Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյան. «Նախագահներն ինչ-որ լղոզված բանավոր հայտարարություն են անելու». «Հրապարակ»

Օգոստոս 08,2014 10:48
Zolyan

Հատված քաղաքագետ, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հարցազրույցից:

– Պարոն Զոլյան, օգոստոսի 9-ին Ռուսաստանում սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ինչպե՞ս կանդրադառնա շփման գծում լարվածության վրա։

– Կարծում եմ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներն ինչ-որ լղոզված բանավոր հայտարարություն են անելու՝ համաձայնության գալով զերծ մնալ հետագա ապակայունացնող քայլերից, ընդամենը։ Ռուսաստանն էլ այսօր ի վիճակի չէ իրականացնել իր ռազմավարական նպատակները Հարավային Կովկասում, բայց մարտավարական առումով հիշեցնելու է, որ ինքն է տնօրինում եղած լծակները։ Սակայն բոլոր դեպքերում դա դրական է, քանի որ ինչ-որ ձեւով կանգնեցվելու է այս իրավիճակը, այլ բան չեմ տեսնում, քանի որ փաստաթղթի մասին ես չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ չեմ տիրապետում ինֆորմացիայի։

Իրավիճակի սրումից հետո դեպքերի հետագա զարգացումը դառնում է անկանխատեսելի՝ Ադրբեջանը չկարողացավ հասնել ինչ-որ հաջողությունների, Հայաստանի դեպքում էլ ակնհայտ է դարձել, որ վերջին տարիների քաղաքականությունը բերում է ինքնաոչնչացման, ամրության պաշարը սպառվելու վրա է։ Վտանգներին դիմագրավելու համար անհրաժեշտ են լուրջ քաղաքական այլ մեխանիզմներ, ինչին այսօրվա ռեժիմը բնավ էլ չի պատրաստվում։

– Պարոն Զոլյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ հենց այս շրջանում իրավիճակը սրեց Ադրբեջանը, ի՞նչը դրան նպաստեց։

– Բնականաբար, պաշտպանության նախարարությունն ավելի շատ է տիրապետում տեղեկատվությանը, իրավիճակին։ Բայց ռազմական առումով վերջին տարիներին սահմաններում միշտ էլ եղել է լարվածություն՝ Ադրբեջանի կողմից հրահրված, եւ լարվածությունը չէր կարող նույն մակարդակի վրա մնալ, կամ պիտի ավելանար, կամ թուլանար, քանզի քաղաքական գործընթացները ձախողված են եղել, իսկ Հայաստանի վիճակն օր օրի վատանում էր։

Տրամաբանական էր, որ լարվածությունն ավելանար։ Բոլորը պետք է համախմբվեն, իհարկե… Հիշեք այն հայտարարությունները, որ քանի կա Ղարաբաղի հարցը, պիտի հավերժ մնա Հանրապետական կուսակցության իշխանությունը։ Միակ նորույթն այն է, որ Ադրբեջանի պրոպագանդան շատ ավելի ագրեսիվ է դարձել:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031