Հայաստանի խուլերի սպորտի եւ մշակույթի պալատում երեկ ավարտվեցին խուլ-համրերի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունները:
Վերջինը հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշեցին ազատ ոճի երիտասարդները: Հայաստանից Սենիկ Սերոբյանը (նկարում), որը երկու օր առաջ հունահռոմեական ոճում 50 կգ քաշային կարգում նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հանդես գալով նաեւ ազատ ոճում, արժանացավ արծաթե մեդալի:
«Առավոտը» առաջնության գլխավոր մրցավար, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Սամվել Հարությունյանին խնդրեց ամփոփել մրցաշարը:
– Պարոն Հարությունյան: Սա խուլ-համրերի պատանիների ու երիտասարդների աշխարհի անդրանիկ առաջնությունն էր: Այն կայացա՞վ:
Կարդացեք նաև
– Մասնակցում էին 13 երկրների շուրջ 200 ըմբիշներ: Սա նրանց համար աշխարհի առաջնություններում լուրջ թվաքանակ է: Ես այս մասին տեղեկացա Խուլ-համրերի համաշխարհային կոմիտեի նախագահի, որն այստեղ՝ Երեւանում էր, եւ հավաքականների մարզիչների հետ զրույցից: Նրանց ասելով՝ ամեն երկիր չէ, որտեղ կա եւ գործում է խուլ-համրերի ըմբշամարտ:
Մասնակիցները մեծամասամբ բավականին դիտարժան ու հավասար գոտեմարտեր անցկացրին: Խոսքը գերազանցապես վերաբերում է հունահռոմեականի երկու տարիքային խմբերին եւ ազատ ոճի երիտասարդներին, որտեղ հանդես եկողներն ուժեղ էին: Բոլոր հավաքականների մարզիչներն էլ գոհ, անգամ՝ հիացած էին մրցավարության անաչառությունից՝ ոչ մի ավելորդ միջամտություն ու կողմնապահություն: Այնպես որ, կարելի է ասել, որ հայաստանյան աշխարհի առաջնությունները կայացան:
– Եկեք խոսենք Հայաստանի մասնակցությունից: Մեր ըմբիշների արդյունքները գոհացրի՞ն:
– Կայացած երկու տարիքային խմբերի եւ ոճերի չորս առանձին առաջնություններում Հայաստանը ընդհանուր առմամբ նվաճեց ութ մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե: Այնպես որ, կարելի է մասնակցությունը բավարար գնահատել:
– Այս առաջնությունն ի՞նչ ցույց տվեց:
– Մի բան՝ պետք է մարզվել: Այս մի քանի օրերին բավականին ծնողներ, որոնց երեխաները նույնպես չեն խոսում եւ լսում, տրիբունաներից հետեւում էին գոտեմարտերին: Վստահ եմ, որ նրանցից շատերը կցանկանան, որպեսզի իրենց զավակներն էլ զբաղվեն ըմբշամարտով: Սկզբնական շրջանում խուլ-համրերի ըմբշամարտի խմբերում: Բայց եթե ցանկանում ենք, որ նրանք էլ հեղինակավոր մրցումներում՝ նկատի ունեմ խուլ-համրերի մեծերի Եվրոպայի, աշխարհի առաջնությունները, օլիմպիական խաղերը, լուրջ հաջողություններ արձանագրեն, մեդալներ նվաճեն, ճիշտ կլինի, որ հետագայում այդ ըմբիշները մարզվեն խոսողների հետ միասին: Եվ անպայման նրանց հետ որակյալ մարզիչներ աշխատեն: Դա կարելի է կազմակերպել, ասենք, Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում, որտեղ երիտասարդ ու որակյալ մարզիչներ են աշխատում երկու ոճերում էլ:
– Այսինքն, կարելի է ասել՝ լավ է, որ Հայաստանում խուլ համրերի ըմբշամարտ կա: Բայց որքան տեղյակ եմ, խմբեր գործում են միայն Երեւանում եւ Վանաձորում:
– Այո, այդպես է: Օրինակ, Երեւանում մոտ 40 խուլ-համր ըմբիշներ մարզվում են Նորքում: Բայց դա շատ քիչ է: Տարիներ առաջ խուլ-համր ըմբիշներին ժամանակ առ ժամանակ թույլատրում էին «Դինամոյում» մարզվել խոսողների հետ, մի քանի քաշային կարգերում մասնակցել մարզական այդ ընկերության, Հայաստանի առաջնություններին: Լավ էր, ոմանք անգամ 5-6-րդ տեղեր էին զբաղեցնում:
– Հիմա չե՞ն թողնում:
– Ոչ թե չեն թողնում, այլ՝ չկան, եղածների մակարդակն էլ թույլ է: Դրա համար էլ խուլ-համրերի հանրապետության առաջնություն հիմա չի անցկացվում:
– Աշխարհագրության մասի՞ն ինչ կասեք:
– Դա նուրբ խնդիր է: Մարզերում մարզիչներին կարող ենք ասել, որ եթե այդպիսիք գան, վերցնեն խմբեր: Բայց առանձին խմբեր ունենալու համար պետք է ըմբշամարտով զբաղվել ցանկացող գոնե մի քանի խուլ-համր լինի:
– Ո՞վ էր առաջնությունների կազմակերպիչը:
– Հայաստանի խուլ-համրերի կոմիտեն՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անմիջական աջակցությամբ: Սպորտի պետական կառույցը ներկայացնում էինք ես եւ Լյովա Վարդանյանը, իսկ ֆեդերացիան տրամադրել էր մրցագորգերն ու լուսատախտակները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.10.2014


















































