Եռյակը 12 կետերի պահանջ դրեց իշխանության առաջ ու պարզեց, որ իշխանությունը չի ուզում դրանք կատարել: Ի՞նչ է հետեւելու դրան, լինելո՞ւ է իշխանափոխություն, թե՞ չի լինելու:
Այսօր Aravot.am-ի այս հարցին Եռյակի ուժերից մեկի՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ռշտուն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իշխանափոխությունը հարաբերական հասկացողություն է: Կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ շատերն անվանում են, որ սա իշխանափոխություն էր եւ կարող է ստեղծվել իրավիճակ, որ շատերն ասեն՝ արդյոք սա՞ էր իշխանափոխությունը: Այստեղ մարդկանց խնդիրը չի: Իշխանությունները, որքան էլ ուզում են, իրենք չեն կարողանում հիմնարար փոփոխություններ կատարել երկրում: Եթե նույնիսկ շատ ուզենան, չեն կարող: Համակարգը թույլ չի տալիս: Իշխանական կառավարման համակարգում դրված է մի շարժիչ, որը կառավարում է, թե ինչպես պետք է անել, եւ մարդիկ չեն կարողանում դա փոխել: Հիմա ասում եք՝ իշխանափոխություն լինելո՞ւ է: Այն, ինչ իմ պատկերացումներով է, կարող է շատերն ասեն, որ դա իշխանափոխություն չի: Բայց իմ պես մտածող մարդու համար դա իշխանափոխություն է»:
Մենք ճշտեցինք ՝ ՍԵրժ Սարգսյանն ունի իր թիմը, որի հետ աշխատում է, այդ թիմը փոխվելո՞ւ է, թե՞ չի փոխվելու՝ նա պատասխանեց. «Դա գործընթաց է լինելու,: Իշխանափոխությունը միանգամից չի կարող լինել, որովհետեւ մենք այն իրավիճակում չենք, որտեղ կարելի է մեկ օրում մեկ ժամում ամեն ինչ փոխել: Այն, որ իշխանափոխությունն անհրաժեշտություն է, դա միանշանակ է, որովհետեւ մենք տեսնում ենք լճացած վիճակ, որտեղ ցանկացած որոշում կրկնում է նախորդ որոշումը: : Երբ այդ լճացած վիճակը կվերանա, դա կլինի իշխանափոխություն: Այսօր գործող գլխավոր դերակատարները՝ որոշում կայացնողները, պատրաստ չեն դրան տարբեր պատճառներով»:
Մեր հարցին՝ ճի՞շտ հասկացա, որ Եռյակը հաշվարկներ ունի, որ հոկտեմբերի 10-ին եւ դրան հաջորդող հանրահավաքներին այնպիսի զանգված հավաքվի, որ Սերժ Սարգսյանը որոշակի զիջումների գնա, որոշ պորտֆելներ հանձնի եւ դա էլ հենց լինի իշխանափոխությունը՝ Ռշտուն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես կարող եմ իմ մոտեցումներն ասել, որոնք արտահայտում եմ ինչպես «Ժառանգության» վարչությունում, այնպես էլ Եռյակի որոշակի ձեւաչափերում: Պետք է երկխոսել իշխանության հետ: Եթե իշխանությունը պատրաստ է երկխոսելու, շատ բան կարող է փոխվել, որովհետեւ այնտեղ հավաքված կուսակցությունները հանգել են մի եզրակացության՝ այսպես այլեւս հնարավոր չէ: Պետք է երկխոսել իշխանության հետ եւ եթե երկխոսության ժամանակ իրենց ավազակաբարո ձեւով կդրսեւորեն, այլ պատասխան կստանան: Վերջիվերջո չի կարելի ասել, որ փակված են բոլոր դռները: Սա մեր հասարակությունն է: Նույն իշխանությունը մեր հասարակության մի մասն է»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է լինելու իշխանության հետ Եռյակի երկխոսությունը, հատկապես այն դեպքում,երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս իշխանության հետ ցանկացած համագործակցություն անիմաստ է համարում, ասում է՝ գողերի ու ավազակների հետ ի՞նչ համագործակցությունը՝ փայաբաժինների՞:
Բացի այդ, եթե Սերժ Սարգսյանը զիջումների գնա եւ պատասխանատու պորտֆելներ տա Եռյակի ուժերին, Դուք իրար մեջ ո՞նց եք բաժանելու այդ ամենը՝ Ռշտուն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա հաջորդ փուլն է: Իմ խորին համոզմամբ, պետք է գալ կոնսենսուսի՝ ուղղությունների վերաբերյալ: Քառյակը 12 կետերի վերաբերյալ ուներ կոնսենսուս՝ միասնական կարծիք: Այդ միասնական կարծիքի հիման վրա պետք է լինի, այստեղ բացարձակ կարեւոր չի՝ որոշում կայացնողը կլինի ՀՀԿ-ակա՞ն»:
Մեր հարցին՝ այսինքն, աթոռակռիվ չի՞ լինի՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ սա աթոռակռիվ է: Եթե աթոռակռիվ լիներ, սա կլիներ աբսուրդի թատրոն, որովհետեւ դա հիմարություն է: Ով աթոռի համար կկռվի, իր գերեզմանը կփորի:
Ինչ վերաբերում է Եռյակի հանրահավաքի օրակարգին՝ 12 կետորին, որը շատերի կողմից քննադատության արժանացավ, Ռշտուն Մարտիրոսյանն ասաց. «Բնականաբար, կարող էր 12 կետ չլինել, այլ 120 կետ: Մեր երկրում հիմնախնդիրներն այնքան շատ են, որ դրանց թվարկումը կարելի է անվերջ շարունակել: 12 կետերն այն խնդիրներն են, որոնք այս պահին հուզում էին բնակչությանը՝ սոցիալական առումով, բիզնես միջավայրի բարելավման առումով եւ քաղաքական առումով: Դրանք լակմուսի թղթի նման դեր էին խաղալու, թե արդյոք կառավարությունն ու իշխանությունը պատրա՞ստ էին երկրում էապես փոխելու իրավիճակը: Բայց ժամանակը ցույց տվեց, որ այս ամբողջ ժամանակահատվածում՝ իշխանությունը չարեց քայլ, որը կուղղվեր սոցիալական, տնտեսական կամ քաղաքական կյանքի բարելավմանը: Այս պահին այդ 12 կետերը նորից մնում են արդիական, մնում են քաղաքական տեսադաշտում, որովհետեւ դրանց լուծումը կարող էր սկիզբ դառնալ որոշակի բարեփոխումների: Պարզ է, որ կարմիր գծերը, տեսախցիկներն ու արագաչափերը հիմնախնդիր չեն, դրանք արտացոլումն են այսօրվա իշխանությունների կառավարման տրամաբանության»:
Մեր հարցին՝ նույն սկզբունքով այդ 12 կետերի մեջ կարող էիք գրել Վանաձորի Քիմպրոմի հարցը, կամ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը, ուստի այդ 12 կետերն այդ տեսանկյունից անհասկանալի են՝ «Ժառանգության» վարչության անդամը վստահեցրեց, որ դրանք ընդամենը լակմուսի թուղթ են. «Երկրի կառուցման համար ամեն ուժ ունի իր պատկերացումները: Քաղաքապետ է նշանակվում, կա 5 թեկնածու, հինգն էլ ասում են նույն բանը՝ քաղաքի բարեկարգում, ճարտարապետական տեսքի պահպանում, բնակչության խնդիրների լուծում, վերելակների խնդրի լուծում: Բոլորը նույն բանն են ասում, բայց ամեն մեկն իր կրթվածության, իր դաստիարակության եւ պատկերացումների շրջանակում է դա անում: Մենք տեսանք, որ իշխանությունն ասաց՝ Երեւանի կենտրոնը պիտի բարեկարգենք ու բարեկարգեց իր ճաշակով, իր բարեկրթության ձեւով, բայց դա այն չէր, չէ՞, ինչ կուզեր Երեւանի բնակիչը: Նույնը վերաբերում է տեսախցիկներին, կարմիր գծերին: Ճիշտ եք, որ դա 4 քաղաքական ուժերի օրակարգում ոնց որ թե չպետք է տեղավորվեր: Բայց դա լակմուսի թուղթ է՝ արդյոք իշխանությունը պատրա՞ստ է այդ 3 ուղղություններում՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական ոլորտում որեւէ կետով որեւէ քայլ անել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































