Լրահոս
Օրվա լրահոսը

Նավաստու կինը: Պատմություն հրաժեշտի մասին

Դեկտեմբեր 06,2013 10:29

1481374_10202881354179948_1Անծանոթ տատիկը համոզեց: Գնեցինք տոմսերն ու բարձրացանք տախտակամած:

Ընթացքը կամայական ալիքներին դիմադրելու ճանապարհ է. չես հասցնում շնչել, երբ երակներդ կարճանում են ու շնչառությունդ դառնում է ներսուդուրս անցնող քամի:

Տախտակամածին կանգնել, փոքրիկ գլխարկով գլուխը սնքրտացող ձեռքերի մեջ է հավաքել տատիկը: Ալիքներին էր խառնում մտքերը… Պատկերը ծանոթ էր:  Անցնում էի կողքով. ուժեղ տատանումից նա դաստակս բռնեց, պայքարում էր տարիների ու ալիքների դեմ: Օգնեցի: Կլոր, ջղաձգված հոնքերը նայեցին ինձ՝ սաստելով ընդհատած զրույցի համար: Չգիտեի էլ՝ ինչ ասեմ… Հետո՝ կնճիռների արանքից ճառագայթի պես ինձ զննեց նրա հայացքը: Լուռ էինք, քամի էինք շնչում: Շրջվեց, ու սկսեց երգել: Մանկությանս երգերից մեկն էր, խորհրդային մնացորդներից, որ հիշում էի: Միացա նրան… Ցուրտ էր: Դողում էի, իսկ Տատիկը ոգևորվեց, որ հետը երգում եմ. մեկը, մյուսը, հաջորդը… Քամին ոռնում էր՝ անընդհատ վերարկուի տակից հանելով խնամքով կապված-մաշված վզկապը… Արևն արդեն կիսվել էր, իսկ վզկապով կնոջ համար ես ընդամենը երգակից էի…

-Я жена моряка…,- ձեռքը լարեց, բռունցք հավաքեց ու հպարտությամբ հայտարարեց կինը: Քամին կրկին վերարկուի տակից հանեց վզկապը: Կնոջ աչքերն անընդհատ փոխվում էին. կամ գոռոզ էին, կամ հպարտ էին, կամ լացում էին, կամ երգում…

-Ամուսինս հիմա էնտեղ է…,-մատով վերև է ցույց տալիս: -Ասաց՝ որ մեռնեմ, աճյունս կվառես ու ալիքներին կխառնես… Չարեցի: Այո՛: Ծովի ափին՝ եկեղեցու մոտ է թաղված, որ հետո ինձ էլ կողքին…

Չշարունակեց:

-Երբ որ ինձ միայնակ եմ զգում, գալիս եմ ծովափ, քայլում եմ, զրուցում եմ նրա հետ…Երեկ էլ երազիս տեսա… Ինձ էլ շատ չի մնացել: Մտածեցի՝ գամ, տեսնեմ ինչպես է, մի քիչ  թեթևանամ:

Դադարում է, ու սկսում ենք նոր երգ երգել:

-Տես, է…Պատահական բան չկա: Լավ է՝ եկա նավ: Ձեր նման տղաների տեսա… Նավավարը ծանոթ է, ամեն անգամ ինձ անվճար թողնում է ներս, գիտի որ ամուսնուս հետ եմ ուզում զրուցել…

Ու նրա պատմություններն ավելի կենսախինդ են դառնում: Անընդհատ պատմում է, երգում, իսկ վերարկուի տակից մերթընդմերթ դուրս թռչող վզկապը դադարն է լինում:

-Պատահական չէր…,- Նա ուրախանում է մեր ընկերակցությունից: -Գիտես՝ ես հավատում եմ, այո, այո: Իմ Հավատքն է հիմա ինձ ուժ տալիս: Տիեզերքից է մարդը, կամ՝ մարդու մեջ է տիեզերքը: Կամ հենց մարդը տիեզերքն է… Ոնց կուզես: Դու կասես՝ աչքերը միայն աչքեր են, ես կասեմ՝ դրանք աստղեր են: Դու կասես՝ երակները միայն երակներ են, ես կասեմ՝ դրանք գետերն են: Տես՝ մեր գլուխը. մի կիսագունդը Արևն է, մյուսը՝ Լուսինը…

Նավը սուլում է, իսկ ես արդեն չեմ կարողանում հաղթահարել ցուրտը: Հավաքվում եմ վերարկուիս մեջ: Տատիկը գրկում է մեջքս, ու ստիպում է, որ թռվռանք:

-Տես է,- ծիծաղում է, տարբեր կողմերից տեսախցիկները մեզ վրա են ուղղված: Մարդիկ նկարում են տախտակամածին թռվռացող տատիկին: Իսկ ես տաքանում եմ:

-Հիմա կգնաք, երևի էլ չտեսնենք իրար… Բայց լսիր, թե քեզ ինչ եմ ցանկանում. Տա աստված, որ այնպիսի կին ունենաք, որ ձեզ արժանի լինի, /ինձ ու ընկերոջս/, դուք լավ տղաներ եք.. Տես է… Թող՝ տատին գրկի ձեզ: Չէ, դու իսկապես մրսում ես… Վերցրու, ես քեզ իմ վզկապը կտամ…

Միակը, որ մտքիս գալիս է՝ իսկ միգուցե նա ուրիշ վզկապ էլ չունի: Հրաժարվում եմ: Համառում է: Հրաժարվում եմ:

-Ինձ պետք չէ… ես քեզ կտամ, առ փաթաթվի… Մածում ես՝ կանացի՞ է: Դե՝ ոչինչ, հո չե՞ս հիվանդանա…

Համառորեն մերժում եմ:

-Տատին ուզում է նվիրի քեզ: Չե՞ս ուզում Տատիկից նվեր վերցնես, հիշատակ կպահես:

-Չէ, այն հիմա ձեզ ավելի է պետք: Պահեք, – ու ես դեռ մտածում եմ, որ հնարավոր է՝ նա ուրիշ վզկապ չունի, որ տաքանա: Հրաժարվում եմ:

Ալիքների վրայով սողացող տախտակամածին մի ամբողջ պատմություն կիսվեց, մաշվեց վզկապի պես, իսկ նրանք դեռ տեսախցիկները մեզ վրա էին ուղղել…Ամուր գրկում եմ տատիկին այնպես, որ արցունքս չնկատի… Առողջությունից բացի ոչինչ չեմ կարողանում մաղթել… Ուզում էի հավատալ ինքս ինձ, ուզում էի հավատալ, որ դեռ  երկար կկանգնի տախտակամածին: Այսքան ժամանակ նա չէր լքել ամուսնուն, ամուսինը՝ իրեն, միասին՝ Ծովը… Նրանք դեռ նավարկում են:

Արևը փշրվեց ալիքների վրա. կինն էլ, վզկապն էլ մնացին տախտակամածին: Առաջինն իջա ընկերներիս հետ, որպեսզի Ծովային Կայարանն անավարտ մնա ալիքների վրա… Իսկ հողի վրա որոնում չկար:

 

Հ.Գ. Օդեսայի Ծովային կայարանում տեղադրված է Жена Моряака հուշարձանը: Կինն ամուր գրկել է որդուն, ու ամուսնուն-հորը-նավաստուն   ճանապարհում – դիմավորում են… Սև ծովի մշուշներում հեռացող նավերից երկար ժամանակ տեսանելի է լինում այն:

Той, что в нелегкий час печали,

Когда уходят корабли,

Вся остаётся на причале

У соблазнительной земли.

 

Հուշարձանը նկատեցի պատահմամբ, երբ անցորդների մեջ էլ չէր երևում նավաստու կինը…

 1422771_10202881354259950_2

Վրույր Թադևոսյան,

Օդեսա, Ուկրաինա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031