Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտցիներ». «Առավոտում» բոլոր աշխատողներն անհատականություններ էին»

Սեպտեմբեր 15,2014 13:00

«168 ժամի» խմբագիր Սաթիկ Սեյրանյանը
հիշում է «Առավոտում» աշխատած տարիները

«1997 թվականի օգոստոսն էր: Առաջին աշխատանքային օրը գնացի «Առավոտ», զրուցեցինք Արամ Աբրահամյանի հետ, պայմանավորվեցինք, պայմանագիր կնքեցի ու միանգամից դարձա թերթի մշակութային էջի պատասխանատուն: Ընդունված կարգի համաձայն՝ ցերեկն այսինչ ժամին ամեն էջի պատասխանատու իր էջը պետք է ներկայացներ խմբագրին: Այդ օրը ես ինձ լավ չէի զգում, ճիշտ է՝ հոդվածները գրել էի, էջը պատրաստ էր, բայց չէի ներկայացրել խմբագրին: Իմ հին ընկեր Գերման Ավագյանը՝ լուսանկարիչն էր «Առավոտ» օրաթերթի, գնում էր նկարահանումների ու ինձ իր սենյակը տրամադրեց: Ասաց՝ լավ չես զգում, գնա իմ սենյակում քնիր: Գնացի, քաշեցի այդ սենյակի մութ վարագույրներն ու քնեցի: Հետո արթնացա, արդեն ուշ էր, գնացի, որ էջս ներկայացնեմ, պարզվեց՝ արդեն տուգանքս կախված էր պատին, որ մշակույթի բաժնի պատասխանատու Սաթիկ Սեյրանյանը տուգանվում է աշխատավարձի 10 տոկոսի չափով՝ էջը ժամանակին չներկայացնելու համար… Հետո Աննա Իսրայելյանը, որ այդ օրերին արձակուրդում էր՝ Ծաղկաձորից կապվեց ինձ հետ, ասաց՝ Սաթ, փաստորեն լրիվ աշխատանքի ես անցել, որովհետեւ իմացա՝ արդեն հասցրել ես տուգանվել»,- «Առավոտում» առաջին աշխատանքային օրն է հիշում «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի վարող Սաթիկ Սեյրանյանը:

Satik_Seyranyan-2

«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքի այսօրվա հրապարակումը նրա մասին է: Այստեղ աշխատանքի անցել է օրաթերթի այն ժամանակվա փոխխմբագիր Վասակ Դարբինյանի առաջարկով: «Արամ Աբրահամյանի հետ քննարկել էին ինձ «Առավոտ» հրավիրելու հարցը ու հրավիրեցին: Ես աշխատանքի հրավերն ընդունեցի»,- ասում է Սաթիկ Սեյրանյանը:

Մինչ այդ՝ Սաթիկ Սեյրանյանն աշխատել էր «Շրջան», «Հայկական ժամանակ» թերթերում:

«Առավոտում» նա միանգամից ստանձնեց մշակութային էջի պատասխանատուի աշխատանքը եւ դարձավ նաեւ խմբագրության թռուցկաժողովներից ամենաշատն ուշացող ու նկատողություն ստացող լրագրողը: «Ես ուշ էի քնում ու ունեի շուտ արթնանալու խնդիր: Անընդհատ այդ թռուցկաժողովներից ուշանում էի, անընդհատ նկատողություն էի ստանում, բայց դա ինձ «դաս» չէր լինում: Նույնիսկ Արամ Աբրահամյանն ինձ ժամացույց նվիրեց՝ զարթուցիչով, որ իբրեւ թե ես ժամանակին արթնանամ, բայց դա էլ չօգնեց: Տուգանքները չեն օգնում, ժամացույցը չէր օգնում, անընդհատ ուշանում եմ: Մի օր գնացի խմբագրի մոտ, ասացի. «Մեկ է, իմ նյութերը (կարող են վկայել շատերը) մշակութային կյանքում թնդում են, իմ ամեն նյութը մի աղմուկ է բարձրացնում, հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն եմ ներկայացնում (աղմուկ հանած մշակութային էջ էր), պարոն Աբրահամյան, ի՞նչ կլինի, ինձ ազատեք այդ ժողովներից, ես ուշ եմ քնում, չեմ կարողանում արթնանալ, անիմաստ տուգանքներ եմ ստանում»: Ասաց՝ ոչ, դու կարո՞ղ ա գիտես վերին արտի ցորենն ես: Ասացի՝ այո, ես վերին արտի ցորենն եմ, դե կտեսնեք,- պատմում է Սաթիկ Սեյրանյանը, շարունակում,- գնացի, A3 ֆորմատի վրա գրեցի՝ «ԵՍ VERY ARTY ՑՈՐԵՆՆ ԵՄ»: Տպեցի պլակատը, գնացի Պետրոս Պետրոսյանից՝ տնօրենն էր «Առավոտի», Արամ Աբրահամյանի ստորագրությամբ կնիքը վերցրեցի, պլակատի տակ կնքեցի ու այդ պլակատը պարզած մտա իր սենյակ: Ու երեխեքն էլ իմ հետեւից գոռում էին՝ մե՛նք էլ, մե՛նք էլ, մե՛նք էլ: Արդեն ասաց՝ լավ, ես հանձնվում եմ: Դրանից հետո նա ավելի հանդուրժող էր»:

Օրաթերթում իր աշխատելու շրջանը Սաթիկ Սեյրանյանը բնորոշում է՝ որպես «Առավոտի» «ոսկե շրջան»: «Իմ բախտը բերել է: Այնտեղ բոլոր աշխատողները անհատականություններ էին՝ Արմեն Շեկոյանը, Վասակ Դարբինյանը, Աննա Իսրայելյանը, Գերման Ավագյանը, ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանը՝ Տոտոն, Գենոֆիա Մարտիրոսյանը՝ մեր Ժենյան, Արմեն Զաքարյանը, Ռուզան Մինասյանը, Լիլիթ Ավագյանը, Նաիրա Հովհաննիսյանը, Արեւհատ Գրիգորյանը, Լուսինե Մարգարյանը, Նաիրա Մամիկոնյանը, Արա Գալոյանը, Գեւորգ Աբրահամյանը, Մարգարիտ Եսայանը, բոլորը… ամեն օրն էր հետաքրքիր: Նույնիսկ եթե թեմա չլիներ գրելու, նյութ չլիներ, քննարկումների, մեր շփումների ընթացքում դա գալիս էր: Աշխատում էիր հաճույքով, քննարկում էինք թեմաները, իրադարձությունները»,- ասում է նա:

Խմբագրության կողմից տրված էր լրագրողական ազատություն, սակայն անձնական վիրավորանքներ չհասցնելը, բազմակողմանի տեսակետների ապահովումը, փաստերի առաջնահերթությունը եւ մականուններից զերծ հրապարակումներ պատրաստելը «Առավոտի» կարեւորագույն սկզբունքներն էին:

«Լինում էր, մեկ էլ գոռում էի խմբագրությունում՝ ես չեմ ուզում աշխատել, ես չեմ ուզում գրել, հոգնել եմ, էլ չեմ գրելու, վե՛րջ: Մեկ էլ Արամ Աբրահամյանը դուրս էր գալիս՝ բալիկ ջան, ի՞նչ է պատահել: Ասում էի՝ ես չեմ ուզում գրել, ես չեմ կարողանում գրել: Կանչում էր, ասում՝ մի րոպե արի, մտնում էի սենյակ, կոնյակ էր լցնում, ասում էր՝ խմիր, դե գնա աշխատելու…»,- հիշում է Սաթիկ Սեյրանյանը:

«Առավոտ» ասելիս հիշում է բոլոր ընկերներին՝ առավոտցիներին: «Նաիրա Հովհաննիսյանին վաղուց չեմ տեսել, շատ հեռու ենք տարածությունով գտնվում, բայց ինքը ինձ համար շատ հարազատ է, նա իմ անցյալն է, իմ ներկան է, շատ լավ շրջանը, որ միասին ապրել ենք,- ասում է նա,- ի դեպ, «Առավոտի» փակ խնջույքների ժամանակ ես ու Ժենյան հատուկ երգացանկ ունեինք ու երգում էինք: Բայց այդ առավոտցիները ինձ ու Ժենյային անընդհատ խանգարում էին, չէին թողնում երգենք՝ միկրոֆոնն էին գողանում, լռեցնում էին մեզ… Այդ «անճաշակները» չէին գնահատում մեր կատարումները… բան չէին հասկանում «իսկական» արվեստից: Իսկ տնօրենը՝ Պետյան (Պետրոս Պետրոսյանը) ասում էր՝ «Սաթիկ, դու ոնց որ սիրամարգ լինես՝ շատ սիրուն ես, բայց այ, ձայնդ ահավոր ա, անտանելի ա…» (ծիծաղում է-Հ. Հ.):

Որպես մշակութային էջի պատասխանատու՝ այս ոլորտում կատարվող իրադարձությունների կենտրոնում էր, տեղյակ էր ներքին խոհանոցին, անդրադառնում էր այստեղի խնդիրներին. «Թվում է, որ քաղաքական ոլորտն ու այդ ոլորտի մարդիկ են ամենաանսկզբունքայինը, ամենաինտրիգայինը, եւ թե ամենավատ բարքերն այդտեղ են: Սակայն մշակութային էջը վարելու ընթացքում համոզվեցի, որ իրականում մշակութային ոլորտի մարդկանց ներսում է այդ ամեն ինչը: Նույնիսկ ամենատգեղ փոխհարաբերությունները նրանց շրջանում կարող էիր տեսնել եւ սկզբունքների ու արժեքների բացակայության ականատեսն էիր լինում անընդհատ: Հիասթափություններն այդ ժամանակ ավելի շատ էին լինում, քանի որ մշակույթի գործչից, մտավորականից ավելին ես պահանջում: Հազվադեպ մարդիկ էին, որ իսկապես ապրում էին արվեստով եւ արվեստ էին ստեղծում: Այսինքն՝ հիմնականում ամեն ինչ կար, բացի արվեստից, մշակույթից: Մշակութային ոլորտի հարաբերությունները, «խոհանոցները» ոչ մի տեղի հետ չես համեմատի: Թե ինչ էր տիրում այն ժամանակ Օպերայի թատրոնում, Սունդուկյանի անվան թատրոնում՝ խայտառակություն էր, եւ ես դա ներկայացնում էի «Առավոտում»: Ինձ մեղադրում էին, թե չի կարելի, դա մշակութային օջախ է, արվեստ է եւ այլն: Ես ասում էի՝ ի՞նչ է նշանակում, թաքցնե՞նք, չխոսե՞նք այդ ամենի մասին: Այսօր էլ, կարծում եմ, նույն իրավիճակն է մշակութային տարբեր ոլորտներում եւ դարձյալ քիչ են սկզբունքային եւ իրական արժեքներ ստեղծող մարդիկ: Իսկ նման մարդիկ, հիմնականում լուռ, իրենց գործն են անում»:

Սաթիկ Սեյրանյանը պատմում է, որ որոշ ժամանակ հետո մշակութային էջի պատասխանատու լինելուց զատ՝ «Առավոտում» վարել է «Դղյակներ» շարքը, որտեղ անդրադառնում էր կոռուպցիոն երեւույթներին, պետական պաշտոնյաների հափշտակություններին եւ նրանց կառուցած դղյակներին. «Այդ շարքի համար մրցանակի արժանացա՝ որպես լավագույն հետաքննական շարք: Առաջին նյութս ազգային անվտանգության պետ Կառլոս Պետրոսյանի տուն-դղյակի մասին էր, նկարեցի, տպագրեցի նյութը, որը բավական հետեւանքներ ունեցավ: Այդ շրջանում նաեւ իտալական «Ռենկո» ընկերության PR մենեջերն էի: Ուղղակի ճնշում գործադրվեց նախագահականից եւ ԱԱԾ-ից, ինձ աշխատանքից, ստիպված, հանեցին… Ընկերության իտալացի սեփականատերն ասաց՝ կներես, ինձ ստիպում են քեզ հանել աշխատանքից… Բոլորը սպասում էին՝ շաբաթ օրը ո՞ւմ տունն է լինելու: Արդեն խմբագրությունում կատակում էին՝ Սաթիկ, քեզ մի օր խփելու են սնայպերները, գցեն. բարձրանում էի ծառերի, շենքերի վրա, լուսանկարում տները, նյութերը հայթայթում…»:

Սաթիկ Սեյրանյանի լրագրողական կյանքը լի է հիշարժան դեպքերով, ասում է՝ որտեղ որ հայտնվում էր, մի բան կատարվում էր, ցույց է տալիս «Առավոտ» թերթից մի կտոր, ավագ քույրն է պահել, վրան գրված է. «Առավոտի» լրագրող Սաթիկ Սեյրանյանը մեկնում է Մոսկվա՝ Մոսկվայի միջազգային փառատոնը լուսաբանելու նպատակով: Հաշվի առնելով Սաթիկի բախտը եւ մեր ընդհանուր դառը փորձը՝ պաշտոնապես զգուշացնում եմ՝ եթե նրա՝ Ռուսաստանում գտնվելու օրերին Պուտինի կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ մահափորձ կազմակերպվի…», շարունակությունը չկա, բայց երեւի գրված էր՝ ինքը կապ չունի: Արդեն բոլորը գիտեին, եթե մի տեղ գնա, մի բան կլինի, ասում է նա եւ անմիջապես հիշում, թե ինչպես ինքը՝ որպես «Առավոտի» եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, ձերբակալվեց Արցախում՝ 2000 թվականին. «Երբ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձ տեղի ունեցավ, ինձ ձերբակալեցին, որովհետեւ ես վերջին մարդն էի, որ իրեն տեսել էի մահափորձից առաջ: Հարցազրույց էի նրանից վերցրել, դուրս էր եկել շենքից եւ դեպքն էր տեղի ունեցել: Դեպքերով ու զավեշտալի պատմություններով, էմոցիաներով հագեցած ամիսներ ապրեցինք այդ շրջանում Արամ Աբրահամյանի եւ բոլոր առավոտցիների հետ, մինչեւ գործի քննությունն ավարտվեց եւ բացահայտվեց»:

Գնահատելով լրագրության էվոլյուցիան՝ Սաթիկ Սեյրանյանը նկատում է, որ այնուամենայնիվ տպագիր լրատվամիջոցների լրագրողները նվաճեցին խոսքի ազատության սահմանները, ժամանակին լրատվամիջոցներն առավել քիչ էին, պատասխանատվությամբ էին աշխատում, հիմա դրանք շատ են, եւ քչերն են պահպանում լրագրողական ե՛ւ մասնագիտական, ե՛ւ էթիկական նորմերը: «Այսօր, ով ասես՝ քնից զարթնում իրեն լրագրող կամ չգիտեմ ինչ մեկնաբան, հրապարակախոս, վերլուծաբան է ինքնակոչում: Իրենք իրենց «լրատվամիջոց» են կոչում այնպիսի կայքէջեր, որոնք նույնիսկ խմբագրության հասցե, խմբագրակազմ չունեն: Մեր ոլորտում էլ աղբը, դեզինֆորմացիան շատ է ու ընթերցողը դժվարին կացության մեջ է հայտնվել»,-ասում է նա:
«Առավոտից» դուրս գալուց հետո որոշ ժամանակ անց ստեղծեց «168 ժամը»: «2004 թվականին որոշեցի ստեղծել «168 ժամը»,- ասում է արդեն տասը տարեկան լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը: Նշում է, որ այս տարիներին իր լրատվամիջոցը «Առավոտի» հետ հայտնվել է նույն մրցակցային դաշտում: «Մրցակցությունը շատ ճիշտ է դրսեւորվում: Մրցակից ենք, բայց թշնամի չենք»,- ասում է նա: Ապա ավելացնում, որ որպես խմբագիր, իր լրատվամիջոցի առջեւ դրել է մեդիախնդիր, չդառնալ քարոզչամիջոց, այլ ներկայացնել հավասարակշիռ եւ բազմակողմանի տեղեկատվություն. «Ինձ համար կարեւոր է թիմային աշխատանքը, մեր թիմը, շատ կարեւոր է՝ ո՞ւմ հետ ես աշխատում: «Առավոտի» իմ հին ընկերներից շատ կան, որ այստեղ են գրում՝ Արան Գալոյան, Լիլիթը Ավագյան, Լիլիթը Սեյրանյան: «Առավոտում» շատ լավ էր. մի քանի սերունդներ էինք միասին աշխատում: Ավագ եւ երիտասարդ սերնդի կողք կողքի աշխատելը, շատ օգնում է, մանավանդ, երբ անհատականություններ են լինում, դա մի ուրիշ մթնոլորտ է ստեղծում: «168 ժամը» ստեղծելիս այդ մոտեցումը, կարելի է ասել, «Առավոտից» բերեցի: Բացի այդ, իմ լրագրողական աշխատանքի ընթացքում հիմնականում ավագ սերնդի հետ եմ մտերիմ եղել եւ նրանք ինձ շատ են օգնել»:

Իսկ 20-ամյա «Առավոտին» ցանկանում է հարատեւություն. «Կուզեմ միշտ լինի «Առավոտը»: Հարցին, թե ի՞նչ է պետք փոխել «Առավոտում», պատասխանում է. «Այդ հարցը ինձ էլ պետք է տամ՝ ի՞նչ անել, ի՞նչ փոփոխությունների գնալ… երեւի չպետք է վախենալ փոփոխություններից: Միշտ ինչ-որ նոր բան է ուզում ընթերցողը, ամեն օր փոխվում է ընթերցողը… Պարզապես ուզում եմ միշտ լինի «Առավոտը», որը մշտապես կարեւոր դեր է ունեցել հայ մամուլի կյանքում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Այս շաբաթ «168 ժամը» նշեց իր հիմնադրման 10-ամյակը: «Առավոտը» եւս շնորհավորում է իր գործընկեր լրատվամիջոցին, ցանկանում հարատեւություն, ստեղծագործական վերելքներ: «168 ժամ» թերթի առկայությունը հայ լրատվական դաշտում ապահովում է պրոֆեսիոնալությունը եւ մեզ համար դաշտ ստեղծում առողջ մրցակցության համար:

«Առավոտ» օրաթերթ
13.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930