Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքում այսուհետ գործելու է հայկական մեկօրյա դպրոց

Հուլիս 03,2014 10:09

ՌԴ Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի Իվանտեևկա քաղաքում այսուհետ գործելու է հայկական մեկօրյա դպրոց: Այն տեղակայված է Մոսկվայի իրավունքի և կառավարման ինստիտուտի մասնաշենքում: Դպրոցը բացվել է վերոնշյալ ինստիտուտի ռեկտոր Սուրեն Մկրտչյանի հովանավորությամբ և “Արգիշտի” հայ ազգա-մշակույթային ինքնավար կազմակերպության նախաձեռնությամբ:

Դպրոցի առաքելությունն է պահպանել հայի ինքնությունը, նպատակն է մի շարք դասընթացների և միջոցառումների միջոցով համախմբել ռուսաստանաբնակ հայ ընտանիքներին՝ պահպանելու հայոց լեզուն, հայ խոսքն ու միտքը, հայկական երգն ու պարը: Դպրոցում դասավանդվելու է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, հայ երգ-երաժշտություն, պար, հայկական ծեսեր և ավանդույթներ, ինչպես նաև Ռուսաստանի պատմություն:

HAY-GORCARARNER

Հատկանշական է, որ Մոսկվայի մարզի Պուշկինոյի շրջանում հայ համայնքը գերակշիռ մաս է կազմում. պաշտոնական տվյալների համաձայն` Պուշկինոյում բնակվում է շուրջ 4000 հայ ընտանիք:

Նախապես տեղեկացված լինելով միջոցառման մասին՝ հարյուրավոր ընտանիքներ մասնակցություն ունեցան դպրոցի բացման միջոցառմանը: Մինչ հյուրերն ու միջոցառման մասնակիցները համագործակցության և ծանոթության նոր եզրեր էին գտնում, տարազներով աղջիկները ներկաներին բաժանում էին հատուկ այս միջոցառման համար Հայաստանից բերված, Հայաստանը խորհրդանշող հուշանվերներ:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն Լազար Գրիգորյանը . “Վերջապես ստեղծվեց բոլորիս կողմից սպասված վայր, ուր կարող են այս շրջանի բոլոր հայերը հավաքվել, շփվել միմյանց հետ: “Արգիշտի” հայ ազգա-մշակույթային ինքնավարությունը կօգնի մեզ` հայերիս, համախմբվել օտար երկրում, պահել-պահպանել մայրենի լեզուն, մեր գիրն ու գրականությունը: Չէ՞ որ մեր պապերը դարեր շարունակ մեզ պատգամ են արել` չմոռանալ մեր լեզուն ու գիրը: Պարտավոր ենք օտար երկրում մեծացող հայ սերնդին սովորեցնել մեր մայրենի լեզուն, գիրն ու գրականությունը, որպեսզի նրանք էլ իրենց լիարժեք հայ զգան”,- նշեց Լազար Գրիգորյանը:

Հաջորդիվ իր ուղերձը հղեց “Արգիշտի” հայ ազգա-մշակույթային ինքնավարության հիմնադիր նախագահ Արշակ Գրիգորյանը. “Այսօր մենք հավաքվել ենք` կիսելու մեր ուրախությունը: Վերջապես կազմավորվեց մեր ընդհանուր տունը: Ինչ վերաբերում է հայկական մեկօրյա դպրոցի բացմանը , ապա այն մեր ներկա և ապագա սերնդին հայ կրթելու և հայ ժողովրդին արժանի զավակ մեծացնելու նպատակ է հետապնդում: Շնորհավորում եմ մեզ բոլորիս”,- ընդգծեց Արշակ Գրիգորյանը:

Միջոցառմանը հրավիրվածների թվում էր Մոսկվայի հայ համայնքի նախագահ Ռոման Հարությունովը, ով իր խոսքում նշեց . “Հայաստանը փոքր երկիր է, իսկ մենք` հայերս, շատ ենք: Դեռ հայրենական պատերազմի ժամանակներից հայ և ռուս ժողովուրդները միասնաբար կռվում էին այլ ազգերի ներկայացուցիչների դեմ: Այդ մտերմությունն ու միասնությունը դժվար է չգնահատել: Ինչ վերաբերվում է հայ մարդու ավանդույթներին ու սովորույթներին , ապա այն պետք է փոխանցվի սերնդեսերունդ”,- ասաց Ռոման Հարությունովը:

Միջոցառման հյուրերից գործարար Վալերի Անտոնյանն իր ելույթում նշեց. “Եկել է ժամանակը միավորվելու Պուշկինոյի շրջանի հայերին: Ես միշտ պատրաստ եմ օգնելու և աջակցելու հայ համայնքին և դպրոցին”:

Մոսկվայի իրավունքի և կառավարման ինստիտուտի պրոռեկտոր Վլադիմիր Նեպոչատովը, ով դպրոցում դասավանդելու է “Ռուսաստան պատմություն” առարկան, իր խոսքում ասաց. “Մեզ շատ հաճելի է ընդունել ձեզ մեր ուսումնական հաստատությունում: Մենք կանենք ամեն ինչ , որպեսզի ձեր կողմից հնչեցրած ամեն միտք կյանքի կոչվի: Այս միջոցառման նպատակներից մեկն է, որ հայ և ռուս ժողովրդի դարավոր բարեկամությունը ավելի ամրապնդվի “,- եզրափակեց Վլադիմիր Նեպոչատովը:

“Սոգլասիա” միջհամայնքային հասարակական շարժման նախագահ Ալեկսանդր Կուլոյանցն ասաց. “Մեսրոպ Մաշտոցը 405 թ. ստեղծեց հայկական այբուբենը: Դա այն ժամանակ համարվում էր ամենաժամանակակից այբուբենը, որը համապատասխանում էր հայոց լեզվի բառերի արտաբերված տառերին և հնչյուններին: Այդ ժամանակ է, որ ընդունվեց եվրոպական նոր գրելաձև՝ ձախից աջ և վերևից ներքև: Իսկ հայ և ռուս ազգերին միավորում է Քրիստոնեությունը”:

Միջոցառման հանդիսավոր մասի բացման խոսքի իրավունք տրվեց նաև դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսաբեր Մաթոսյանը, ով իր սաներին և հավաքվածներին ողջունեց հայ մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի “Լսիր որդիս” բանաստեղծությամբ, այնուհետև դպրոցի ապագա սաները հնչեցրին մի շարք տաղեր, “Սասունցի Դավիթ” էպոսից հատվածներ , երգեցին հայկական երգեր և պարեցին հայկական պարեր: Միջոցառման ավարտին ներկաները միասնական շուրջպար բռնեցին , համտեսեցին հայկական ավանդական ուտեստներ (այդ թվում` հայկական ավանդական խորոված):

Այսպիսով, սկիզբ դրվեց մի հայանպաստ գործի, որն իր հերթին հավաստում է Իվանտեևկա քաղաքում բնակվող հայերի կյանքի բանաձևը` յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ընտանիքի անդամների հետ շփվել հայերեն, իր սերնդին կրթել և մեծացնել հայեցի:
(Լուսանկարները ՝ Զոյա Ջանի)

ԱԶՆԻՎ ՊԱՐՈՆՅԱՆ
ՌԴ Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի հայ համայնքի հանրային կապերի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031