Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքով նվաճելու ժամանակն անցել է

Հունիս 11,2014 12:45

Իսկապես առաջացել է նոր աշխարհակարգ ստեղծելու հրամայականը

Այն պահից, երբ 2003 թվականին Միացյալ Նահանգներն առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման ներխուժեց Իրաք՝ ոչ այն է քիմիական զենք փնտրելու (որը չգտնվեց), ոչ այն է՝ մինչ օրս գործող «Ալ-Քաիդան» ոչնչացնելու պատրվակով, Իրաքում մինչ օրս քաոս է տիրում՝ ոչ խաղաղություն է հաստատվել, ոչ ժողովրդավարություն: Ժողովրդավարություն չկար, իհարկե, նաեւ Սադամի ժամանակ՝ վերջինս ամենեւին էլ համակրելի կերպար չէր:

Սակայն Սադամի օրոք սունիներն ու շիաներն իրար դեմ լայնամասշտաբ պատերազմ չէին վարում: Էլ չասած, որ արեւմտյան կոալիցիայի զորքերի դեմ զինված պայքարի արդյունքում երկու կողմից հազարավոր մարդիկ չէին զոհվել: Ինչի՞ են հասել ամերիկացիներն այդ պատերազմով՝ չեմ կարող ասել: Բացի քաոսից՝ ոչ մի բանի. ահաբեկչությունը, բռնությունը, ագրեսիվ իսլամական ֆունդամենտալիզմը ինչպես կային, այնպես էլ մնացին՝ դեռ մի բան էլ զարգացան:

Օրինակ՝ անցած շաբաթ օրը հայտնի դարձավ, որ սունի զինյալները հարձակվել են Ռամադի քաղաքի համալսարանի վրա, մի քանի հոգու սպանել են եւ փաստորեն պատանդ են վերցրել համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին: Ահաբեկչությունն իրականացրել է «Լեւանտի եւ Իրաքի իսլամական պետություն» խմբավորումը, որը մասնակցում է նաեւ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին (իհարկե՝ Ասադի դեմ): Սունիների տարբեր խմբավորումներ տեղի սունի բնակչության աջակցությամբ գրավում են քաղաքներ եւ այլ բնակավայրեր, մասնավորապես՝ Սիրիայի սահմանին գտնվող Անբար նահանգում, եւ գրավելուց հետո այնտեղ ներդնում են շարիաթի օրենքներ:

Մենք տեսնում ենք այդպիսով, որ հաճախ նրանք, ովքեր պատերազմ են սկսում, իրենց նպատակին չեն հասնում: Տվյալ դեպքում ամերիկացիները չստացան հանձին, ասենք, Իրաքի կամ Լիբիայի՝ դաշնակից պետություններ, իսկ եթե խոսքը ինչ-որ «արեւմտյան իդեալների» մասին է (ենթադրենք, որ մենք հավատում ենք պաշտոնական հայտարարություններին), ապա այսօր այդ պետություններն ավելի հեռու են այդ իդեալներից, քան Սադամի կամ Քադաֆիի տապալումից առաջ:

Հիմա Ռուսաստանի հերթն է եկել: Պարզ է, որ այդ երկրի ղեկավարներին Ուկրաինայի ներկայիս իշխանությունը դուր չի գալիս: Բայց արդյոք վարձկաններ ուղարկելով, զենք բաժանելով, ГРУ-ի հրահանգիչների միջոցով ջոկատներ ստեղծելով՝ Ռուսաստանը կհասնի՞ իր նպատակին: Եվ այստեղ էլ պարզ չէ, թե նպատակը որն է՝ Պորոշենկոյին մեկ այլ՝ ռուսամետ նախագահով փոխարինե՞լը, ուկրաինացիներին Արեւմուտքից վանե՞լը:
Եթե այդպիսի նպատակներ կան, ապա սա այն դեպքն է, երբ էֆեկտը ճիշտ հակառակն է լինելու, ինչպես եղավ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, իսկ ավելի վաղ՝ Վիետնամի եւ Աֆղանստանի դեպքում: Հնարավոր չէ զենքի ուժով ստիպել մարդկանց, որ նրանք քեզ ենթարկվեն, առավել եւս՝ քո դաշնակիցը լինեն: Թող աշխարհի ցանկացած երկրում մարդիկ հաստատեն այն կարգերը, որոնք իրենց դուր են գալիս, դաշինքներ կազմեն նրանց հետ, ում հետ ուզում են: Այսօրվա ուժային գործողությունների արդյունքում Ռուսաստանը կորցնում է Ուկրաինան որպես դաշնակից, եւ ինքն էլ է թուլանում: Բնականաբար, Ուկրաինայի նոր իշխանությունն էլ պետք է կարողանա լեզու գտնել իր քաղաքացիների հետ, ոչ թե նրանց դեմ ինքնաթիներ եւ տանկեր ուղարկել:

Կայսրություններ ստեղծելու, ուրիշ ազգերին գաղութացնելու տրամաբանությունն այլեւս չի գործելու: Պետք է իսկապես մտածել նոր աշխարհակարգի մասին, որը հիմնված կլինի ավելի մարդասիրական սկզբունքների վրա: Այսօր 20-րդ դարի սկզբունքներով առաջնորդվելը բերում է անիմաստ արյունահեղության:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քաղաքակրթությունների մրցակցություն է գնում՝ ով ավելի արդյունավետ է, նա էլ հաղթում է: Բացարձակ արժեքներ են՝ Աստծո կամքը կամ, որ նույնն է, Բնության օրենքները: Ով ավելի լավ է այն հասկանում ու կիրառում, նա էլ հաղթում է: Հայտնի է, այնտեղ, որտեղ կարգավորվածությունը մեծանում է, դա կատարվում է նրա շուրջ կարգավորվածության փոքրացման հաշվին: Միջին արեւմուտքը( 🙂 ) Հեռավոր արեւմուտքի( 🙂 ) ծառան է, դա հետեւանք է Երկրորդ համաշխարհայինից հետո Հեռավոր արեւմուտքի վաշխառուական օգնության: Իրենք կռիվ են սարքում, հետո էլ ՝օգնության՝ ձեռք մեկնում: Դա շատ արդյունավետ է, մենք էլ դա պետք է կիրառենք, բայց միայն մեր թշնամի քոչվոր ազգերի ներկայացուցիչների դեմ:

  2. մարգար says:

    Հարգելի Արամ, Ձեր դատողությունների հիմքում դնում եք հզորների ու նախաձեռնողների կողմից «բարի նպատակների ձգտելու» պոստուլատը: Սակայն մեր (խեղճերիս ու անգետներիս) ու իրենց (գիտունների ու հզորների) պատկերացումները կարող են խիստ տարբեր լինել այդ հարցով: Մարդկանց թիվը երկրի վրա արագորեն ավելանում է, ռեսուրսներն սպառվում են ու միջավայրն անդառնալիորեն անպետքանում: Մարդկությանը սպասվում է ակնհայտ ապոկալիպտիկ վախճան, քանի որ ինքնակարգավորման ավանդական մեխանիզմները (լայնամասշտաբ, երկարատեւ պատերազմներն ու ավերիչ համաճարակները) արդեն էֆեկտիվ չեն աշխատում՝ հասկանալի պատճառներով: Ուստի, մարդկանց թվի կրճատման համար մնում են զանազան այլ «գիտատար-կատարելագործված» տարբերակներ: Բնական է որ այս դեպքում յուրաքանչյուրը ձգտելու է պահպանել իր տեսակը եւ վերացնել ուրիշներին: Հենց այս հասկանալի պրոցեսն է սկսվում նորագույն պատմության մեջ, որը կարող է միայն ահագնանալ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30