Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԹՈՒՅԼԵՐԸ

Փետրվար 20,2015 10:09

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ երեսունվեցերորդ

ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԹՈՒՅԼԵՐԸ

Եվ Չուգունը մի քիչ մտածեց, զզվանքով նայեց իր նախկին համախոհին ու ասաց՝ «ուրիշ վախտ դու բոլորից  շատ ես Հրաչի դեմ խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի գլուխ համ իրա դեմ խոսում ես, համ էլ շիրա ես տալի, որ մենք էլ խոսանք», եւ նախկին համախոհը մի քիչ մտածեց ու հեգնանքով Չուգունին ասաց՝ «որովհետեւ զգում եմ, որ իրա դեմ խոսալուց քեզ շատ լավ ես զգում», եւ Չուգունը զզվանքով նայեց իր նախկին համախոհին, մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «այսինքն, շուն ե՞ս հաչացնում», եւ նախկին համախոհն  արհամարհական նայեց Չուգունին ու ասաց՝ «մի վիրավորի», եւ Չուգունը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ եմ վիրավորում», եւ նախկին համախոհը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ինքդ քեզ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ինձ եմ վիրավորում, դո՞ւ ինչի ես քեզ վատ զգում» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «թե՞ ինձ վիրավորելու իրավունքից էլ  եք ուզում ինձ զրկեք» եւ մի քիչ էլ  մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «փաստորեն, կարծիք հայտնելու իրավունքից զրկված եմ», եւ Հովհաննեսը Չուգունին հարցրեց՝ «ի՞նչ կարծիք» եւ Չուգունը քմծիծաղով պատասխանեց ու ասաց՝ «հասարակ, սովորական կարծիք», եւ Հովհաննեսը զարմացած հարցրեց՝ «քեզ ո՞վ ա կարծիք հայտնելու իրավունքից զրկել», եւ  Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բոլորը», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ բոլորից գոնե մեկի անունն ասա», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «անուն չեմ ասում՝ չեմ պրծնում, որ անուն ասեմ՝ կարող ա հարձակվեն ու ինձ ուտեն», եւ Հովհաննեսը  ծիծաղը զսպելով  Չուգունին հարցրեց՝ «քեզ ո՞վ պիտի ուտի», եւ Չուգունը պատասխանեց ու ասաց՝ «բոլորը», եւ նախկին համախոհը Չուգունին հարցրեց՝ «էդ բոլորից գոնե մեկի անունն ասա», եւ Չուգունը  զզվանքով նայեց նախկին համախոհին ու ասաց՝ «էդ բոլորից ամենավտանգավորը դու ես», եւ  նախկին համախոհը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Չուգունին հարցրեց՝ «ե՞ս ինչի եմ ամենավտանգավորը», եւ Չուգունը զզվանքով նայեց իր նախկին համախոհին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ հազար էրես ունես», եւ նախկին համախոհը քմծիծաղով Չուգունին հարցրեց՝ «բա դո՞ւ քանի էրես ունես», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայն դեպս, քեզնից քիչ», եւ նախկին համախոհն արհամարհական նայեց Չուգունին ու քմծիծաղով հարցրեց՝ «լավ ե՞ս հաշվել», եւ Չուգունը զզվանքով նայեց նախկին համախոհին ու քամահրանքով ասաց՝ «քոնը շատ լավ եմ հաշվել», եւ նախկին համախոհը զզվանքով նայեց Չուգունին ու արհամարհական ասաց՝ «մնում ա՝ քոնը լավ հաշվես» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «թե՞ մինչեւ հազարն ես հաշվել սովորել», եւ Չուգունը զզվանքով նայեց նախկին համախոհին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «թվաբանությունից շատ թույլ էի. մինչեւ հազարն եմ հաշվել սովորել» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «թե չէ՝ էրեսներիդ թիվը կարող ա միլիոնի էլ հասներ», եւ նախկին համախոհն արհամարհական նայեց Չուգունին ու քմծիծաղով ասաց՝ «ես էլ բարձրագույն մաթեմատիկայից եմ թույլ, դրա համար էլ էրեսներիդ թիվը չեմ կարա ասեմ», եւ Հովհաննեսը փռթկացնելով ասաց՝ «թվաբանությունից ու մաթեմատիկայից թույլ եք էղել, դրա համար էլ բանաստեղծ եք դառել», եւ նախկին համախոհը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հըլը հարց ա՝ բանաստեղծ դառե՞լ ենք, թե՝ չէ», եւ Չուգունն ասաց՝ «բանաստեղծ չեն դառնում. բանաստեղծ ծնվում են», եւ նախկին համախոհն արհամարհական նայեց Չուգունին ու քմծիծաղով հարցրեց՝ «մեր մեջից ո՞ր մեկս ա բանաստեղծ ծնվել», եւ Չուգունն արհամարհական նայեց նախկին համախոհին ու ասաց՝ «քեզ հարցրու», եւ նախկին համախոհը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ես էդ տեսակ բարդ հարցերին չեմ կարա պատասխանեմ», եւ մինչ Չուգունը կմտածեր՝ ինչ ասեր, սեղանակիցներից մեկն անսպասելի արտահայտվեց ու ասաց՝ «ես չգիտեմ՝ որ մեկս ա բանաստեղծ ծնվել, բայց որ Հովհաննեսն արձակագիր ա ծնվել, էդ մեկը հաստատ գիտեմ», եւ Հովհաննեսը զարմացած նայեց արտահայտվողին, մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «էդ լուրջ ես ասո՞ւմ, թե՞ քծնում ես», եւ արտահայտվողը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «լրիվ լուրջ եմ ասում, Հովհաննես ջան», եւ Չուգունն արհամարհական նայեց արտահայտվողին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «նորություն չես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «աշխարհը գիտի, որ Հովհաննեսը բնածին գրող ա», եւ Հովհաննեսը փռթկացնելով ասաց՝ «աշխարհն ու բոլորդ գիտեք, բայց ես նոր-նոր՝ ձեզնից եմ իմանում», եւ Չուգունը զարմացած նայեց Հովհաննեսին ու հարցրեց՝ «ի՞նչն ես նոր-նոր իմանում» եւ Հովհաննեսը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «նոր-նոր եմ իմանում, որ բնածին գրող եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դուք որ չասեիք, էլի չէի իմանալու», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու փնթփնթալով Հովհաննեսին ասաց՝ «էդ արդեն չեղավ», եւ Հովհաննեսը  զարմացած  հարցրեց՝ «ի՞նչը չեղավ», եւ Չուգունը փնթփնթալով Հովհաննեսին ասաց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ Հովհաննեսը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ եմ ձեռ առնում», եւ Չուգունը պատասխանեց ու ասաց՝ «ինձ», եւ Հովհաննեսը զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ ձեռ առնում», եւ Չուգունը բավական երկար մտածեց ու Հովհաննեսին ասաց՝ «քո արժանիքները դու ինձնից լավ գիտես», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «ո՞ր արժանիքներիս մասին ա խոսքը», եւ Չուգունը մի քիչ մտածելուց հետո պատասխանեց ու ասաց՝ «գրական», եւ նախկին  համախոհը փռթկացնելով ասաց՝ «գրական-գեղարվեստական», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու նախկին համախոհին ասաց՝ «դու շատ փոքր ես, որ Հովհաննեսին ձեռ առնես»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728