Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽ ավելի քան 10 անդամ երկրների 23 պատվիրակներ բոլոր քաղաքական խմբերից միջնորդություն են ներկայացրել «Զանգվածային գաղտնալսումը Եվրոպայում» խորագրով բանաձևի ընդունման համար: Այն քննարկման կդրվի օգոստոսի 31-ին:
Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպաններն անհրաժեշտ համարեցին նման նորմերի գոյությունն ու կիրառությունը և իրենց մտահոգությունը հայտնեցին այն մասին, որ ՀՀ-ում դեռ շարունակվում է գաղտնալսումը սովորական երևույթ համարվել:
«Իրավունքի եւ ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ գաղտնալսումը սովորական երևույթ է հետխորհրդային երկրների համար. «Մենք մշտապես առնչվել ենք գաղտնալսում երևույթի հետ: Որևէ մեկը չի էլ զարմանա, որ հիմա գուցե մեր խոսակցությունը ձայնագրվում է»:
Հարցին, միայն բանաձևերի և նորմերի կիրառությունը բավարա՞ր է այդ երևույթից ձերբազատման համար, թե՞ անհրաժեշտ է նաև երկրի ղեկավարության քաղաքական կամքը, Վ. Հարությունյանը պատասխանեց. «Հնարավոր է, որ ապագայում ՀՀ-ի վրա այդ բանաձևերը ազդեն: Բայց այսօրվա ՀՀ իշխանությունների համար, ինչպես նաև Ուկրաինայի, Բելոռուսիայի իշխանությունների, աներևակայելի է, որ նրանք չպետք է գաղտնալսեն: Դա ես կապում եմ խորհրդային անցյալից չբաժանվելու հետ: Մեր իշխանավորները խորհրդային մտածողությամբ են իշխանավարում: Մենք դեռ չենք կտրվել խորհրդային միությունից, մենք դեռ խորհրդային միության մտածելակերպով ու ապրելակերպով ենք ապրում: Դա ուղիղ գծով կապված է նրա հետ, որ մեր իշխանավորները նախկին «կագեբեիշնիկներ» են: Մեր ազգային անվտանգությունը չի դարձել ՀՀ ազգային անվտանգություն, այն շարունակում է մնալ «ԿԳԲ»:
Կարդացեք նաև
«Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ կարևորեց այս հարցում իրավական նորմերի կիրառությունը և մանրամասնեց. «Մարդիկ պետք է պաշտպանված լինեն իրենց անձնական կյանքի հարգանքի իրավունքի ապօրինի միջամտությունից: Միայն քաղաքական կամքի վրա հույս դնել չի կարելի: Իշխանությունը սահմանափակված պետք է լինի իրական և գործուն իրավակարգավորման մեխանիզմներով»:
Մեր հարցին՝ արդյոք ՀՀ-ում մարդիկ պաշտպանվա՞ծ են գաղտնալսումից, Ա. Զեյնալյանն այսպես արձագանքեց. «Իրավական դաշտը գուցե բավարար է, բայց իրավակիրառական պրակտիկան ընդհանրապես չի կիրառվում: Օրինական միջամտության պայմաններում ևս բավարար երաշխիքներ և իրավակիրառման պրակտիկա չկա այդ նորմերը կիրառելու վերաբերյալ: Պատճառը չգիտակցելն է, որ մարդ ունի այդ իրավունքը և դա հիմնարար իրավունք է: Հարգանք չկա մարդու իրավունքների նկատմամբ»:
Խորհրդային միության իներցիոն սովորույթների առիթով էլ պարոն Զեյնալյանն ասաց հետևյալը. «Այն վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ, որ այսօր ՀՀ-ում կա, իշխանությունները ժառանգել են խորհրդային միությունից: Մարդիկ չեն պատկերացնում, որ նման իրավունք ունեն և եթե միջամտություն է տեղի ունեցել, կարող են իրավունքը վերականգնել: Դատարանները աջուձախ տալիս են գաղտնալսման վերաբերյալ թույլտվություն, բայց որևէ պարագայում անձը, ում իրավունքի նման միջամտություն է տեղի ունեցել, միջամտությունից հետո չի տեղեկացվում այդ մասին և վարույթն իրականացնող մարմինը նրան չի ծանուցում իր իրավունքի վերականգնման հնարավորությունների եղանակների մասին»:
Ա. Զեյնալյանը կարծում է, որ քրեական դատավարության օրենսգրքում պիտի ընթացակարգերը հստակ սահմանվեն և նաև ձևավորվի գաղտնալսված ձայնագրությունների ոչնչացման կարգը, մարդուն դրա ոչնչացման մասնակցության իրավունքի ընթացակարգերը մշակվեն: Ըստ նրա՝ ոչ պետական մարմինների կողմից կատարված միջամտության պարագայում պետական մարմինները պիտի պաշտպանեն այդ իրավունքը և ապօրինի միջամտություն իրականացնողները ենթարկվեն համարժեք պատասխանատվության:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































