Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ընդհանուր առմամբ բավականին «դինջ» է, եւ փոքրիշատե աշխուժություն է նկատվում միայն ՀՀԿ-ի հանդիպումների ժամանակ։
Դրանք ընթանում են մոտավորապես նույն սցենարով. տվյալ թաղի հանրապետական «նայողը» նախօրոք հավաքում է մարդկանց, երեխաներին շարք կանգնեցնում, «Գազելով» բերած փուչիկները բաժանում, հետո գալիս է Տարոն Մարգարյանը, նրան տեսնելուն պես նախօրոք ընտրված տատիկը գոռում է «վայ ցավդ տանեմ, բալա ջան», հետո (կամ նախքան հանդիպումը) եթե տարածքում անցանկալի մարդիկ են լինում (ասենք՝ տեսանկարահանողներ), բռնում տփում են, եւ տվյալ միջոցառումը համարվում է ավարտված։ Ավելի ուշ ոստիկանությունն, իհարկե, հադորդագրություն է տարածում, որ ամեն ջանք գործադրելու է միջադեպի մեղավորներին բացահայտելու համար, ՀՀԿ շտաբը դատապարտում է ցանկացած բռնություն եւ այլն, բայց դա արդեն ընդամենը հաստատված ծիսակարգ է. բոլորն էլ գիտեն, որ դրանից ոչինչ չի փոխվելու, եւ հաջորդ օրը ամեն ինչ նույնությամբ կրկնվելու է։
Պրոբլեմը նույնիսկ այն չէ, որ հարյուրավոր մարդկանց աչքի առաջ ինչ-որ հաստավիզներ ծեծում են լրագրողին, եւ այդ հարյուրավոր մարդկանցից ոչ մեկը ծպտուն չի հանում։ Փոխարենը իրավունք են ստացել մոտենալ Տարոնին եւ աղիողորմ ձայնով ասել «բալա ջան, բա հըմի ո՞նց անենք, որ էս զիբիլի ավտոն ուշ-ուշ ա գալըմ», եւ այդ իրավունքից չզրկվելու համար գերադասում են չտեսնելու տալ իրենց աչքի առաջ կատարվածը։ Այդ մարդիկ, միեւնույն է, վրեժ են լուծելու իրենց նվաստացման համար ու հաստատ Տարոնին ձայն չեն տալու։ Հիմնական պրոբլեմն այն է, որ այդ ամենը կատարվում է ոստիկանության, իսկ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանու ներքո։ Այլ կերպ ասած՝ եթե Տարոն Մարգարյանը դառնա Երեւանի քաղաքապետ, դրա համար պարտական է լինելու Գասպարյան Վովային եւ Սերժ Սարգսյանին (որը Վովային հրահանգել է Տարոնին քաղաքապետ դարձնել): Ասվածի մեջ չափազանցություն չկա։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանում նորմալ ոստիկանություն լիներ։ Տարոնի հանդիպման ժամանակ լրագրողին ծեծածների թեւերը կոլորեին, կտանեին բաժին, Երեւանի ավագանու հանրապետական անդամի նկատմամբ քրեական գործ կհարուցեին, եւ վերջ: Տարոնի քարոզարշավը կտապալվեր։ Բայց Սերժ Սարգսյանը Վովային ոստիկանապետ է նշանակել ոչ նրա համար, որ նա բանուգործը թողած՝ պայքարի հանցավորության դեմ։ Մեծ հաշվով՝ նա Վովային իր թիկնազորի պետ է նշանակել, ոստիկանությունն էլ դարձրել է իր անձնական թիկնազորը, իսկ թիկնապահներն, ինչպես հայտնի է, հանցավորության դեմ պայքարելու հետ գործ չունեն։ Նրանց գործը շեֆի անվտանգությունն ապահովելն ու նրա հրամանները կատարելն է։ Եվ այս իմաստով ոստիկանության՝ իրեն շլանգի տեղ դրած մայորի գործողությունները միանգամայն «իրավաչափ են»։ Նրա աչքի առաջ ծեծում են լրագրողին, նա քորում է ծոծրակը ու սկսում մտածել՝ սույն գործընթացը կարո՞ղ է ազդել շեֆի անվտանգության վրա, թե ոչ։ Որոշում է, որ դա շեֆի անվտանգության հետ կապ չունի ու, բնականաբար՝ ոչինչ չի ձեռնարկում։ Նույնիսկ հատուկ կարգադրության կարիք չկա. նման իրավիճակներում ոստիկանները բնազդով են զգում, թե ինչը դուր կգա շեֆին, ինչը՝ ոչ։
Ոստիկանությունն, այսպիսով, դարձել է Սերժ Սարգսյանի հիմնական գործիքը։ Ոստիկանության միջոցով են իրականացվում հիմնական ընտրակեղծիքները (ընտրողների ցուցակը ոստիկանությունն է կազմում), ոստիկանությունն է որոշում, թե ով իրավունք ունի կեղծել ընտրությունները, եւ ով՝ ոչ, ոստիկանությունն է որոշում, թե որ հանցագործությունները պետք է բացահայտել, եւ որը՝ չտեսնելու տալ, իսկ Ծիծեռնակաբերդի երեկվա միջադեպը ցույց տվեց, որ ոստիկանությունն արդեն որոշում է նաեւ, թե որ պաշտոնյաներն իրավունք ունեն օգտվել իրենց արտոնություններից, եւ որոնք՝ ոչ։ Սա, իհարկե, չի նշանակում, թե ոստիկանությունն ընդհանրապես չի պայքարում հանցագործությունների դեմ։ Մեկ-մեկ պայքարում է։ Օրինակ՝ եթե որեւէ մեկը Երեւանի կենտրոնում սկսի կրակել անցորդների վրա, գուցեեւ բռնեն։ Բայց նախօրոք կճշտեն՝ կարող ա՞ Սերժ Սարգսյանի բարեկամն ա, հանրապետական ա, եսիմ ով ա… Ու եթե պարզեն, որ սովորական մարդ է՝ կբռնեն։ Գյումրիում, օրինակ, վերջին մի քանի տարիներին ավելի շատ կրակոցներ են հնչել, քան Քյազիմ Կարաբեքիրի զորքերի քաղաք մտնելու ժամանակ, բայց քանի դեռ Վարդան Ղուկասյանը Սերժ Սարգսյանի թիմից էր ու նրա համար ձայներ էր ապահովում՝ ոստիկանությունը ոչինչ չէր նկատում։ Հիմա նա թիմից դուրս է մղվել, եւ արդեն ազգուտակին բռնում են։
Կարդացեք նաև
Մի խոսքով՝ Հայաստանի հիմնական պրոբլեմն այն է, որ ոստիկանություն կա, բայց հանցավորության դեմ պայքարող կառույց չկա։ Կա կառույց, որը պայքարում է բոլոր նրանց դեմ, ում Սերժ Սարգսյանը հանցագործ է համարում։ Իսկ այդ հարցում Սերժ Սարգսյանի եւ ժողովրդի կարծիքները տրամագծորեն հակադիր են։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»