Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Տեր-Գաբրիելյան. «Մարդու նկատմամբ ցանկացած բռնություն նրա ստեղծագործական օղակները ոչնչացնում է»

Նոյեմբեր 11,2014 13:50 Share

«Բռնությունը հասկանալու համար պետք է հասարակության մեջ դրա հիմքերը տեսնել»,- այսօր` նոյեմբերի 11-ին, Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ համաժողովի ընթացքում հայտարարեց «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը:

Նա նշեց, որ իր համար զարմանալի է, թե ինչո՞ւ է հայ հասարակության մեջ բռնությունն այսքան տարածված, քանի որ նա համարում է, որ մի հասարակություն, որին փորձել են բնաջնջել, պետք է մարդուն գնահատի. «Մենք տեսնում ենք, որ այդ իրադարձությունը խոտորված է: Իհարկե, այնքան սարսափելի չէ այստեղ իրավիճակը, ինչպես մի շարք հասարակություններում, բայց բռնությունը որոշ մարդիկ զգում են հենց առաջին պահից` ընտանիքի մեջ առաջին վայրկյանից: Ընտանեկան բռնությունը գաղտնի եւ թաքուն է եւ շատ հաճախ չի էլ ընկալվում որպես բռնություն, հիմա մենք կամաց-կամաց հասկանում ենք, որ սա էլ այն գաղտնի ասպարեզներից մեկն է, որ պետք է մտնել, հասկանալ, թե ի՞նչ է կատարվում»:

Պարոն Տեր-Գաբրիելյանի խոսքերով` պետք չէ մոռանալ, որ Խորհրդային Միությունը բռնության վրա կառուցված հասարակություն էր, եւ հայ հասարակությունը չէր կարող չվարակվել այն ժամանակ տիրող մթնոլորտից. «Գիտությունը հայտնաբերել է, որ երբ մարդ իրեն ազատ է դրսեւորում, նա ավելի ստեղծագործ է եւ կա բազմազանություն: Դրա արդյունքում լինում է առաջընթաց, դա ե’ւ գիտությանն է վերաբերում, ե’ւ տեխնոլոգիային, ե’ւ ստեղծագործությանը, ե’ւ հասարակության առաջընթացին: Մարդու նկատմամբ ցանկացած բռնություն նրա ստեղծագործական օղակները փակում է, ճզմում է, ոչնչացնում է»:

Գեւորգ Տեր-Գաբրիելյանը, անդրադառնալով փոքրամասնությունների նկատմամբ խտրականությանը, նշեց, որ յուրաքանչյուր անհատ փոքրամասնություն է հասարակության նկատմամբ. «Ամեն առաջնորդ փոքրամասնություն է մեծամասնության նկատմամբ, իսկ մենք համարում ենք, որ յուրաքանչյուրը հնարավոր առաջնորդ է իր գործունեության ասպարեզում, ուրեմն` փոքրամասնությունը ոչ միայն մենք ենք, այլեւ փոքրամասնությունը այն ուժն է, այն ստեղծագործական կարողությունն է, որ առաջ է մղում ամեն մի իրադրություն»:

Նա հավելեց, որ հայ ազգը ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից, փոքրամասնություն է. «Մենք սիրում ենք գովերգել մեր հայ ներկայացուցիչներին, որոնք իրենց հասարակարգերում մեծ բարձունքների են հասել, նրանք հասել են այդ բարձունքներին կա’մ դիմադրելով նրանց նկատմամբ խտրականությանը, կա’մ շնորհիվ նրա, որ այդպիսի խտրականություն չի եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930