Վարդան Այվազյանը բացատրում է, որ չինացիներն էլ 1.5 միլիարդ են,
բայց Եվրոպայում անգլերեն են խոսում
Օրերս ՀՀ ԱԺ-ում անցկացվեց հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստը: Նիստի աշխատանքներն ընթանում էին ռուսերեն եւ չկար հայերեն թարգմանություն, անգամ օրակարգն էր կազմվել ռուսերեն:
Նիստի մասնակից, «ռուսախոս» ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ուշագրավ բացատրություն տվեց դրա հետ կապված: Պարզվում է՝ թարգմանչի փողը տնտեսելու համար են պատգամավորները որոշել նիստը ռուսերեն անցկացնել՝ ծախսից են խուսափել: Վարդան Այվազյանի խոսքերով՝ «Չեմ կարող ասել, որ դա օրենքի խախտում է: Երբ մենք պետականորեն ելույթ ենք ունենում, համենայնդեպս, մենք հայերեն ենք ելույթ ունենում: Բայց մեր շփումների, դիալոգների ժամանակ մենք համենայնդեպս օգտագործում ենք այն լեզուները, որոնք իմանում ենք: Իրենք էլ՝ նույն ձեւ: Եթե դու գնում ես Եվրոպա, կամ եվրոպացիք գալիս են՝ անգլերեն ենք խոսում: ԵՏՄ-ի պայմանագրերում լեզվի հետ կապված որեւէ խնդիր չկա, որովհետեւ պայմանագրի ընդունման կողմերի բոլոր նորմատիվ փաստաթղթերը թարգմանվում են նաեւ հայերեն: Դրանք ունեն հավասար իրավաբանական ուժ, ինչ ռուսերեն գրված պայմանագրի դրույթները: Այսինքն՝ լեզվի հետ կապված որեւէ խնդիր չկա: Հիմա նայեք, մենք այստեղ շփվում ենք իրար հետ, որպեսզի սինխրոն թարգմանություն չանենք, պետական ծախսերը չավելացնենք, ավելի լավ չի՞ ռուսերեն շփվենք»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ գումարի տնտեսման համա՞ր եք խորհրդարանում ռուսերեն խոսում, նա պատասխանեց. «Նաեւ այո, էկանոմիայի համար է: Այսինքն՝ ի՞նչ է, վա՞տ է, որ լեզու ենք իմանում»: Մեր դիտարկմանը, որ հայերենը չեք հարգում, ո՞ր երկիր եք գնացել, որ մեր խաթեր հայերեն են խոսել Ձեզ հետ, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Փորձում են, համենայնդեպս: Չեմ կարող ասել, կարող է դա իրենց իմացության աստիճանից է կախված: Չեմ կարծում, որ թեկուզ ռուսները գնում են եվրոպական երկրներ, էլի ռուսերեն են խոսում, այնտեղ էլ անգլերեն են խոսում: Կամ նույն չինացիները, որոնք միլիարդուկես են, եթե ինչ-որ տեղ հանդիպումներ են ունենում, անգլերեն են խոսում, դա չի նշանակում, որ չինարենը չեն հարգում»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ գուցե Չինաստանի օրենքը չի արգելում, իսկ մեր օրենքն արգելում է, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Քո պետական ինստիտուտի լեզուն, պետական քարոզչական լեզուն, պետական ընդունված օրենքների լեզուն պետք է լինի հայերեն, բայց ոչ թե այս շփման մակարդակում ես պետք է անպայման հայերեն խոսեմ: Ասենք՝ մարդը ռուս է, հայերեն չի իմանում: Ես հայերեն խոսեմ, ինչի՞ մասին խոսեմ»:
Ակումբի նիստում քննարկվեցին ԵՏՄ անդամակցության հետ կապված խնդիրները: Մեր հարցին, թե ինչո՞ւ հյուրերին չներկայացրեցին ընդդիմադիրների ողջ մտահոգությունները ԵՏՄ-ի անդամակցության քննարկումներում արծարծված, միայն ասացիք, որ 103 կողմ է եղել, ընդամենը 3 դեմ եւ 1 ձեռնպահ, Վարդան Այվազյանը չհամաձայնեց՝ ասելով, որ հիմնական շեշտադրումները ներկայացրել են. «Սուվերենության հետ կապված խնդիրը, տնտեսության իրավիճակի հետ կապված խնդիրը՝ ՌԴ-ի տնտեսական իրավիճակը, Ղարաբաղի հարցը: Դրանք են հիմնական հարցերը: Ինքնիշխանության կորուստ որեւէ ձեւով չունենք, որովհետեւ որոշումները ԵՏՄ-ում ընդունվում են կոնսենսուսով: Ցանկացած պահի մենք կարող ենք դուրս գալ, որեւէ սահմանափակում չկա: Վերադաս մարմինների որոշումները, որոնք հանդիսանում են վերազգային մարմիններ, դրանք լինելու են մեր պետական ներկայացուցիչների ուղիղ ենթակայության տակ, որովհետեւ կա խորհուրդ, ընդհանուր հավաք, որտեղ փոխվարչապետների մակարդակով եւ նախագահների մակարդակով են ղեկավարվում: Ինչ վերաբերում է տնտեսական իրավիճակի խնդրին, դա համաշխարհային խնդիր է, որովհետեւ ես մի քանի օր առաջ եմ եկել Վրաստանից, այնտեղ նույն ձեւ իրենց ազգային արժույթի՝ լարիի հետ կապված խնդիր կար»:
Մեր հարցին՝ պայմանագրում գրված է, բայց իրականում երբ ուզենք, կթողնե՞ն ԵՏՄ-ից դուրս գալ, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է քո ձեռքը բռնել: Ասում են՝ երբ ուզում ես, էն վախտ էլ դուրս արի»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.12.2014


















































