Լրահոս
Օրվա լրահոսը

Կթանկանա ոչ Մաքսային միության անդամ երկրներից ներկրվող որոշ ապրանքների մաքսազերծումը. «Հայկական ժամանակ»

Հունվար 28,2014 10:46

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը զգալի փոփոխություններ կմտցնի Հայաստան ներկրվող ապրանքների մաքսատուրքերի առումով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարծես ավարտել է որոշ հաշվարկներ, որոնցով կարելի է պատկերացում կազմել, թե ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրվող որ ապրանքների մաքսազերծումը որքանով կթանկանա ըստ ՄՄ-ի մաքսային օրենսգրքի սահմանած դրույքաչափերի։ Այդ փաստաթուղթը դեռ պաշտոնապես հրապարակված չէ եւ դժվար է ասել՝ արդյոք այն ունի լրիվ ավարտուն տեսք, թե սա նախնական ուսումնասիրություններն են։

Անկախ ամեն ինչից այս կիսաթաքուն փաստաթղթի ուսումնասիրությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ մեզ սպասվում են մեծ փոփոխություններ, եւ այդ փոփոխությունները, ցավոք, ամենեւին էլ դրական չեն։

Այսօր կներկայացնենք լայն սպառման սննդամթերքի մի քանի տեսակների հետ տեղի ունենալիք փոփոխությունները։

Եվ ուրեմն այսպես, ոչ ՄՄ-ի անդամ երկրներից Հայաստան է ներկրվում տարեկան միջինը 20 միլիոն դոլարի խոշոր եղջերավոր անասունի միս։ Այսօր այդ միսը ներկրելիս վճարվում է 10 տոկոս մաքսատուրք, իսկ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո մաքսատուրքը կբարձրանա մինչեւ 15 տոկոս։ Այսինքն, նույնքան միսը Հայաստանում մաքսազերծելու համար լրացուցիչ կպահանջվի 1 մլն դոլար։

Թե ինչ կկատարվի հավի մսի հետ, դժվար է անգամ նկարագրել։ Դրա մաքսազերծումը կթանկանա 15 տոկոսով։ Ներկայումս գործող մաքսատուրքը հավի մսի վրա 10 տոկոս է, կդառնա 25 տոկոս։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությունների, տարեկան ոչ ՄՄ երկրներից ներկրվում է մոտ 42 միլիոն դոլարի հավի միս։ ՄՄ անդամ դառնալուց հետո մենք բոլորով հավի մսի մաքսազերծման համար կվճարենք լրացուցիչ ավելի քան 6 միլիոն դոլար։

Ներկրվող խոզի մսի մաքսազերծումը հակառակը՝ կէժանանա։ Հիմա խոզի մսի վրա գործում է 10 տոկոս մաքսատուրք, որը ՄՄ-ին անդամակցելուց հետո կդառնա 0: Տարեկան Հայաստան է ներկրվում մոտ 20 միլիոն դոլարի խոզի միս։ 10 տոկոս մաքսատուրքը վերացնելուց հետո մենք բոլորով միասին կշահենք 2 միլիոն դոլար։

Բայց միեւնույն ժամանակ խոզի ճարպը եւ դրանից պատրաստված մթերքների մաքսազերծումը կթանկանա մոտ 8.5 տոկոսով։ Իսկ այդպիսի մթերքներից տարեկան Հայաստան է ներկրվում 5.7 միլիոն դոլարի։ Այս դեպքում էլ մենք լրացուցիչ վճարելու ենք մոտ կես միլիոն դոլար։

Եվ հիմա ամփոփենք։ Միայն խոշոր եղջերավոր անասունի, խոզի եւ հավի մսի պարագայում կունենանք հետեւյալ պատկերը՝ կկորցնենք 7.5 միլիոն դոլար, կշահենք 2 միլիոն դոլար։ Արդյունքում մեր բացասական հաշվեկշիռը, այսինքն լրացուցիչ կորուստը կկազմի 5.5 միլիոն դոլար:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031