի եւ Լաչինի ուղղությամբ եկող զորքերը։  «Սա միասնական հաղթանակ էր։ Հաղթանակ էր՝ վերականգնելու արդարությունը»,- ասում է հրամանատարը։ Հիշելով 20 տարվա վաղեմությամ իրադարձությունները՝ «Ազատագրական բանակի» մարտիկները պատմում էին, որ առաջին իսկ պահից զգացել են հայկական շունչը։ «Դադիվանքը» քիչ հեռու է Քարվաճառից, սակայն հայկական խաչքար նաեւ այստեղ են գտել, բայց՝ ադրբեջանցիների կառուցած տների պատերի վրա։ Այսօր Քարվաճառում մոտ 700 բնակիչ է ապրում, դպրոց կա, ուզում են նաեւ մանկապարտեզ կառուցել։ Քարվաճառի մշակույթի տանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ էլ Հ. Հովսեփյանը նկատեց, որ 1993 թվականի ապրիլի 1-ի հաղթանակը պետք է ամրապնդվի այստեղ ապրող հայերով։

Ի դեպ, Քարվաճառի անհապաղ ազատագրումը նաեւ Լեոնիդ Ազգալդյանի նպատակն է եղել՝ պետք է միավորվի Արցախն ու Հայաստանը։

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930