Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանց թվում ա մարդ չենք, մենք զգացմունքներ չունենք…»

Փետրվար 20,2014 12:56

Մանկատան սաները՝ անտեսված ու մոռացված

Կիսավեր տան փոքրիկ սենյակում երկու երեխաների լացը միախառնվում է վառարանի ճռթճռթոցին, վառվող ձյութը մի քանի րոպե տաքացնում է սենյակը, սակայն ջերմությունը ծխի հետ դուրս է փախչում դռան անցքերից ու պատերի ճեղքերից:
2,5 ամսական Ալեքսին գրկած՝ Մերին փորձում է ուրախ ու վստահ երեւալ, բայց hայացքում տխրություն է, դժբախտությունների անվերջ շարան: Կորսված մանկության ու մանկատան հիշողությունների ծանրությունը կրկնապատվում է ներկայի անորոշությամբ ու թշվառությամբ:

28-ամյա Մերի Շահինյանն իր երեք քույրերի ու եղբոր հետ մեծացել է մանկատանը:
«Սկզբում հեշտ էր, շատ բան չէինք գիտակցում, հետո անընդհատ սպասում էինք, օրերով նստում էի դրսում ու նայում դարպասին. հեսա մաման կգա: Մաման հաճախ էր գալիս, եթե հիվանդանոցում չէր, բայց մեր համար էդ սպասումը հավերժություն էր թվում»,- պատմում է Մերին:

Հայրը մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի ու մոռացել ընտանիքի գոյության մասին, մայրը հարվածին չէր դիմացել ու ընկել էր հոգեբուժարան:

PrevPhoto
NextPhoto

Մանկատնից հետո հասարակության մեջ իրեն գտնելու դժվարությունները Մերին հաղթահարել է կամ գոնե այդպես է ներկայացնում, մանկատանը մեծանալը նրա համար չէր դարձել խոչընդոտ՝ աշխատանք գտնելու, սովորելու եւ իրեն դրսեւորելու համար.
«Երբ փոքր էի՝ նեղվում էի, անծանոթ շրջապատում չէի ասում, որ մանկատնից եմ, բայց հետո հասկացա, որ դրանում վատ բան չկա, ամեն մարդ էլ կարող ա նման իրավիճակում հայտնվի, ոչ մեկն ապահովագրված չի»,- ասում է Մերին՝ վստահ ձայնով, ժպիտը ծորում է դեմքից՝ փոխակերպվում թախիծի, որի մեջ տեսնում ես պայքարի ողջ ճանապարհը:
«Հիշում եմ մի դեպք համալսարանի տարիներից, իմ կուրսեցիները շատ լավ էին վերաբերվում ինձ, բայց զուգահեռ կուրսից մի աղջիկ եկավ՝ շատ կոպիտ, հրամայական տոնով ասաց. «լեկցիաներդ տուր», զայրացա, պահանջեցի, որ նորմալ խոսի հետս. ասաց. «այ մանկատան որբ…», երբեք այդքան չէի նեղվել, բայց հաղթահարեցի, դա էլ անցավ»,- վերհիշում է նա:

Տարիներ անց, մանկատնից հետո բոլորը նորից միասին են՝ մոր շուրջը համախմբված, բայց տուն չունեն, ապրում են Մասիսի էլեկտրացանցի մոտակայքում, ամայի տարածքում, լքված մի հին, կիսախարխուլ շինության մեջ՝ առանց սանհանգույցի ու ջրի:
«14 տարի ա էստեղ ենք ապրում, բայց երեխեքի հետ արդեն անհնար ա, այ էսքան՝ գլխիս չափ կռիսներ կան, ամբողջ գիշեր չենք քնում, որ հանկարծ երեխեքին չկծեն: Բնակարանի հերթի մեջ եմ 2005 թվականից, սպասում եմ ու չգիտեմ մինչեւ ե՞րբ …»,- հարցնում է Մերին:

Չափահասությունը՝ նոր փորձությունների սկիզբ

Այս հարցի պատասխանը Մերիի նման գրեթե ամեն օր փորձում են ստանալ շուրջ 300 մանկատան շրջանավարտներ, որոնք տարիներ շարունակ սպասում են պետության կողմից հատկացվելիք կացարանների:

Հայաստանի մանկատներում ապրող երեխաների ապագան մշուշոտ է, նրանց համար չափահաս դառնալը խոստանում է ոչ թե կայացման նոր փուլ, այլ դժվարություններով ու զրկանքներով կյանք, որոնք հարթելու պարտավորություն ունի պետությունը, սակայն հաճախ է թերանում:

Երբ 2011-ի փետրվարին սուր թոքաբորբից մահացավ մանկատան սան՝ 22-ամյա Արթուր Ծառուկյանը, շատերը նրա մահվան մեջ մեղադրեցին պետական պաշտոնյաներին` մանկատան շրջանավարտներին անտարբերության մատնելու համար:
Ծառուկյանը բնակարան չուներ, ապրում էր վարձած մի փոքր, կիսանկուղային տարածքում, խոնավ ու ցուրտ պայմաններում, բանվորի աշխատանքը հազիվ բավականացնում էր վարձավճարը տալուն, դեղերի եւ բուժման համար գումար չկար:
2003-ից կառավարության կողմից մեկնարկած ծրագիրը, որն առաջինն էր անկախությունից ի վեր եւ բնակարան պետք է ապահովեր 90 թվականից ի վեր մանկատնից դուրս եկած մոտ 503 շրջանավարտների համար, մեծ հույս ներշնչեց կյանքի դժվար պայմաններում հայտնված երիտասարդներին:

Սակայն, 2009-ին Վերահսկիչ պալատը, ստուգելով մանկատան երեխաներին բնակարաններ ձեռք բերելու գործընթացը, հայտնաբերեց «սարսափելի չարաշահումներ»: Մինչեւ 2008 թվականը ձեռք բերված 149 բնակարանների մեծ մասը բնակվելու համար պիտանի չէր, 28-ում ընդհանրապես անհնար է ապրել եւ դրանցից երիտասարդներն ուղղակի հրաժարվել են:

«Մեծածավալ չարաշահումները զրկել են այս երեխաներին նորմալ ապրելու հնարավորությունից»,- ԱԺ-ում հայտարարել էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Ընդհանուր առմամբ մսխվել էր մոտ 1,5 մլրդ դրամ (շուրջ 4 մլն դոլար): Օրինակ, ըստ փաստաթղթերի, 16-րդ թաղամասի, 16 հարկանի շենքերի կիսանկուղային հարկերում ձեռք բերված մեկ սենյականոց բնակարանը 2004-ին գնվել էր 3.798.800 դրամով (այն ժամանակվա փոխարժեքով` մոտ 8400 դոլարով), այն դեպքում, երբ ըստ «Բարս» անշարժ գույքի գործակալության տվյալների, այդ տարիներին 16-րդ թաղամասում հնարավոր էր 7000 դոլարով գնել երեք սենյականոց վերանորոգված բնակարան, միջին հարկերում։
Այս խնդրով զբաղվող «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն ասում է, որ բնակարանների գնման պատմության մեջ դեռ «մութ էջեր շատ կան»:

«Սա սոսկալի, ամոթալի մի գողություն էր, որի հետեւանքով տասնյակ երիտասարդներ կորցրեցին առողջությունն այդ տուն կոչված բներում, մանկատան երեխայից գողանաս, այն էլ այս ծավալի՞, մոտ 4 մլն դոլարից միայն 20 տոկոսն է ծառայել իր նպատակին»,- շարունակում է զայրանալ Բախշյանը:

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում…

Մերիի եղբայրը եւս այդ բնակարանային չարաշահումների զոհ է, նրան «բնակարան» են հատկացրել Մասիս քաղաքի ծայրամասերից մեկում, մոտ 16 քմ տարածքով մեկ սենյակ է, սեփական տների արանքում, որն անգամ պատուհան չունի:

«Ուրիշի բակով անցնում եմ, որ մտնեմ իմ տուն կոչվածը, ջուր չկա, հեռուստացույց միացնում եմ՝ կողքի տան հարեւանները կռիվ են սարքում, էդ սենյակում շնչել անհնար է, օդ չկա, ու բոլոր պատերի կողքերն էլ տներ են, հնարավոր չի գոնե պատը քանդել՝ պատուհան բացել»,- ասում է Մհերն ու զայրանում, որ հերթի ցուցակից հանել են, համարել են, որ տուն են տվել, բայց դա «սկի հավաբուն չի»:

Բնակարանի բացակայությունը նրա դժբախտությունների պատճառ դարձավ, կինը չդիմացավ, լքեց նրան՝ տանելով երեխաներից մեկին՝ որդուն:

«Մտածում էինք մի քիչ ոտքի կանգնենք, տղային էլ՝ լույսի պես երեխուս էլ, բերենք՝ մենք պահենք, բայց չհասցրինք, չորս տարեկան էր, մայրը տարել էր հետը գործի տեղ՝ ձկնաբուծական ջրավազաններից մեկի մեջ էր ընկել ու խեղդվել»,- թոռան նկարը մաքրելով՝ ասում է Մհերի մայրը՝ Անահիտը, ու մխիթարվում, որ գոնե մյուս թոռը՝ 6-ամյա Անգելինան, իրենց հետ է:

nash201402_masis_0214_080

Մերիի փոքր քույրը՝ Սուսաննան, ընդամենը տասը օր առաջ է մայրացել: Գեղեցիկ, դեռ մանկական հայացքում մտահոգությունը, թախիծն ու ջերմությունը միախառնված են, չգիտի ուրախանա փոքրիկի ծննդով, թե՞… փոքրիկը ժպտում է հրեշտակային քնի մեջ ու ցրում բոլոր հարցերը:

Ութ հոգանոց ընտանիքում ժամանակավոր աշխատանք ունի միայն Սուսաննայի ամուսինը, մորն աշխատանքի չեն վերցնում, քանի որ փաստաթղթերում գրված է, որ հոգեբուժարանում է եղել, սեզոնային գործեր է անում դաշտերում: Եղբայրը եւս պատահական գործերով օրվա հացի գումար է աշխատում: Թոշակ կամ աղքատության նպաստ չեն ստանում, տեսուչն ասել է, թե գրանցման վայր չունեք՝ չի հասնում:
«Բալիկս, որ գոնե չորս ամսական դառնա, գործ կգտնեմ, թարգմանչական գործ կամ ոնց էլ լինի մի բան կգտնեմ, բայց հիմա չեմ կարող, դեռ շատ փոքր է: Ես երբեք հույսս չեմ դնում, որ ինձ պիտի տան, օգնեն, ոչ մեկը պարտավոր չի, ես միշտ ձգտում եմ աշխատել, ինքս հասնել ինչ-որ բանի, բայց տուն առնելն ուղղակի անհնար ա»,- ասում է Մերին:
Ամեն օրը գոյատեւման պայքար է՝ սնունդ հայթայթելու, տաքանալու առաջնային հարցերը ստվերել են նրանց անցյալի ու ներկայի հոգեբանական դժվարությունները, անձնական կայացման հարցերը: Մհերն ու Սուսաննան ինքնամփոփ են, գրեթե չեն շփվում, Մերին՝ կամային ու պայքարող:

«Դու պիտի քո ճամփան հարթես, սովորես, ձգտես, շատ կան մանկատնից երեխեք, որ համակերպվում են, սովորական են համարում, որ իրենց նեղում են, գործի չեն ընդունում, անուն են դնում, հաճախ իրենք էլ դա թույլ են տալիս, բայց ես ամեն անգամ փորձում եմ ապացուցել, որ ոչնչով պակաս չեմ»,- ասում է Մերին:

Մանկության տարիներին մոր հետ հանդիպման սպասումները փոխակերպվել են բնակարանի անվերջ սպասումով: Խարխուլ շինության տանիքը փլված է, պատերը քայքայված ու կիսաքանդ, սպասումը քայքայում է նաեւ այդտեղ ապրողներին:
«Ինձ արդեն բոլորը գիտեն նախարարությունում, գնում եմ, խնդրում եմ, բայց ի՞նչ… Էնքան վիրավորական է, որ քո հետ տենց են վարվում, իրանց թվում ա չենք հասկանում, որ անտեր շան տեղ են դնում, իրանց թվում ա մարդ չենք, մենք զգացմունքներ չունենք, բուն էլ տան կապրենք, ախր էդպես չի, ի՞նչ տարբերություն, մարդ որտեղ ա մեծացել` ընտանիքում, թե մանկատանը, դեռ ավելին՝ մենք ավելի խոցված ենք ու զգայուն… Աստված ամեն ինչ տեսնում ա»,- կարմրաթուշ Ալեքսին կրծքին սեղմելով՝ ասում է Մերին. հիշողություններն ու ցավն աչքերի խորքում են, կամքի ուժը՝ անսահման.
«Ալեքս պաշտպան է նշանակում, տեսնենք, գոնե ինքը մեծանա՝ մեզ պաշտպանի»:

ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ Նելլի ՇԻՇՄԱՆՅԱՆԻ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան Հեռախոս: +37498 566 886

Էլ.հասցե: [email protected] Ֆեյսբուք:

 https://www.facebook.com/profile.php?id=100007800990200 Թվիթեր:

  https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728