Ազգային ժողովին է դիմել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Զավեն Մակարյանը:
Տպագրում ենք դատապարտյալի նամակն ամբողջությամբ:
Սա այն բացառիկ դեպքերից է, երբ համաներումը տարածվում է դատապարտյալի վրա, բայց չեն տարածում:
«Հարգարժան ԱԺ-ի պատգամավորներ, խնդրում եմ Ձեր ուշադրությունը եւ մարդասիրությունն ուղղել իմ անձին, հանուն բարեխղճության եւ արդարադատության չնչին հիմնարար սկզբունքը պաշտպանելու, եթե, իհարկե, դա գործում է Հայաստանի Հանրապետությունում:
Ես՝ Զավեն Մերուժանի Մակարյանս, դատապարտվել եմ 24.09.2007թ.-ին՝ 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Ոչ մի անգամ չեմ օգտվել մեծարգո նախագահի համաներման ակտերից, որը, ինչպես նշվում է` մարդասիրական ակտ է եւ չի հետապնդում այլ խնդիրներ: Ինչպես պնդում է արդարադատության նախարարը, քանզի մեր երկրում ամեն բան կատարվում է օրենքի բարձր մակարդակով եւ երբեւիցե դատավարական սխալներ չեն կատարվում, եւ անազատության մեջ գտնվող անձանց կարգավիճակն ու առօրյան համընկնում է եվրոպական ստանդարտներին եւ ուղղակիորեն համաներման ակտը չի կարող հետապնդել սեփական արդարադատության առաջ քաշած այլ հարցերի լուծմանը, որին դժվարությամբ, բայց եւ այնպես ուզում եմ հավատալ:
Հարգարժան պատգամավորներ, ուզում եմ իմանալ Ձեր կարծիքները, եւ Ձեր կողմից իմ եւ իմ նմաններին օգնելու ցանկությունը ինչքանով է իրատեսական եւ ինչքանով կարող եմ հուսալ, որ Ձեր լուսավոր խորհրդարանի քննասենյակում չի շպրտվի մի կողմ իմ դիմում- խնդրանքս: Ինչեւէ, անհույս, բայց եւ այնպես չունենալով այլընտրանք, դիմում եմ Ձեզ:
Ինչպես արդեն նշեցի, դատապարտվել եմ 2007-ին՝ 6 տարի 3 ամիս ժամկետով: 2008թ. մայիսի դրությամբ արդեն ունեի 3 անուն հիվանդություն, որը կարող եք ճշտել Ձեր պատգամավորական հարցումով (այդ մասին գրել է նաեւ «Առավոտը»):
Պատշաճ մակարդակի բուժում չստանալու արդյունքում, հոգեկան հուզմունքի եւ առկա վատ պայմանների արդյունքում 4 տարի 10 ամիս ժամանակահատվածում ձեռք եմ բերել 28 անուն անբուժելի եւ խրոնիկ բնույթի հիվանդություններ, որոնցից 14-ը նախագահի որոշմամբ մտնում են այն ցանկի մեջ, որով քրեական դատավարության 432 հոդվածի հատկանիշներով թույլ է տալիս ազատել անձին հետագա պատժի կրումից` դրանց անհամատեղելիության պատճառով, եւ ոչ միայն հիմնական, այլեւ լրացուցիչ պատժից, քանզի ես արդեն երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ թոշակառու եմ եւ ունեմ երկու անչափահաս եւ մեկ մանկահասակ երեխա, ծնողներս էլ ծեր թոշակառու հաշմանդամներ են: Հարգարժան պատգամավորներ, չնայած այս ամենին, որը թույլ է տալիս ինձ օգտվել համաներման ակտից, իմ մի սխալի պատճառով արգելանք է հանդիսանում համաներում ստանալը, քանզի 2012թ. սեպտեմբեր ամսին կատարել եմ հանցանք, որի համար եւ 2013թ. սեպտեմբեր ամսին դատապարտվեցի 34-268-հոդվածի 2-րդ մասով 1 տարի 9 ամիս ժամկետով՝ 67 հոդվածի համատեղելիությամբ՝ պատժի սկիզբը նշանակելով 2012թ. նոյեմբերից եւ ընդամենը իմ պատժաչափից թողնելով 10 ամիս, որն էլ չկրած մասն է համարվում մինչ այսօր, որն էլ կրկին որպես քրօրի հոդված ներգրավված է համաներման ակտի մեջ, սակայն համաներման ակտի 9-րդ հոդվածի 3-րդ մասով արգելվում է կրկնակի հանցանք կատարած անձանց կիրառել համաներում, հաշվի չառնելով, որ համաներման ակտի հինգ կետերը տարածվում են ինձ վրա, ում տանը սպասում են ծեր թոշակառու ծնողներս, երեք երեխաներս եւ կինս, քանզի ես եմ հանդիսանում նրանց խնամակալը եւ խնամողը, որը անհերքելի փաստ է: Խնդրում եմ պատասխանեք՝ սա մի՞թե արդարացի է, այն էլ այն դեպքում, երբ 2013թ. ապրիլի 9-ին Ձեր բոլորի դատին հանձնեցի շուրջ 15 000 ստորագրահավաքով (https://www.aravot.am/2013/ 04/11/229821/) բարեփոխման ակցիա կազմակերպելով եւ համաներման խնդրանքով դիմելով Ձեզ եւ Հայաստանի նախագահին, իսկ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը եւ մեծարգո նախագահ Ս. Սարգսյանը պատասխանեցին իրենց նամակներում, որ այդ հարցին պատշաճ կպատասխանի արդարադատության նախարարը, որի պատասխանը շատ չուշացավ եւ ինձ պատասխանեց փոխնախարար պրն Օրբելյանը, համաձայնելով իմ կողմից առաջ քաշված հարցերին եւ խնդիրներին, խոստանալով կրկնակի ուսումնասիրում եւ առկա խնդիրների լուծում:
Ուզում եմ հարցնել ձեզ, հարգարժան պատգամավորներ, մի՞թե սա է մարդկությունը, մի՞թե լինելով դատապարտված՝ ինչ-ինչ հանցանքի համար, դառնում ենք աղբ Ձեր բոլորի աչքերին, եթե դա իրոք այդպես է, ես ցավում եմ, քանզի մենք էլ Ձեզնից մեկն ենք, նույն մարդկային կերպարանքով Հայաստանի քաղաքացիներ եւ Ձեր մեջ, եւ Ձեր կողքին ենք ապրել եւ դեռ ապրելու ենք: Մեր բոլորի երեխաները սովորում եւ խաղում են նույն բակերում ու դպրոցներում, նույն արեւի տակ եւ, ի վերջո, ինչքան էլ անցանկալի լինի, նման կարծիք ունեցողների մոտ մենք նույն երկրի օդն ենք շնչում, որը աղտոտվելիս բոլորիս է թունավորելու, այդ իսկ պատճառով խնդրում եմ տալ մի խորհուրդ, ցուցում կամ ուղղություն՝ ի՞նչ անեմ ես, դատապարտյալս, երբ 432 հոդվածը ուղղակի չեն կիրառում, ինչ անեմ ես, երբ համաներումն ինձ վրա չտարածվեց, ում դիմեմ ես, որ ինձ գոնե վաղաժամկետ ազատեն, քանզի իրոք առողջականս թույլ չի տալիս կրել հետագա պատիժս, կամ գոնե ռեժիմային փոփոխում լինի, որպեսզի ես կարողանամ բաց ռեժիմային դատապարտյալի կարգավիճակով գտնեմ աշխատանք եւ հոգամ իմ առողջական խնդրի հարցը, եւ ինչ-որ չափ էլ օգնեմ ընտանիքիս, քանզի ունեմ նեղ վիրահատական միջամտության կարիք, որը շուրջ 1,5 տարի է՝ վարչությունն այսօր, վաղն է անում: Հարգարժան պատգամավորներ, ընդունեք խնդրում եմ ասածներս՝ որպես ահազանգ եւ Ձեր պատգամավորական հարցումներով, Ձեր կողմից անմիջական միջնորդությամբ, աչալուրջ հետեւողականությամբ պատկան մարմիններից միգուցե ստանաք հարցի լուծումը եւ դրանով իսկ օգնեք ինձ»:
Զավեն ՄԱԿԱՐՅԱՆ
դատապարտյալ
«Առավոտ» օրաթերթ


















































